Մեկնաբանություն

12.11.2021 00:44


«Բանավոր փոխըմբռնվող» և «ամուր նյարդերով» Նիկոլը

«Բանավոր փոխըմբռնվող» և «ամուր նյարդերով» Նիկոլը

Նիկոլը շարունակում է տալ։ Հողերը։

Սկզբում տվեց Արցախի հողերը։ Հետո անցավ Հայաստանի հողերին։

Կառավարության նիստում նա հեղափոխական հպարտությամբ հայտարարեց, որ ադրբեջանցիները մաքսակետեր են տեղադրել Գորիս–Կապան ճանապարհի վրա։ Ապա ավելացրեց, որ իրենք այլընտրանքային ճանապարհ են կառուցել, որն ավելի լավն է ու մարդիկ ավելի շուտ կհասնեն Գորիսից Կապան (փաստորեն, Գորիս–Կապանի 21–կիլոմետրանոց հատվածի զիջումն էլ է Արցախի պետականության կորստի հետ միասին ներկայացվում որպես բարեբախտություն և նոր հնարավորություն՝ «Ապագա կա ապագա» կարգախոսի ներքո)։ Նիկոլը համարյա շնորհակալություն հայտնեց Ադրբեջանին՝ մեր ճանապարհի այդ հատվածը վերցնելու համար, քանզի նոր ճանապարհ կառուցելու մոտիվացիա է ստեղծել Նիկոլի համար ու ասֆալտի վրա փող աշխատելու հնարավորություն՝ Նիկոլի նեղ թիմի համար։

Նիկոլն առաջարկում է ուրախանալ, որ նոր ճանապարհ կա (իրականում այդ ճանապարհը համարժեք չի կարող փոխարինել Որոտանի հատվածում եղածին և հիմա խայտառակ խցանումներ են)։

Թքում են, իսկ նա անձրև է զգում

Եվ այսպես, Հայաստանը զիջել է տարածք Ադրբեջանին՝ Նիկոլ–Իլհամ բանավոր փոխըմբռնմանը հաջորդած թղթային պայմանավորվածությամբ, որը նախորդ տարվա դեկտեմբերին իրագործվել է տխրահռչակ ռեստորանային գեներալ Վաղարշակ Հարությունյանի միջոցով։

Նիկոլենք հիմա այս թեմայով իրենց սիրած «կռուտիտի» օգնությանն են դիմում։ Ասում են՝ եթե ադրբեջանական մաքսակետ չլիներ, ապա Սյունիքի միջանցք էինք տալու։ Իր ասելով ստացվում է, որ հայ ժողովուրդը պետք է գոհ ու շնորհակալ լինի Նիկոլից, որ մաքսակետ է տվել Ադրբեջանին։ Հասկանում եք, չէ՞, «կռուտիտը» որն է՝ «փրկել ենք Սյունիքի միջանցքը»։ Այնպես ինչպես «փրկեցին» 25 հազարի կյանքը։

Լավ է գոնե այս անգամ չեն ասել, թե բա ադրբեջանական մաքսակետերը դրեցին, քանզի այդ մասին գրված է եղել ՀՀ վարչատարածքային բաժանման օրենքով։ Թեև դեռ ժամանակ ունեն, դա էլ կասեն։ Ինչևէ։

Ադրբեջանը շարունակում է կրակել, տարածք գրավել, լկտիանալ։ Ի պատասխան այս ամենին՝ նիկոլենք ասում են՝ կրակոցների մասով ռուսներին դիմեք, տարածքների մասով սովետական քարտեզներին դիմեք, լկտիացման մասով էլ Ալիևին դիմեք։ Իրենց միակ դիրքորոշումն այն է, որ իրենք «Խաղաղության դարաշրջան» են ուզում։

Ալիևն ու Էրդողանը թքում են Նիկոլի ու նրա միջոցով Հայաստանի վրա, իսկ Նիկոլն ասում է, թե մեզ ամուր նյարդեր են պետք։ Այսինքն՝ երբ իր վրա թքում են, ինքն ասում է՝ անձրև է գալիս, քանզի ամուր նյարդեր ունի։ Իրականությունն այն է, որ դա ոչ թե ամուր նյարդերի, այլ արժանապատվության, պետական մտածողության ու այլ համանման բաների բացակայության մասին է խոսում։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը