Քաղաքական

10.11.2021 20:28


Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում է, որ Ռուսաստանի խնդրանքով Հայաստանին է վերադարձրել շրջափակման մեջ հայտնված 60 զինծառայողի․ Երևանը հերքում է միջադեպի մասին լուրը

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում է, որ Ռուսաստանի խնդրանքով Հայաստանին է վերադարձրել շրջափակման մեջ հայտնված 60 զինծառայողի․ Երևանը հերքում է միջադեպի մասին լուրը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է Սյունիքի մարզի Սև լճի տարածքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպի մասին, ինչի հետևանքով, ըստ Բաքվի պնդման, շրջափակման մեջ է ընկել 60 հայ զինծառայող։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ նոյեմբերի 9-ի ցերեկը ՀՀ ԶՈՒ 60 զինծառայող, երկու զինվորական բեռնատարով շարժվելով Սև լճի ուղղությամբ, տեղակայվել են ադրբեջանական բանակի դիրքեր տանող ճանապարհի վրա, փակել են այն և փորձել ամրանալ այնտեղ։

Ըստ հաղորդագրության, ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն այդ տարածքում հավելյալ մարդուժ և զինտեխնիկա են տեղակայել, ինչի արդյունքում մոտ 60 հայ զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, նրանց բոլոր գործողությունները սահմանափակվել են։

«Առավոտյան, հաշվի առնելով ռուսական կողմի խնդրանքը, ադրբեջանցի զինծառայողները պայմաններ են ստեղծել նրանց վերադարձի համար»,-ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունում։

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունից «Արմենպրես»-ին հերքել էին տեղեկությունը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և որ հայ զինծառայողներ են ընկել շրջափակման մեջ։ Հայաստանի ՊՆ-ում այդ տեղեկությունը որակել էին բացարձակ սուտ։ ՊՆ-ից հայտնել էին նաև, որ իրադրությունը կայուն է և ամբողջությամբ գտնվում է հայկական ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը