Քաղաքական

10.11.2021 11:14


Նմանատիպ համաձայնության կարելի էր հասնել առանց արյունահեղության. դա Փաշինյանի մեծ ձախողումն է. Թոմաս դե Վաալ

Նմանատիպ համաձայնության կարելի էր հասնել առանց արյունահեղության. դա Փաշինյանի մեծ ձախողումն է. Թոմաս դե Վաալ

Սրանում է պատերազմի ողջ ողբերգությունը, որ իրականում հնարավոր էր առանց արյունահեղության հասնել շատ նման համաձայնության։ Սա թերևս Նիկոլ Փաշինյանի մեծ ձախողումն է: Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը՝ պատասխանելով հարցին` արդյոք հնարավո՞ր էր նման արդյունքի հասնել առանց պատերազմի։

«Սկզբունքորեն, իհարկե, դա հնարավոր էր։ Սա է պատերազմի ողջ ողբերգությունը, որ իրականում հնարավոր էր առանց արյունահեղության, առանց ութ հազար կյանք կորցնելու հասնել նմանատիպ համաձայնության։ ԵԱՀԿ Մինսկի խմբում կար շրջանակային փաստաթուղթ, և դա երևի երկու կողմերի մեղքն է, որ երկար տարիներ լրջորեն չեն զբաղվել դրանով, որ չեն գնացել իրար ընդառաջ։ Սա, հավանաբար, Նիկոլ Փաշինյանի մեծ ձախողումն է, որ առավելություն ունենալով` ընտրություններում ժողովրդավարական հաղթանակի տեսքով, հայ ժողովրդի առջև ունենալով լեգիտիմություն, այդքան քիչ բան արեց Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Տպավորություն է, որ նա զբաղվում էր միայն Հայաստանի ներքին խնդիրներով, մինչդեռ Ադրբեջանը պատրաստվում էր նոր պատերազմի։ Կրկնում եմ՝ մեղքը երկու կողմերինն է, և միամտություն կլինի ակնկալել, որ նման արյունահեղությունից հետո կարելի է պարզապես նստել ու խաղաղության պայմանագիր կնքել։ Բայց պետք է սկսել գործընթացը, և դա, առաջին հերթին, Ադրբեջանի պատասխանատվությունն է։ Չնայած նա ստացել է նման առավելություն` մենք չենք տեսնում նրա ցանկությունը դադարեցնել հակամարտությունը և նվազեցնել ճնշումը Հայաստանի վրա»,-ասել է նա։

Հարցին ի պատասխան` արդյոք ստեղծված իրավիճակը երկարաժամկետ նոր ստատուս քվո է, թե մոտ ապագայում այն ​​կփոխվի, դե Վաալը նշել է, որ «հաջորդ ժամկետը 2025 թվականն է, երբ լրանում է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության մանդատը»։ «Իհարկե, այն ենթակա է հինգ տարով երկարաձգման, բայց Ադրբեջանն ունի վետոյի իրավունք։ Ղարաբաղի հայերը կփորձեն մնալ իրենց տանն առավելագույն հնարավոր փաստացի կարգավիճակով։ Ադրբեջանն առավելագույն ճնշում կգործադրի հայերի և ռուս խաղաղապահների վրա: Չեմ կանխատեսում, որ անշուշտ նոր հակամարտություն կսկսվի, եթե լուրջ չզբաղվել այս հարցով։ Այսպես ասենք,եոս կարող եմ ապակայունացում կանխատեսել մինչև 2025 թվականը»:

Նրա խոսքով` որտեղ Ռուսաստանը խաղաղապահ առաքելություններ է սկսում, երկար է այնտեղ մնում։ «Դա քաղաքական ձախողում կլիներ Ռուսաստանի կողմից, եթե նրանք անպաշտպան թողնեին Ղարաբաղի հայերին։ Կարծում եմ՝ Մոսկվան լուրջ են դրան վերաբերում։ Բայց մեկ այլ հարց է, որ Մոսկվայի և Բաքվի միջև մեծ սակարկություն կլինի, այդ սակարկությունը կտարվի ոչ միայն Ղարաբաղի շուրջ։ Այն կարող է շոշափել այլ, բոլորովին պատահական հարցեր»:

Խոսելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին՝ փորձագետը նշեց, որ կան կարևոր հրատապ հարցեր՝ ռազմագերիների հարցը, ականապատ դաշտերի հարցը և այլն։ «Կարծում եմ, որ Ռուսաստանը նման հանդիպում կանցկացնի, եթե այդ հարցերում տեղաշարժ լինի։ Օրինակ՝ եթե հնարավոր լինի ազատել մի քանի հայ գերու։ Բայց գլխավոր խնդիրը Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի միջոցով հաղորդակցությունն է։ Մոսկվան այս հարցում իրեն հանգիստ է պահում, բայց հանգիստ պահել չի ​​նշանակում ոչինչ չանել։ Կարծում եմ՝ աշխատանք է ընթանում հարցի ինչ-որ փոխզիջումային լուծման ուղղությամբ։ Պահ կգա, և այդ մասին կհայտարարվի»։

Նրա կարծիքով` եթե ամենահրատապ՝ Նախիջևան տանող ճանապարհների հարցը լուծվի, հնարավոր կլինի քննարկել նաև այլ երթուղիներ։ «Օրինակ՝ Նախիջևան-Երևան-Գյումրի-Կարս (Թուրքիա) երթուղին, որը կարևոր է բոլորի համար, քանի որ այն կապում է Հայաստանը, Թուրքիան, Նախիջևանը և Իրանը Ռուսաստանի հետ։ Ինչ վերաբերում է Իջևան-Ղազախ հատվածին, ինձ ասում են, որ սա ադրբեջանցիների համար առաջնահերթ երկաթգիծ չէ։ Նախ կլուծեն Մեղրիով ճանապարհի հարցը, իսկ հետո` մնացածը»։

Անդրադառնալով «3+3» նախաձեռնությանը՝ Թոմաս դե Վաալը նշել է, որ նման նախագծերին այնքան էլ լուրջ չի վերաբերվում, հատկապես՝ Թուրքիայի կողմից։ «Սա Կովկասը տարածաշրջանային ուժերի ազդեցության գոտի հայտարարելու և Եվրամիությունն ու ԱՄՆ-ն ամբողջությամբ բացառելու այնքան էլ լուրջ փորձ չէ ։ Սա, իհարկե, անընդունելի է Վրաստանի համար։ Կարծում եմ, որ հայերն ու ադրբեջանցիները նույնպես չեն ցանկանա ամբողջությամբ բացառել արևմտյան շահերը տարածաշրջանում»։

Պատասխանելով հարցին` կա արդյոք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնման հեռանկար անկախ Ադրբեջանից, թե՞ Թուրքիան և Ադրբեջանը դաշինք են, որը պետք է որպես մեկ ամբողջություն դիտարկել, նա ասաց, որ այժմ Ադրբեջանն ունի իր ուժեղ ձայնը։ «Կարծում եմ, որ Թուրքիան առանց Ադրբեջանի համաձայնության ոչինչ չի անի։ Մի կողմից Ադրբեջանն ասում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը բխում է իրենց շահերից։ Մյուս կողմից, նրանք ցանկանում են շարունակել ճնշումները հայերի վրա՝ որոշակի արդյունք ստանալու համար։ Դա նշանակում է, որ նորից պետք է նախ լուծել տրանսպորտային հաղորդակցության հարցը, հետո նոր միայն գալ հայ-թուրքական հարաբերությունների հարցին։ Փաշինյանի իշխանությունը դա է ուզում և զգույշ է գնում դրան»։

Աղբյուրը՝news.am

Այս խորագրի վերջին նյութերը