Կարծիք

08.07.2011 10:28


Ցույց տվեցին իրենց տեղը

Ցույց տվեցին իրենց տեղը

Արդեն նույնիսկ դպրոցահասակ երեխաներին է հայտնի, որ ամիսներ առաջ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ Հայ ազգային կոնգրեսի եւ վարչախմբի միջեւ ակտիվ «երկխոսություն» է սկսվել, որից նույն Սերժ Սարգսյանը շատ գոհ է: Եղավ մի պահ, երբ կոնգրեսական առաջնորդները եւ Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցները փոխադարձ գովասանքներով էին հանդես գալիս: Գործը հասավ նրան, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը սկսեց մեջբերումներ անել Սերժ Սարգսյանի ելույթներից: Իհարկե, սա արդեն շատերի համար ազդանշան էր, որ երկում սկսվել են այնպիսի գործընթացներ, որոնք ավազակապետության կազմաքանդումով հաստատ չեն ավարտվելու: Անշուշտ, Կոնգրեսի առաջնորդները դեռ մի փոքր խումբ մարդկանց կարողանում են համոզել, թե ամեն ինչ գնում է արտահերթ ընտրությունների, բայց մի խումբն արդեն մի խումբ է եւ Սերժ Սարգսյանն արդեն վստահ է, որ մի զարկով երկու նապաստակ է խփել:

Սերժ Սարգսյանը վստահ է, որ օգտագործելով իր դեմ պայքարող կոնգրեսականներին՝ պահպանեց եւ ամրապնդեց իր իշխանությունը ու միաժամանակ հասավ Կոնգրեսի հեղինակազրկմանը: Այս իրավիճակում նա եւ նրա թիմակիցները արդեն կարողանում են իրենց թույլ տալ հեգնանքով խոսել Կոնգրեսի մասին եւ անգամ ոմանք կոնգրեսականներին պարզապես ծաղրում են: Այս շարքին կարելի է դասել նաեւ Գալուստ Սահակյանին:

Գալուստ Սահակյանի ասուլիսում հնչած մտքերն իրոք ցնցող են: Բացի ցնցող լինելուց կարելի է նաեւ բազմաթիվ եզրակացություններ անել: Այսպես, Սահակյանը շեշտելով, թե Կոնգրեսից հեռանում է ամենաակտիվ հատվածը, ավելացրել է, թե իրենք են որոշում, թե ինչ տեղ կարող է զբաղեցնել Կոնգրեսը: Ուշադրություն դարձրեք, որ վարչախմբի ներկայացուցիչները Կոնգրեսի նկատմամբ վերաբերմունքը փոխեցին ՀԱԿ-ի վերջին հանրահավաքից հետո, երբ կոնգրեսականները մի փոքր ավելի խիստ արտահայտվեցին իշխանությունների հասցեին եւ նորից խոսեցին վերջնագրերի լեզվով: Այսպիսով, Սերժ Սարգսյանը փորձում է Կոնգրեսին հասկացնել, թե ով է իրականում ղեկավարում «երկխոսության» գործընթացը: Հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Գալուստ Սահակյանն իրեն թույլ է տալիս կատակներ անել եւ նույնիսկ ծաղրել Կոնգրեսին: Ամեն ինչ բնական է, ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ: Մի պահ Կոնգրեսին թվաց, թե իրենք կարող են ժողովրդի թիկունքում գործարքներ կնքել եւ հասնել իրենց նպատակին: Ամենայն հավանականությամբ, մոռացել էին, թե ում հետ գործ ունեն:

Ներկայիս իրողություններն այնպիսին են, որ բոլոր տեսակի հարցումներն էլ վկայում են, որ Կոնգրեսի վարկանիշը «երկխոսությունից» հետո սրընթաց անկում է ապրում: Այդ մասին հրաշալի գիտի նաեւ Գալուստ Սահակյանը, որն էլ ժպտալով ասում է, թե Կոնգրեսն այնքան խոսեց կազմաքանդումից, որ իրենք կազմաքանդվեցին: Ավելին, խոսելով Կոնգրեսի համար այնքան երանելի «երկխոսության» մասին, ՀՀԿ-ի ներկայացուցիչը ցինիկաբար կոնգրեսականներին «երկխոսելու» համար հրավիրում է «Օջախ» կամ էլ Սեւանի անվճար լողափ: Ուշադրություն դարձրեք, որ նա հատուկ շեշտել է, թե ինչ տիպի լողափ են հրավիրում Կոնգրեսի բանագնացներին:

Երբ կողքից հետեւում ես ՀԱԿ-վարչախումբ «երկխոսությանը», մեկ անգամ եւս համոզվում ես, որ երկու ուժերն էլ հնարավորին չափ շուտ պետք է հեռանան քաղաքական ասպարեզից, քանի որ իրենց գործունեությամբ միայն վնասներ են հասցնում մեր պետականությանը եւ մեր երկրի ապագային:

Երբ վարչախմբին տիտղոսային ընդդիմության հայտարարությունները միայն զվարճացնում են, ապա պարզ է դառնում, որ երկիրն արմատական բարեփոխումների կարիք է զգում: Երբ իշխանություններին զվարճացնում են հրաժարականի պահանջները, ապա առաջ շարժվելու համար պետք է ազատվել ե՛ւ այդ իշխանությունից, ե՛ւ այն ընդդիմությունից, որն իրեն արդեն հեղինակազրկել է:

Գալուստ Սահակյանը խոսելով մինչեւ սեպտեմբեր իրենց տրված ժամկետի մասին հեգնանքով նկատել է. «Վախեցած լռում ենք, մտածելով, որ հեսա գալու են  չգիտեմ ինչեր են անելու: Երրորդ տարին է անընդհատ նախապայմաններ են դնում, ասում են հեսա գալիս ենք, արդեն էլ պայման չկա, հրաժարականը ընդունելու ենք, մենք էլ ահաբեկված ասում ենք` մի փոքր էլ համբերեք, մենք մեզ լավ կպահենք»:

Համաձայնեք, որ այս մակարդակով մենք միայն ավելի ծանր իրավիճակում կհայտնվենք: Եթե արդեն Գալուստ Սահակյանն է ծաղրում ՀԱԿ-ին, ապա կարելի է հասկանալ իրավիճակի ողջ լրջությունը: Այս իրավիճակում պետք է անհամեմատ ակտիվ լինեն բոլոր այն ուժերը, որոնք դուրս են «երկխոսության» դաշտից, եւ որոնք հասկանում են, թե ինչ ծանր իրավիճակում է հայտնվել Հայաստանը:

Մեր երկրին անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Մեզ պետք է ամեն ինչ անել նախ եւ առաջ քաղաքական դաշտում փոփոխություններ իրականացնելու համար:

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի Հայաստանի հետ, եթե մի խումբ մարդիկ կրկին որոշեն, թե ով քանի տեղ պետք է ունենա խորհրդարանում եւ ով պետք է զբաղեցնի նախագահի պաշտոնը: Ժամանակակից աշխարհում մարդուն զրկել ընտրություններով իշխանություն ձեւավորելու իրավունքից, նույնն է, թե մարդուն զրկես քայլելու կամ խոսելու ունակությունից:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը