Աշխարհ

09.11.2021 21:28


«Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է փոխլրացնեն միմյանց». Թուրքիայի խորհրդարանի նախագահ

«Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է փոխլրացնեն միմյանց». Թուրքիայի խորհրդարանի նախագահ

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունները երկխոսության պատրաստակամության մասին, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը:

«Մենք ողջունում ենք նաև ադրբեջանցի և հայ խորհրդարանականների միջև շփումների սկիզբը»,-Անկարայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելթի հետ հանդիպմանը հայտարարել է Շենթոփը։

Ըստ նրա՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքները «նոր էջ են բացել Հարավային Կովկասի պատմության մեջ»։

Թուրքիայի խորհրդարանի նախագահը նշել է, որ «խաղաղությունն ու կարգավորումը բխում են տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից»։

«Դա վերաբերում է նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի կողմից անկեղծ քայլերի դեպքում Անկարան պատրաստ է աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Երևանի հետ։ Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է փոխլրացնեն միմյանց»,-վստահ է Շենթոփը։

Միևնույն ժամանակ, նա կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ նախագահության հատուկ ներկայացուցչին հաշվի առնել նոր իրողությունները:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը