Մեկնաբանություն

08.11.2021 01:40


Թուրք–ադրբեջանական քարոզիչ Վահրամ Աթանեսյանը և քաղաքական անբարոյականությունը

Թուրք–ադրբեջանական քարոզիչ Վահրամ Աթանեսյանը և քաղաքական անբարոյականությունը

Ո՞վ է Վահրամ Աթանեսյանը

Մի տխրահռչակ տղա կա Արցախում բնակվող, բայց անհայրենիք։ Վահրամ Աթանեսյան։ Սա եղել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցն Արցախում (դժվար չէ պատկերացնել, թե ինչ գծի վրա է եղել)։ Ներկայացել է որպես Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի գիտակ ու ձեռքի հետ էլ՝ վերլուծաբան։

Ուրեմն սույն Վահրամը Սերժ Սարգսյանի ՀՀ նախագահ աշխատած տարիներին քծնել է նրան (բնականաբար, նաև Արցախի այդ փուլի իշխանություններին)։ Նա դրական էր գնահատում Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը և մասնավորապես՝ Արցախի հարցում ՀՀ 3–րդ նախագահի դիրքորոշումը։

Երբ 2018–ին Նիկոլ Փաշինյանը «Մերժի՛ր Սերժին» կարգախոսով եկավ իշխանության, նույն այս Վահրամ Աթանեսյանը սկսեց քծնել Նիկոլին (բնականաբար, նաև Նիկոլի դրածոյին՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին)։

Ինչո՞վ է զբաղված Վահրամ Աթանեսյանը և ինչո՞ւ է քարոզում Արցախի դեմ

Սույն լպրծունն իրականում ո՛չ Սերժ Սարգսյանի կողմնակիցն է, ո՛չ Նիկոլ Փաշինյանի։ Աթանեսյանը թուրք–ադրբեջանական քարոզիչ է։ Միայն այդպիսի «վերլուծաբանը» կարող էր հայտարարել, որ 1998–ի իշխանափոխությունը սպասարկել է Բաքվի շահերը։ Այլ կերպ ասած՝ Վահրամ Աթանեսյանը ճիշտ է համարում Լևոն Տեր–Պետրոսյանի տեսակետները։ Վերջինիս առաջարկած փուլային տարբերակի համեմատ Վահրամը վատ է գնահատում Մադրիդյան սկզբունքները, որով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների «քավորությամբ» ամրագրվել էր ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը և ընդունվել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը պետք է արձանագրվի հանրաքվեով։

Մադրիդյան սկզբունքներն, ըստ էության, «Տարածքներ՝ Արցախի կարգավիճակի դիմաց» բանաձևի շրջանակներում էր և ուղիղ ճանապարհ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար։

Մադրրդում ընդունված մոտեցումը լավագույնը չէր, բայց էականորեն ու գաղափարապես տարբերվում էր փուլայինից։ Եթե Մադրիդյան սկզբունքներով բանակցությունները շարունակվեին, ապա դրանք կա՛մ որոշակի տարածքային զիջումներին զուգահեռ կբերեին Արցախի Հանրապետության միջազգային կարգավիճակի ամրագրմանը, կա՛մ բանակցային գործընթացի երկարաձգմանը (Հայաստանն ու Արցախն այդ ընթացքում պետք է մշտապես պահեին ռազմաքաղաքական բալանսը, չվնասեին ՀՀ–ՌԴ ռազմավարական դաշնակցությանը և բանակցություններում մշտապես լինեին նախաձեռնող–կառուցողական, որպեսզի Ադրբեջանին մենակ թողնեին)։ Ոչ մի պատերազմ էլ չէր լինի այդ դեպքում (1998–2008թթ․ խաղաղ տարիներն ապացուցում են այդ տեսակետը), իսկ եթե լիներ պատերազմ, ապա 2020–ի կրկնությունը բացառվում էր (2016–ի քառօրյա պատերազմն ասվածի ապացույցն է)։

Վահրամի նորաթուխ քծնանքի օբյեկտ Նիկոլը փլուզեց բանակցային գործընթացը՝ այն մտցնելով փակուղի, հիմար վիճակում դնելով միջնորդներին ու հնարավորություն տալով Ադրբեջանին անցնել ռազմական գործողությունների։

Վահրամը ձեռքի հետ նաև ստախոս է, քանզի 1998–ի իշխանափոխության հեղինակներին տերպետրոսյանաբար ներկայացնում է որպես ոչմիթիզհողական, մինչև այդպիսին չեն եղել ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սարգսյանը։ Դա Տեր–Պետրոսյանի հորինած կեղծ պիտակն է, որպեսզի դրա ֆոնին ինքը ողջամիտ ու հավասարակշռված ներկայանա։ Հայաստանում ոչմիթիզհողական են խաղում «ծռիստները», որոնց այդպես էլ չտեսանք 44–օրյա պատերազմի օրերին ռազմի դաշտում, քանզի իրականում նրանք ձևով քիրվայականներից կտրուկ տարբերվող, բայց բովանդակությամբ նույն հակապետական կոդի ներկայացուցիչներ են։

