Լրահոս

08.11.2021 14:00


Միասին չեղարկե՛լ ընտրությունները. Արթիկի ղեկավարի թեկնածուի հայտարարությունը

Միասին չեղարկե՛լ ընտրությունները. Արթիկի ղեկավարի թեկնածուի հայտարարությունը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Արթիկ խոշորացվող համայնքի ղեկավարի թեկնածու Հակոբ Մաթիլյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

Հարգելի բարեկամներ,

Դեկտեմբերի 5-ին Արթիկ քաղաքի եւ հարակից 23 համայնքների բնակիչները ընտրելու են տեղական ինքնակառավարման իրենց ղեկավարությանը։ Առաջադրումներն ավարտվել են։

Նայում եմ ավագանու թեկնածուներ առաջադրած կուսակցություններին ու զարմանում։

Բացի Հայ Յեղափոխական Դաշնակցությունից, որի ցանկը գլխավորելու պատիվը ունեմ, մնացած կուսակցությունները մեր բնակչության համար գրեթե անհայտ են։

Բայց երբ խորն ես նայում, պարզվում է, որ մնացած վեց կուսակցություններին միավորում է մեկ բան. դա իշխող վարչախումբն է՝ Նիկոլի գլխավորությամբ։

Փաստորեն ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել վեց ուժ, բայց իրականում մասնակցում են երկուսը։ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն իր ստորաբաժանումներով եւ Դաշնակցությունը։

Նպատակը պարզ է՝ անձնական կապերի շնորհիվ ընկեր-բարեկամներից կորզել ձայներ, վերջում, Նիկոլի հրահանգով, համայնքապետ ընտրել իր ուզած մարդուն,և հայտարարել,որ ժողովուրդն «այո՛» է ասում իր իշխանությանը։ Մի իշխանություն, որի քաղաքականությունը ողբերգական ու կործանարար է բոլորիս համար։

Կարծում եմ՝ այս ամենը առնվազն արդար չէ։

Մեր բնակիչները մեզ համար ընտրազանգված չեն, նրանք մեզ համախոհ մեր հայրենակիցներն են, մեր հարազատներն են, համերկրացիներն ու ընկերները։ Անթույլատրելի է նրանց խաբելը։

Առաջարկում եմ ցուցակները գլխավորողներին՝ միասին դուրս գալ ընտրապայքարից եւ չեղարկել ընտրությունները, որից հետո իշխանության վարած կուրսին հավանություն տվողները թող միավորվեն մեկ, իսկ ընդդիմադիրները (եթե կան)՝ երկրորդ ցանկում, հետո միայն մասնակցենք նոր նշանակվող ընտրություններին։

Կարծում եմ՝ սա իրոք ազնիվ կլինի։ Հակառակ պարագայում ընտրությունների պատկերը խարան է դառնալու Արթիկ համայնքի ճակատին։

Սիրելի հայրենակիցներ, քիչ հավանական է, որ առաջարկս կընդունեն։

Ամեն դեպքում՝ Դուք եք որոշելու ունենա՞լ դրածո, թե՞ Ձեր ազատ կամքով ընտրված համայնքապետ։

09 նոյեմբեր, 2021թ.

Այս խորագրի վերջին նյութերը