Քաղաքական

06.11.2021 12:48


Թշնամին ավերել է Մադաթաշենի դպրոցը, մշակույթի տունը, հուշարձանը, վնասել Սբ․ Աստվածածին եկեղեցին

Թշնամին ավերել է Մադաթաշենի դպրոցը, մշակույթի տունը, հուշարձանը, վնասել Սբ․ Աստվածածին եկեղեցին

Թշնամին ավերել է Մադաթաշեն գյուղի դպրոցը, մշակույթի տունը, հուշարձանն ու վնասել Սբ․ Աստվածածին եկեղեցին։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«Ըստ 2021 թվականի հոկտեմբերի 10-ի արբանյակային լուսանկարների՝ թշնամին քանդել է Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը և հասել դպրոցին կից եկեղեցու պատին, որը, փաստորեն վտանգի տակ է։ Դպրոցը 2015 թվականից վերանվանվել էր «Մադաթաշեն» դպրոց ՊՈԱԿ, որի շենքում էին տեղակայված նաև գյուղի գյուղապետարանն ու մշակույթի տունը։

Եկեղեցու կողքին կար Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշարձան, որը թշնամին նույնպես ոչնչացրել է գյուղի օկուպացիայից անմիջապես հետո։ Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութում ակնհայտ երևում է, թե ինչպես է զինված ադրբեջանցի զինվորականը ջարդում, քանդում և ավերում արցախյան ազատամարտի հերոսների հուշարձանը, կոտրում նրանց նկարներն ու հրճվանքով լուսանկարվում ավերված մշակութային ժառանգության ֆոնին։ Հավելենք, որ մինչ ադրբեջանական օկուպացիան արված տեսանյութը փաստում է, որ կանգուն էին դպրոցն ու նրան կից հուշարձանը։

Մադաթաշեն գյուղի պատմությունը սկսվում է 17-րդ դարի կեսերից, իսկ անունը ստացել է ռուսական բանակի գեներալ Վալերիան Մադաթովի անունից, ում անասնագոմերը հենց այս տարածքում էին գտնվում։ Գյուղական համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության հարավային հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 50 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 24 կմ հեռավորութան վրա։ Գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցի կառուցվել է 1904 թվականին։ Եկեղեցու պատը վնասված էր, տանիքը՝ նույնպես։

Մադաթաշենի դպրոցը, մշակույթի տունն ու եկեղեցին ադրբեջանական նոր ճանապարհաշինության ուղղության մեջ չեն մտնում և չի բացառվում, որ մշակութային արժեքների ավերման հետևանքով ստացված շինաքարերը ճանապարհների հենապատերի համար են օգտագործվում»։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը