Քաղաքական

10.11.2021 10:53


Մարությանի ստվերային կադրերը․ քաղաքապետարանում մութ գործարքներ են կատարվում բավականին հանդուգն կերպով

Մարությանի ստվերային կադրերը․ քաղաքապետարանում մութ գործարքներ են կատարվում բավականին հանդուգն կերպով

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը մի քանի ամիս է՝ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է: Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանից էլ են հաստատում՝ նշելով, որ քաղաքապետ Հայկ Մարությանի՝ դեռևս սեպտեմբեր ամսին տված հանձնարարականի հիման վրա՝ Վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացրել Գրիգորյանի ղեկավարած կառույցում:

«Ուսումնասիրության նյութերը հոկտեմբեր ամսվա վերջին փոխանցվել են իրավապահ մարմիններին՝ բոլոր հանգամանքները պարզելու և համապատասխան ընթացք տալու համար»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ չմանրամասնելով, թե ուսումնասիրությունից հետո իրավապահներին մասնավորապես ինչ տեղեկություններ են փոխանցվել: Մեր ունեցած տեղեկություններով՝ Գրիգորյանը, որ, ըստ տարածված լուրերի, քաղաքապետի կնոջ ընկերուհու ամուսինն է, պատերազմի ժամանակ բանակի խնդրանքը չի կատարել:

«Բանակի ներկայացուցիչները Գրիգորյանին խնդրել են իրենց փոխանցել աղբահանություն իրականացնող բեռնատարների անվադողերը՝ սահմանին ամրաշինական աշխատանքներ իրականացնելու համար: Հիմնարկի տնօրենը, սակայն, նախընտրել է այն մի քանի հազար դրամով վաճառքի հանել,-«Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց ԱԱԾ-ին մոտ կանգնած աղբյուրը՝ հավելելով։- Այս պահին նույնպես իրավապահները հետաքրքրված են Գրիգորյանով: Չի բացառվում, որ նա առաջիկայում ձերբակալվի»: «Ժողովուրդ» օրաթերթը վերոնշյալ տեղեկությունները ճշտելու համար փորձեց պարզաբանում ստանալ հենց Արմեն Գրիգորյանից։ Նա, սակայն, հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ հորդորելով մամուլի քարտուղարին դիմել: Վերջինս տեղեկացրեց, որ անվադողերի հետ կապված պատմությունից անտեղյակ է:

Կարապետյանը հերքեց նաև, որ Գրիգորյանի ու Մարությանի կանայք մտերիմ ընկերուհիներ են: Հայկ Մարությանին ենթակա աշխատակիցները, որ 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո, իբրև թե, եկել էին վերջ դնելու կոռուպցիային, փաստորեն, ԱԱԾ ուշադրության կենտրոնում են հայտնվել: Դա վկայում է այն բանի մասին, որ Մարությանի հայտարարությունները, թե քաղաքապետարանում մութ գործարքներ չեն լինելու, ուղղակի հայտարարություններ են մնացել: Դրանք ոչ միայն լինում են, այլ արվում են բավականին հանդուգն եղանակով:

Ի դեպ, այս հիմնարկը, որի տնօրենը կոռուպցիոն գործարքների կիզակետում է, ստեղծել է հենց Մարությանը իր հավատարիմներով: Նրանք դաշտից դուրս թողեցին «Սանիտեկ» ընկերությանը, ինչի առիթով դատարաններում դեռ քաղաքային իշխանությունը պետք է պատասխան տա»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը