Տնտեսական

09.11.2021 19:06


2022թ․ բյուջեի հակասոցիալական նախագծի վերաբերյալ․ ամփոփ գնահատումներ ու առաջարկություններ

2022թ․ բյուջեի հակասոցիալական նախագծի վերաբերյալ․ ամփոփ գնահատումներ ու առաջարկություններ

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ՀՀ 2022թ բյուջեի նախագծի վերաբերյալ իմ ամփոփ գնահատումներն ու դրանցից բխող կոնկրետ առաջարկություններն անհրաժեշտ հիմնավորումներով ներկայացրել եմ նախագծի հեղինակներին։

Հարկ եմ համարում հրապարակել նշված գնահատումներն ու առաջարկությունները՝ վարվող բյուջետային հակասոցիալական քաղաքականության մի շարք խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները նաև այս ձևով հանրայնացնելու նպատակով։

Միաժամանակ, պատրաստվում եմ ստանալուն պես հրապարակել նախագծի հեղինակների դիրքորոշումները՝ իմ ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ։

Ա Ընդհանուր ցուցանիշներ և գնահատումներ

1 ՀՀ 2022թ․ բյուջեի նախագծով նախատեսված է՝

  • ընդհանուր եկամուտները՝ 1,946 տրիլիոն դրամ, 2021թ․ համեմատ 28,9 տոկոսով աճ,
  • ընդհանուր ծախսերը՝ 2,189 տրիլոն դրամ, 2021թ․ համեմատ 18,3 տոկոսով աճ,
  • դեֆիցիտը՝ 243 մլրդ դրամ, 2021թ․ համեմատ 28,8 տոկոսով նվազում։

2 ՀՀ 2022թ․ բյուջեի նախագծով սպառողական գների միջին աճի ցուցանիշը (ՍԳԻ) 2021թ համար կանխատեսվում է 7 տոկոս, իսկ 2022թ համար թիրախավորված է 5,5 տոկոս։ Փաստորեն, 2021-2022թթ սպառողական գների միջին աճը կանխատեսվում է 12,5 տոկոս։

Պաշտոնական վիճակագրության վերջին տվյալներով 2021թ․ հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդեն իսկ արձանագրվել է ՍԳԻ-ի 6,9 տոկոս ցուցանիշը։

Առաջանցիկ գնաճը շարունակվում է․ 2021թ․ հոկտեմբերը՝ 2020թ․ հոկտեմբերի նկատմամբ ՍԳԻ-ին կազմել է 9,1 տոկոս, իսկ 2021թ․ սեպտեմբերի նկատմամբ 0,7 տոկոս։

Մեր առարկայական գնահատումներով․ գնաճի այս տեմպերի պարագայում, այս տարվա վերջում՝ 2021թ․ հունվար-դեկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՍԳԻ-ին կհասնի շուրջ 7,5 տոկոս։

3 Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի համար նախատեսված է 580 միլիարդ դրամի ծախս (ներառյալ կառավարման ապարատի պահպանման ծախսերը)։ 2022թ․ պետական բյուջեի նախագծով ոլորտի ծրագրերին հատկացվող ծախսերի աճի և նվազման արդյունքում՝ 2021թ․ համեմատ ընդհանուր զուտ աճը կազմում է շուրջ 15 տոկոս կամ 76,2 մլրդ դրամ, իսկ սոցիալական ընթացիկ ուղղակի ազդեցություն ունեցող ծախսերի զուտ աճը՝ շուրջ 38 մլրդ դրամ կամ 7,5 տոկոս։

4 Փաստորեն․ ՀՀ 2022թ․ բյուջեի նախագծով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվելիք և սոցիալական ուղղակի ազդեցություն ունեցող ծախսերի զուտ աճը (7,5 տոկոս) շուրջ 2,5 անգամ պակաս է ընդհանուր ծախսերի նախատեսվող աճից, իսկ շուրջ 4 անգամ էլ պակաս է նախատեսվող ընդհանուր եկամուտների աճից։

Սրա հետևանքով, խորացող սոցիալական խնդիրների ֆոնին ոլորտին հատկացվող ծախսերի հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ 2022թ․ նվազելու է 0,5 տոկոսային կետով՝ դառնալով 7,4 տոկոս, իսկ տեսակարար կշիռը բյուջեի ծախսերի ամբողջ ծավալում նվազելու է 0,7 տոկոսային կետով՝ դառնալով 26,6 տոկոս։

Բ Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտ ծրագրային ցուցանիշներ և գնահատումներ

Ստորև ամփոփ գնահատված են ՀՀ 2022թ․ բյուջեի նախագծով նախատեսված՝ ոլորտի ծախսային ծրագրային ուղղությունների 2022թ փոփոխությունները (աճ/նվազում)՝ 2021թ․ համեմատ։

5 Ոլորտի ծրագրային որոշ հիմնական ուղղությունների գծով նախատեսված է պետական ծախսերի նվազում՝ ընդհանուր 13,5 միլիարդ դրամով, մասնավորապես․

1) պարգևավճարներ և պատվովճարներ առանձին կատեգորիայի քաղաքացիներին և նրանց ընտանիքներին (11 մլրդ դրամ), նվազում՝ -272 մլն դրամ, շահառուների թիվը՝ -1000,

2) անապահով սոցիալական խմբերին աջակցություն (անապահովության նպաստ՝ 30,9 մլրդ դրամ), նվազում՝ -6,3 մլրդ դրամ։ Նպաստի միջին ամսական չափը նույնն է՝ 31350 դրամ,

3) սոցիալական փաթեթների ապահովում պետական աշխատողներին (9,95 մլրդ դրամ), նվազում՝ -670 մլն դրամ, շահառուների թիվը՝ -17000,

4) խնամքի ծառայություններ 18 տարեկանից բարձր տարիքի անձանց (2,98 մլրդ դրամ), նվազում՝ -129 մլն դրամ,

5) աշխատավայրում դժբաժտ դեպքերի և մասնագիտական հիվանդության հետևանքով վնասի հատուցում (68,5 մլն դրամ, 278 շահառու), նվազում՝ -8 մլն դրամ, շահառուների թիվը՝ -31,

6) զբաղվածության աջակցություն (1,56 մլրդ դրամ), նվազում՝ -534 մլն դրամ, ծրագրերի թիվ՝ -3,

7) բնակարանային ապահովում (780 մլն դրամ), նվազում՝ -780 մլն դրամ,

8) ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցություն (3,32 մլրդ դրամ), նվազում՝ -379 մլն դրամ,

9) կենսաթոշակային ապահովություն (384,5 մլրդ դրամ), աճ՝ +31,8 մլրդ դրամ։ Սակայն աճել է նաև պարտադիր կուտակայինին պետության հատկացումը՝ +36,2 մլրդ դրամով, որի հետևանքով ընթացիկ կենսաթոշակային ապահովման ծախսերը (առանց պարտադիր կուտակային հատկացումների) նվազել են 4,4 մլրդ դրամով։ Կենսաթոշակների և նպաստների չափերի նախատեսվող փոփոխություններ են՝

  • հիմնական կենսաթոշակի չափը 18000 դրամ, չի բարձրանում,
  • աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը` մինչև 10 տարվա համար` 950 դրամ, 10 տարուց ավելի` 500 դրամ, չի բարձրանում,
  • զինվորական ծառայության մեկ տարվա արժեքը՝ 1600 դրամ, չի բարձրանում,
  • պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերի աճերը՝ 1-ին խումբ՝ 43000 դրամ (+3000 դրամ), 2-րդ խումբ՝ 33000 դրամ (+3000 դրամ), 3-րդ խումբ՝ 30000 դրամ (+3000 դրամ),
  • պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի չափը՝ 30000 դրամ (աճը՝ 3000 դրամ),
  • պետական պաշտոն զբաղեցրած անձանց հիմնական կենսաթոշակի չափը 14000 դրամ, ստաժի մեկ տարվա արժեքը՝ 5000 դրամ, չի բարձրանում,
  • նվազագույն կենսաթոշակի չափը՝ 28600 դրամ (աճը՝ 2100 դրամ, որը վերաբերում է աշխատանքային կենսաթոշակառուների 2,5 տոկոսին),
  • ծերության, հաշմանդամության, կերակրողը կորցնելու դեպքում նպաստներ՝ 28600 դրամ (աճը՝ 2100 դրամ),
  • հաշմանդամ երեխաների նպաստ՝ 37000 դրամ (աճը՝ 10500 դրամ),
  • երկկողմանի ծնողազուրկ երեխայի դեպքում կերակրողը կորցնելու դեպքում նպաստի չափը՝ 90000 դրամ չի բարձրանում:

6 Փաստորեն․ շուրջ 585000 կենսաթոշակառուներից ու սոցիալական նպաստառուներից նախատեսվում է բարձրացնել ընդամենը 100000-ի կամ 17 տոկոսի նպաստների ու կենսաթոշակների չափերը՝ 2-3 հազար դրամով։

7 Ոլորտում ծախսային շուրջ 38,5 միլիարդ դրամի աճ ապահովված ծրագրերը չունեն սոցիալական ընթացիկ ուղղակի ազդեցություն, մասնավորապես․

1) պարտադիր կուտակային հատկացումներ (106,2 մլրդ դրամ), աճը՝ 36,2 մլրդ դրամ,

2) կառավարման ապարատի պահպանման ծախսեր (7,17 մլրդ դրամ), աճը՝ 1,55 մլրդ դրամ,

3) ՀԲ վարկային ծրագրով սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխում (3,1 մլրդ դրամ), աճը՝ 0,8 մլրդ դրամ։

8 Սոցիալական ընթացիկ ուղղակի ազդեցություն ունեցող ծախսային հետևյալ ուղղությունների համար նախատեսված է շուրջ 51,5 մլրդ դրամի աճ, մասնավորապես․

1) Սոցիալական ապահովություն (70,52 մլրդ դրամ), աճը՝ 39,7 մլրդ դրամ, որից 34,7 մլրդ դրամը, որպես նոր ծրագիր, ուղղվելու է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը 44-օրյա պատերազմի հետևանքով պատճառված վնասների հատուցմանը։

2) Ժողովրդագրական վիճակի բարելավում (31,4 մլրդ դրամ), աճը՝ +6,2 մլրդ դրամ, որից՝

  • 700 մլն դրամով կավելանա երեխայի խնամքի նպաստին ուղղվող միջոցները, որի արդյունքում այս նպաստի ամսական չափը՝ 26500-ից կդառնա 28600 դրամ,
  • 700 մլն դրամով կավելանա բազմազավակ և երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովությանը աջակցությունը (կդառնա 1,2 մլրդ դրամ),
  • 2,929 մլրդ դրամով կիրականացվի նոր ծրագիր՝ 3-րդ և հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ մինչև երեխայի 6 տարեկանը դրամական աջակցություն՝ ամսական 50000 դրամ:

3) Սոցիալական աջակցություն անաշխատունակության դեպքում (18,8 մլրդ դրամ), աճը՝ +4,4 մլրդ դրամ, որը պայմանավորված է հիմնականում անաշխատունակության պլանավորված օրերի թվի աճով։

4) Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն (պրոթեզ, օրթեզ, քայլակ, անվասայլակ, լսողական սարք՝ 2,26 մլրդ դրամ), աճը՝ +1 մլրդ դրամ։

5) Ավանդների փոխհատուցում (1,52 մլրդ դրամ), աճը՝ +300 մլն դրամ։

9 Փաստորեն, սոցիալական ընթացիկ ուղղակի ազդեցություն ունեցող ծախսերի որոշ ուղղություններ աճել են 51,5 մլրդ դրամով, իսկ որոշ ուղղություններ նվազել են 13,5 մլրդ դրամով, իսկ զուտ աճը կազմել է ընդամենը՝ 38 մլրդ դրամ կամ 2021թ․ ոլորտին հատկացված ծախսերի ընդամենը 7,5 տոկոսը։ Առավել հատկանշական է, որ ՀՀ 2022թ․ բյուջեի նախագծով նախատեսված է 4,4 մլրդ դրամի չափով ընթացիկ կենսաթոշակային ապահովման ծախսերի (առանց պարտադիր կուտակային հատկացումների) կրճատում։