Ինչ վերաբերում է մինչև 1998–ը արտահայտված պաշտոնական Երևանի տեսակետներին, ապա դրանք տեղավորվում են Արցախին Ադրբեջանի կազմում լայն ինքնավարության կարգավիճակով թողնելու կոդի մեջ։ Այդ մասին ուղիղ տեքստով խոսել է ՀՀ 1–ին նախագահը ռազմական գործողությունների թեժ փուլում՝ 1992–ին։

«Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում Տեր–Պետրոսյանը մասնավորապես նշել է․ «Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը (նկատի ունի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը․ տե՛ս հարցազրույցի այդ հատվածը կից նկարում– 7or.am) ամբողջությամբ կբավարարի բոլոր կողմերին, քանզի այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, հանրապետության տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիներն իրենց հերթին ունենում են երաշխավորված կենսագործունեություն։ Ահա սա՛ է մեր դիրքորոշումը։ Եվ մենք պատրաստ ենք այն քննարկել ցանկացած մակարդակում»։

Ի դեպ, ուշագրավ է, որ 2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ Տեր–Պետրոսյանի համար հանրահավաքային դիջեյություն անող Նիկոլ Փաշինյանն էլ վարչապետ դառնալուն պես առաջ բերեց բոլոր կողմերին բավարարելու թեզը։ Թե ինչպես էր նա բավարարելու Ալիևին, ով Երևանն է համարում ադրբեջանական քաղաք, գործնականում տեսանք։ Եթե ռուսական միջամտությունը չլիներ, ապա նիկոլենք Ստեփանակերտն էլ կհանձնեին, Հայաստանն էլ վարի կտային։

Ինչ մնում է Տեր–Պետրոսյանի՝ «Ղարաբաղի լայն ինքնավարություն՝ Ադրբեջանի կազմում» կոդին, ապա 1997–ին նա այդ մոտեցումը փաթեթավորեց հակամարտության լուծման տխրահռչակ փուլային տարբերակով․ հանձնվում էին տարածքները՝ խաղաղության ու կոմունիկացիաների բացման դիմաց։ Արցախը կարգավիճակի հարց փուլային տարբերակում չկար, քանզի այն մնում էր Ադրբեջանի կազմում։

Այն, որ Տեր–Պետրոսյանն ու իր գաղափարական թիմակիցներն Արցախը տեսնում էին Ադրբեջանի կազմում (ԼՂԻՄ լայն ինքնավարության կարգավիճակով), ևս մեկ անգամ փաստեց նաև 1–ին նախագահի գլխավոր խորհրդական, ԱՄՆ քաղաքացի Ժիրայր Լիպարիտյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։ Լիպարիտյանը ղարաբաղցի կոլաբորացիոնիստ Աթանեսյան Վահրամի պես քննադատում է 1998–ի իշխանափոխությունը՝ հայտարարելով, որ իրենց ժամանակ կարելի էր Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնել ինքնավարության կարգավիճակով, սակայն իշխանափոխությունը դա կանխեց։ Իսկ հիմա Ադրբեջանը դրան չի համաձայնի։ Այսինքն՝ Լիպարիտյանը ոչ թե քննադատում է իրենց Նիկոլ Փաշինյանին, ով ոչնչացրեց Արցախի պետականությունը՝ Տեր–Պետրոսյանի պես փորձելով բավարարել բոլոր կողմերին (փաստացի՝ միայն Ադրբեջանին), այլ ափսոսանք է հայտնում, որ 1997–ին Ղարաբաղի հարցերն իրենց չհաջողվեց լուծել ու լծվել քիրավայության գործը գլուխ բերելու գործին։

Քաղաքական անբարոյականության մասին

Քաղաքականությունն անբարոյական է դառնում, երբ Վահրամ Աթանեսյանի պես թուրք–ադրբեջանական քարոզիչը դառնում է «հայրենասեր» ու սկսում պաշտպանել Արցախի պետականությունը ոչնչացրած, Արցախի տարածքները թշնամուն հանձնած, հազարավոր զոհերի պատճառ դարձած Նիկոլ Փաշինյան–Արայիկ Հարությունյան զույգին, սկսում պաշտպանել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու գաղափարը։ Բայց դե Վահրամը գլխավոր անբարոյականը չէ։ Նա անբարոյականության ծնունդ է։

Անբարոյականությունը սկսեց այն պահից, երբ Ղարաբաղյան շարժման ալիքի, «Միացում» կարգախոսի, «Ղարաբաղ» անունը կրող կոմիտեի միջոցով մարդիկ եկան իշխանության, շատ չանցած սկսեցին Ղարաբաղի հարցը բեռ համարել ու դիտարկել մեր հայրենիքի այդ հատվածն Ադրբեջանի կազմում՝ «Սերգո ջանին» լավ ապրեցնելու հակապետական կոդով։

Ու քանի դեռ մեր երկրի քաղաքական կյանքում կան անբարոյականներ, մենք շարունակելու ենք կորուստներ ունենալ, իսկ վահրամաթանեսյաններն անարգել քարոզելու են Թուրքիայի ու Ադրբեջանի օգտին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը