Քաղաքական

10.11.2021 13:34


Ամանորի տոներին ոչ աշխատանքային կլինի նաև հունվարի 2-ը

Ամանորի տոներին ոչ աշխատանքային կլինի նաև հունվարի 2-ը

Ագային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց կառավարության ներկայացրած «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է, որ ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը:

«Մենք առաջինից երկրորդ ընթերցմամբ ուզում ենք առաջարկել փոփոխություն կատարել և հունվարի 2-ը ևս ընդգրկել ոչ աշխատանքային օրերի ցուցակում»,-ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագամավոր Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ իրենք առաջարկել էին հունվարի 2-ը և 7-ը թողնել ոչ աշխատանքային: Պատգամավորը հիշեցրեց նաև, որ Մայր Աթոռը նույնպես առաջարկել էր ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 5-ը և 7-ը:

«Էկոնոմիկայի նախարարությունը շատ կարևորում է պետություն-մասնավոր երկխոսությունը, նախագիծը քննարկվել է նախարարության ՓՄՁ ենթախորհրդում, բազմաթիվ ասոցիացիաների հետ հանդիպումների ընթացքում: Այնուամենայնիվ, այն փիլիսոփայությունը, որ դրել ենք այս օրենքի փոփոխության մեջ, որոշում է կայացվել այսպիսի տարբերակով առաջ գնալ»,-ասաց Քերոբյանը:

«Փաստորեն, Էկոնոմիկայի նախարարությունը չի ընդառաջել Հայ առաքելական եկեղեցու՝ Մայր Աթոռի առաջարկներին»,-արձագանքեց Աղվան Վարդանյանը:

«Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանն էլ ընդգծեց՝ պետք է ունենալ այնպիսի իրավական մշակույթ, երբ Մայր Աթոռի կողմից ներկայացվող առաջարկները պետք է ջանասիրաբար քննարկման առարկա դառնան:

«Մայր Աթոռը չի կարող ստանձնել օրենսդիր իշխանության գործառույթը, բայց կարող է իր հեղինակությամբ, իր խոսքով ուղենիշային լինել: Ես կարծում էի, որ նման հայտարարությունը և առաջարկը, որ Մայր Աթոռից ներկայացվել էր, պետք է որ էական նշանակություն ունենար»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ըստ նրա՝ այդ նախագիծն այդ փոփոխություններով ընդունելի չէ: Նա հիշեցրեց, որ նախագիծը մշակվել էր դեռ 2017-2018 թթ՝ այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից:

«Սակայն այդ նախագծի շրջանակում էլ հաշվի էր առնվում մեռելոցի օրվա հետ կապված տրամաբանությունը և խորհուրդը: Հիմա այս պարագայում ինչո՞ւ է դրանից այդպիսի դիմադրություն ցուցաբերվում, ինձ համար հասկանաալի և ընդունելի չէ: Ինչ պետք է լինի, որ այսպիսի դիմադրություն դրա նկատմամբ ցուցաբերվի՝ առավել ևս պատերազից հետո»,-ասաց պատգամավորը:

Վահան Քերոբյանն էլ հայտարարեց, թե նոյեմերի 9-ի հայտնի հայտարարությունից անցել է ուղիղ 1 տարի, իսկ դրա մեջ նշված է նաև 5 տարի ժամկետ՝ որոշակի գործողություններ անելու համար:

«Եվ ակնհայտ է, որ Հայաստանը պետք է այդ 5 տարվա մեջ մաքսիմալ ուժեղանա: Այդ տեսանկյունից «առավել ևս պատերազմից հետո» արտահայտությունը մենք ընկալում ենք, որ պետք է միայն հնարավորինս շատ աշխատել, ամրապնդվել, որպեսզի այն մարտահրավերները, որոնք կան, կարողանանք հաղթահարել: Մեր զոհված եղբայրների հիշատակը լավագույնս պատվելու եղանակը հզոր հայրենիք ունենալն է»,-ասաց նախարարը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ի Կառավարության նիստում որոշում էր ընդունվել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին։

Ըստ դրա՝ Ամանորի և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)։ Այդ օրերը ոչ աշխատանքային կլինեն։

Իսկ հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր են սահմանվում։

Կառավարությունում կարծում են, որ օրենքի ընդունումը կապահովվի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը, ինչը դրական ազդեցություն կունենա առևտրի, արդյունաբերության, ծառայությունների թողարկման ծավալի և այլ բնագավառների վրա։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը