Քաղաքական

11.11.2021 18:45


«Ես այդ ճանապարհով իմ ընտանիքին չեմ տանի, բա եթե ինչ-որ բան անեն ու վերցնեն՝ տանեն Բաքու, ո՞վ է պատասխան տալու». Ճակատենի վարչական ղեկավար

«Ես այդ ճանապարհով իմ ընտանիքին չեմ տանի, բա եթե ինչ-որ բան անեն ու վերցնեն՝ տանեն Բաքու, ո՞վ է պատասխան տալու». Ճակատենի վարչական ղեկավար

Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի վարչական ղեկավար Արա Հարությունյանի խոսքով՝ չի բացառվում, որ վաղը կամ մյուս օրն էլ թշնամին փակի Ճակատեն-Կապան ճանապարհահատվածը։

«Երեկ մինչև ժամը 12-ը փակվեց Կապան-Որոտան ճանապարհը, մինչև առավոտ Ճակատեն ճանապարհն էլ էր փակ, բայց փակել էին հայկական ուժերը՝ ժողովրդի անվտանգությունը պահպանելու համար։ Չգիտենք, թե թշնամին ինչ կարող է անել այդ պահին։ Գիշերը ժամը 1-ին գնացել եմ Ճակատենի ճանապարհով, ճիշտ է, չէին թողնում, բայց հատուկ մարդկանց ուղեկցությամբ թույլ էին տալիս։ Փառք Աստծո, այդ ճանապարհին որևէ թուրք չեմ տեսել։ Երեկ բոլորս անակնկալի եկանք Գորիս-Կապան ճանապարհի հետ կապված, հիմա կարող է մի օր էլ այստեղ մեզ անակնկալի բերեն, ես չեմ պատկերացնում՝ ինչպես գնամ, հասնեմ գյուղս, կամ գյուղացին ինչպես գնա փողը վճարի թշնամուն, նոր գնա իր գյուղ։ Իմ տրամաբանության, ուղեղի մեջ չի տեղավորվում այս ամենը, չեմ կարողանում հասկանալ։ Մեկ բանում վստահ եմ՝ հաստատ այսպես երկար չի կարող շարունակվել, ուզում է՝ այլընտրանքային ճանապարհ սարքեն, ուզում է՝ այլ բան սարքեն»,-168.am-ի հետ զրույցում ասաց Արա Հարությունյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության այսօրվա նիստում արած հայտարարությանը, որ Ադրբեջանն իր մաքսակետը ՀՀ տարածքում չի տեղադրել, Ճակատենի վարչական ղեկավարը նկատեց՝ չգիտեմ, թե երբվանից հայկական այդ հատվածը դարձրեցին ադրբեջանական։

«Միանշանակ սյունեցին չի կոտրվելու, ինչքան անցակետ ուզում է՝ թող դնեն։ Թող բերեն Կապանի մեջ էլ մի անցակետ դնեն, պրծնենք, չգիտեմ՝ Սյունիքն ուզում են կտրե՞լ, թե՞ այլ բան անել։ Մենք մեր անվտանգությունը կպահենք, անձամբ ես առաջինն եմ կանգնելու, ես ու իմ նման տղաները մինչև վերջ կանգնել ու այդ տարածքները պաշտպանել ենք, բայց այսօր ասում է, թե դրանք ադրբեջանական տարածք են։ Սա ինձ համար անընդունելի է, ԱԽ քարտուղարն էլ ասում է՝ թող փող վճարեն ու ադրբեջանական մաքսակետով անցնեն։ Բա դու երկու օր առաջ Կապան էիր եկել, գայիր այդ ճանապարհով՝ փող վճարեիր ու գայիր, ինչո՞ւ էիր Տաթևով եկել ու մեզ էլ ստիպում ես այդ ճանապարհն օգտագործել։ Ես այս ամենը չեմ հասկանում, ես հիմա պետք է իմ երեխային վերցնեմ, որ այդ ճանապարհով անցնե՞մ։ Ես այդ ճանապարհով իմ ընտանիքին չեմ տանի, բա եթե ինչ-որ բան անեն ու վերցնեն՝ տանեն Բաքու, ո՞վ է պատասխան տալու»,-հավելեց նա։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ բնակչության շրջանում խուճապ չկա, բայց ներքին անհանգստությունը միշտ էլ կա, հատկապես այն դեպքում, երբ գյուղերում թշնամու դիրքերը շատ մոտ են, օրինակ, Ճակատենում տուն կա, որից թշնամու դիրքի հեռավորությունն ուղիղ 300 մետր է։

«Ճանապարհն անցում ենք, թշնամին ծափ է տալիս, գոռում է՝ «օյ, այ» վանկարկումներ է անում, տհաճ է, նույնիսկ իրենց կանգնելու ձևն է տհաճ։ Այս ամենը շատ վատ է, ու չգիտեմ, թե Հայաստանն ուր է գնում, ինքս լավ բան չեմ զգում»,-եզրափակեց Արա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։

Այս խորագրի վերջին նյութերը