10 Մյուս կողմից՝ 2021-2022թթ փաստացի և կանխատեսվող սպառողական գների միջին աճի սոցիալական հետևանքները էական և ուղղակի են։ Այս հետևանքներն արտահայտվել և արտահայտվելու են բնակչության իրական եկամուտների նվազման միջոցով։

Հետևանքներն առավել առարկայական և խորն են հատկապես այն ընտանիքների և քաղաքացիներ համար, որոնց մեկ անձի հաշվով միջին ամսական եկամուտների չափը առանց այն էլ ցածր է նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքից՝ աղքատներ, ծայրահեղ աղքատներ, թոշակառուներ, աշխատող աղքատներ։ Ընդ որում՝ 2021թ․ 3-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը կազմել է 70551 դրամ։ Միջին գնաճի, հատկապես առաջին անհրաժեշտության սննդամթերքի գների թռիչքային աճերի հետևանքով շարունակաբար աճում է նաև նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը։ Մասնավորապես, ՀՀ 2022թ․ բյուջեի նախագծով ներկայացված ՍԳԻ կանխատեսվող և թիրախային ցուցանիշների հաշվառմամբ՝ 2022թ ավարտին մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը կկազմի շուրջ 80000 դրամ։

Նման գնաճային բարձր ճնշումների պարագայում հակասոցիալական ակնհայտ մոտեցում է այն, որ ՀՀ 2022թ․ բյուջեի նախագծով անփոփոխ են թողնվում անապահովության նպաստների չափերը (միջին ամսական չափը՝ 31350 դրամ), նվազագույն ամսական աշխատավարձի չափը (68000 դրամ՝ առանց եկամտահարկի և պարտադիր սոցիալական վճարների), հանրային ծառայողների բազային աշխատավարձի չափը (66140 դրամ, ներառյալ եկամտային հարկը և պարտադիր սոցիալական վճարները), 585000 կենսաթոշակառուների ու սոցիալական նպաստառուների շուրջ 83 տոկոսին վճարվող կենսաթոշակների և նպաստների չափերը։ Հարկ է նշել, որ նշված չափերը չեն ավելացել նաև 2021թ-ին։

Այլ կերպ և պարզ ասած՝ սոցիալապես խոցելի խմբերի մեր հայրենակիցները 2021թին ավելի վատ են ապրել, քան նախորդ տարին, ՀՀ 2022թ․ բյուջեի նախագիծը կառավարության ներկայացրած ցուցանիշներով ընդունելու պարագայում էլ ավելի վատ կապրեն 2022թին՝ այս տարվա համեմատ։

Գ Առաջարկություններ ՀՀ 2022թ բյուջեի նախագծի վերաբերյալ

11 Ելնելով վերը բերված առարկայական գնահատումներից և ակնհայտ հիմնավորումներից (2021-2026թթ․ կառավարության ծրագրի խոստումները սոցիալական պաշտպանության ոլորտի վերաբերյալ, ՀՀ 2022թ․ բյուջեի նախագծով նախատեսված ընդհանուր եկամուտների, ծախսերի առաջանցիկ աճը աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերի համեմատ, ոլորտի ծրագրային որոշ հիմնական ուղղությունների գծով նախատեսված ծախսերի նվազումը, ոլորտում ներառված սոցիալական ընթացիկ ուղղակի ազդեցություն չունեցող ծախսերի էական աճը, առաջանցիկ փաստացի և թիրախավորված գնաճի ցուցանիշները, ՀԲ կողմից գնահատված՝ Հայաստանում աղքատության մակարդակի աճը շուրջ 7 տոկոսային կետով և այլն)՝

