Քաղաքական

09.11.2021 21:34


Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման ժամանակ հայ ժողովրդի թիկունքում գործարքներ չեն լինի․ ՀՀ-ում ՌԴ դեսպան

Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման ժամանակ հայ ժողովրդի թիկունքում գործարքներ չեն լինի․ ՀՀ-ում ՌԴ դեսպան

Ռուսաստանը կշարունակի աշխատել Ադրբեջանից հայ ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի եւ 24News-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Դուք գիտեք, որ այս թեման մշտապես գտնվում է ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի ղեկավարության, խաղաղապահների ուշադրության կենտրոնում։ Ոչ վաղ անցյալում Հայաստան է վերադարձվել 5 անձ, այս աշխատանքները շարունակվումեն»,-ասել է դեսպանը։

Կոպիրկինի խոսքով՝ հարցն առաջնահերթություններից է, եւ Մոսկվան կշարունակի զբաղվել դրանով։ Դեսպանը հիշեցրել է, որ Ռուսաստանը մշտապես հանդես է եկել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ «Մենք աշխատում ենք այնպես, ինչպես զարգանում է իրավիճակը: Բայց կրկնում եմ՝ աշխատանքը շարունակվում է եւ շարունակվելու է։ Հուսով եմ ՝ խնդիրը կլուծվի»,-ասել է նա։

Դիվանագետը վստահեցրել է, որ Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման ժամանակ հայ ժողովրդի թիկունքում գործարքներ չեն լինի։ Ըստ Կոպիրկինի՝ մեկ տարի առաջ կնքված համաձայնությունն աշխատում է՝ թեեւ ոչ առանց խնդիրների ու ողբերգական միջադեպերի։

«Հակամարտության ներուժի, տասնամյակներ շարունակ կուտակված հուզական լարվածության ֆոնին եւ մեկ տարի առաջ տեղի ունեցած ողբերգության ֆոնին՝ կարելի է ասել, որ պայմանավորվածությունները գործում են եւ կարեւոր դերակատարում ունեն»,-նշել է նա։

Դեսպանը հիշեցրել է, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների մշակման համար 2021 թվականի հունվարի 11-ին հայտարարություն է ընդունվել, որի համաձայն ստեղծվել է աշխատանքային խումբ՝ հաղորդակցությունները բացելու համար։ Նրա խոսքով՝ աշխատանքը հեշտ չէ, դրանք կառուցված են երխոսության վրա։ «Հայ ժողովրդի թիկունքում գործարքներ չկան, չկա դավաճանություն...իհարկե, նման տրամաբանության մասին խոսք լինել չի կարող»,-նշել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը շատ զգույշ է աշխատում՝ հարգելով երկու կողմերի ինքնիշխանությունը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը