Տնտեսական

11.11.2021 10:57


Գյուղատնտեսությունն անկում է ապրում. «Ժողովուրդ»

Գյուղատնտեսությունն անկում է ապրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճում է, իսկ գյուղատնտեսությունը` անկում ապրում: Մեր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 9 ամիսների արդյունքներով, նվազել է 1.5 տոկոսով` կազմելով 619 մլրդ 373.2 մլն դրամ, ընդ որում՝ հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության և անասնաբուծության ոլորտում:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր երկրում այս տարվա 9 ամիսներին գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 647 մլրդ 394 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` նվազել է 1.3 տոկոսով: Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 358 մլրդ 528.7 մլն դրամ. այն անցած տարվա ցուցանիշից պակաս է 2.4 տոկոսով: Մասնագետները տևական ժամանակ բարձրաձայնում են` այս տարին բարենպաստ չէ գյուղատնտեսության համար, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ո՛չ խորհրդատվությամբ է գյուղացուն օգնում, ո՛չ դիզվառելիքով և ո՛չ էլ սերմացուով:

Ջուր չլինելու, դաշտերը չորանալու մասին ուղղակի չենք կարող մոռանալ: Այսօր բազմաթիվ են այն գյուղացիական տնտեսությունները, որոնք չեն կարողանում իրենց բոստանները անհրաժեշտ ծավալով ոռոգել, և զարմանալի չէ, որ բոստանային կուլտուրաների բերքի ծավալները սովորականից պակաս են ստացվել: Սա է նաև պատճառը, որ այսօր կարտոֆիլը, գազարը, կաղամբը թանկ են վաճառվում:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը