Քաղաքական

06.11.2021 19:34


«Թուրքը նստած Քաչալ սարում՝ դիտարկում է Գորիսը. եթե պատկան մարմինները բանից տեղյակ չեն, ստացվում է, որ Գորիսն իր գլխի ճարը պետք է տեսնի». Գորիսի փոխքաղաքապետ

«Թուրքը նստած Քաչալ սարում՝ դիտարկում է Գորիսը. եթե պատկան մարմինները բանից տեղյակ չեն, ստացվում է, որ Գորիսն իր գլխի ճարը պետք է տեսնի». Գորիսի փոխքաղաքապետ

Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի սահմանային իրավիճակի վերաբերյալ իշխանության որևէ ներկայացուցիչ հստակ տեղեկություն չի փոխանցում հասարակությանը՝ նշելով, որ այդ ամենի հասցեատերը Պաշտպանության նախարարությունն է։ Իսկ Պաշտպանության նախարարությունից էլ հայտարարում են, որ իրավասու չեն որևէ տեղեկություն տրամադրելու։

Մինչ օրս որևէ գերատեսչությունից հանրությանը պարզաբանում չի տրվել Սյունիքի մարզի Քաչալ սարի վերաբերյալ, որտեղ թշնամին, գրեթե 10 օր է, ամրացնում է իր դիրքերը՝ այդպիսով թիրախ դարձնելով ամբողջ Գորիսը։ Այս մասին ահազանգել էին բնակիչները՝ նշելով, որ ամբողջ Գորիսը հայտնվել է թշնամու դիտարկման տակ։

Օրերս խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հորդորել էր այդ հարցով դիմել Պաշտպանության նախարարությանը՝ նշելով.

«Կարծում եմ՝ այս հարցը կարող են մեկնաբանել Պաշտպանության նախարարության մեր գործընկերները։ Մենք անընդհատ տարբեր հարցերի շուրջ խոսում ենք Սյունիքի մեր գործընկերների հետ, սակայն այդ հարցի հետ կապված ես չունեմ տեղեկատվություն, որպեսզի մեկնաբանեմ, կամ ես չէ, որ պետք է մեկնաբանեմ»։

Այսօր 168.am-ի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանն ասաց, որ փաստը մնում է փաստ, որ թշնամու զինուժն ամրացել է Քաչալ սարում։

«Եթե պատկան մարմինները որևէ բանից տեղյակ չեն, ստացվում է, որ Գորիսն իր գլխի ճարը պետք է տեսնի։ Այն, որ թուրքը նստած է Քաչալ սարի գագաթին, դա տեսանելի է, Գորիսից այդ ամենն ամբողջությամբ տեսանելի է։ Թե ինչ են մտածում մեր ուժային կառույցները կամ ինչ նպատակներով են թաքցնում իրականությունը, ես չեմ կարող ասել։ Բա եթե իրենք ասում են՝ իրավասու չեն որևէ հարցի պատասխանել, չեն կարողանում թշնամուն մեր տարածքից քշեն, իրենք ինչի՞ համար են։ Ինքս այս հարցերին չեմ կարող պատասխանել, իրենք պետք է պատասխանեն»,-նշեց Կարեն Քոչարյանը։

Նա նշեց, որ երբ ամիսներ առաջ ահազանգ հնչեցրեցին, որ թուրքը ներխուժել է Սև լճի տարածք, իսկ իրավապահներն էլ պնդում էին, որ նման բան չկա, այդ ժամանակից սկսած՝ նրանք ամեն օր ամրանում են։

«Հիմա թուրքը նստած Քաչալ սարում՝ դիտարկում է Գորիսը։ Գուցե այդ սարում թշնամու հայտնվելը տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի ասած այն տրամաբանության մեջ, որ՝ ամեն սարի վրա, որտեղ տարվա կեսը ձյուն է, հո զինվոր չե՞նք կանգնեցնի։ Այդ սարում աշնան վերջերից մինչև ձմռան վերջ ձյուն է նստած լինում»,-եզրափակեց Կարեն Քոչարյանը։

Հիշեցնենք, որ դեռևս մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով պատերազմին և սահմաններին ստեղծված իրավիճակին, ասել էր. «Մենք պատերազմի ժամանակ պատերազմել ենք, չպատերազմելու ժամանակ էլ չենք պատերազմել։ Եվ այսօրվա իրավիճակի վերաբերյալ մենք ասում ենք՝ այո… ընդ որում, միակողմանի չենք ասում, ասում ենք՝ Ադրբեջանն ուզում է պատերազմ հրահրել, Ադրբեջանն ասում է՝ ոչ, դա սահմանին մի թեթև հարցեր է, մի քանի մետր այս կողմ, կամ մի քանի կիլոմետր այն կողմ։ Ասում ենք՝ շատ լավ, սահմանային հարց է, եկեք պայմանավորվենք՝ մենք չենք կրակում, կոնֆլիկտ չի լինում, զորքերը եկուստեք հայելային հետ ենք քաշում, ընդհանրապես հանում ենք այդ տարածքից՝ Սոթքից մինչև Խոզնավար։ Դիտորդներ են գալիս կամ ՌԴ-ի, կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից։ Եթե սենց է այդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն է, ինչների՞ս է պետք զինվոր։ Ուրեմն եկեք գնանք, արդեն միջազգային փաստաթղթերով համաձայնեցված ձևով անենք»։

Այս խորագրի վերջին նյութերը