ՀՀ 2022թ բյուջեի նախագծի վերաբերյալ ներկայացնում եմ հետևյալ առաջարկությունները

1) նվազագույն ամսական աշխատավարձի և հանրային ծառայողների բազային աշխատավարձի չափերի բարձրացում՝ առնվազն 12,5 տոկոսով՝ 2021-2022թթ․ սպառողական գների միջին աճի կանխատեսվող չափով,

2) առանձին կատեգորիայի քաղաքացիներին և նրանց ընտանիքներին պարգևավճարների և պատվովճարների չափերի բարձրացում՝ առնվազն 12,5 տոկոսով՝ 2021-2022թթ․ սպառողական գների միջին աճի կանխատեսվող չափով,

3) անապահովության նպաստների չափերի բարձրացում առնվազն այն չափով, որ նպաստի միջին ամսական չափը (31350 դրամ) պակաս չլինի 2022թ․ կանխատեսվող պարենային զամբյուղի միջին ամսական արժեքից (2021թ․ 3-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով պարենային զամբյուղի ամսական արժեքը կազմել է 38136 դրամ),

4) պետական աշխատողներին սոցիալական փաթեթների ապահովման ծրագրում շահառուների նոր խմբերի ավելացում՝ առնվազն 670 մլն դրամ գումարի շրջանակներում, ընդ որում՝ 2022թ․-ին նախատեսվում է այս ծրագրից 670 մլն դրամ կրճատել,

5) 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի ծառայությունների որակի բարձրացում՝ նախագծով այս ծառայություններին ուղղվող գումարները 129 մլն դրամով ավելացնելու հաշվին, որի պարագայում կպահպանվի 2022թ․ ցուցանիշը,

6) աշխատավայրում դժբաժտ դեպքերի և մասնագիտական հիվանդության հետևանքով վնասի հատուցման ամսական չափի ավելացում առնվազն այն չափով, որ հատուցման միջին ամսական չափը (20530 դրամ) պակաս չլինի 2022թ․ կանխատեսվող պարենային զամբյուղի միջին ամսական արժեքից (2021թ․ 3-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով պարենային զամբյուղի ամսական արժեքը կազմել է 38136 դրամ),

7) զբաղվածության աջակցության ծրագրերի համար 2022թ․ նախատեսվող ծախսերի նախատեսում՝ պետական բյուջեով 2021թի համար հաստատված ցուցանիշից (2,1 մլրդ դրամ) առնվազն 5 տոկոսով ավել չափով՝ հաշվի առնելով «Աշխատիր Հայաստան» հաստատված ռազմավարական ծրագրի թիրախները

8) բնակարանային ապահովում ծրագրի համար 2022թ․ նախատեսվող ծախսերի ավելացում առնվազն 780 մլն դրամի չափով՝ պահպանելով 2021թ․-ի համար այս ծրագրի գծով հաստատված ցուցանիշը,

9) ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցության ծրագրի համար 2022թ․ նախատեսվող ծախսերի ավելացում առնվազն 379 մլն դրամի չափով՝ պահպանելով 2021թ․-ի համար այս ծրագրի գծով հաստատված ցուցանիշը,

10) կենսաթոշակների և նպաստների հետևյալ չափերի բարձրացում առնվազն 12,5 տոկոսով՝ 2021-2022թթ․ սպառողական գների միջին աճի կանխատեսվող չափով՝

ա) հիմնական կենսաթոշակի չափը,

բ) աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքները` մինչև 10 տարվա ստաժի համար և 10 տարուց ավելի ստաժի համար,

գ) զինվորական ծառայության մեկ տարվա արժեքը,

դ) պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը,

ե) պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի չափը,

զ) պետական պաշտոն զբաղեցրած անձանց հիմնական կենսաթոշակի չափը և ստաժի մեկ տարվա արժեքը,

է) նվազագույն կենսաթոշակի չափը,

ը) ծերության, հաշմանդամության, կերակրողը կորցնելու դեպքում նպաստների չափը,

թ) երկկողմանի ծնողազուրկ երեխայի համար կերակրողը կորցնելու դեպքում նպաստի չափը:

Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ կուսակցության անդամ

Այս խորագրի վերջին նյութերը