Քաղաքական

05.11.2021 20:57


Անդրկովկասում, որտեղ հատվում են շատ ներքին և արտաքին խաղացողների շահեր, պարզ լուծումներ չեն լինում, իսկ պահպանել թեկուզ ուժով գրաված դիրքերը միշտ չէ, որ ստացվում է. Տարասով

Անդրկովկասում, որտեղ հատվում են շատ ներքին և արտաքին խաղացողների շահեր, պարզ լուծումներ չեն լինում, իսկ պահպանել թեկուզ ուժով գրաված դիրքերը միշտ չէ, որ ստացվում է. Տարասով

Կովկասագետ Ստանիսլավ Տարասովը «Ռեգնում» պարբերականում հրապարակված հոդվածում անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությանը, որում վերջինս խոսել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրների մասին: Թուրք նախարարի խոսքով՝ «Ադրբեջանի տարածքների ազատագրումից հետո տարածաշրջանը երկարատև խաղաղության հնարավորություն է ստացել», և «Հայաստանը պետք է օգտագործի այդ հնարավորությունը խաղաղության և զարգացման համար»:

«Երևանի համար ի՞նչ հնարավորությունների մասին է խոսում Չավուշօղլուն, եթե Թուրքիան Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո այլևս պատճառ չունի Հայաստանի հետ սահմանը փակ պահելու»,-հարցադրում է Տարասովը:

Վերջինս նկատում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ Երևանը պատրաստ է վերականգնել Անկարայի հետ հարաբերություններն «առանց նախապայմանների»: Տարասովի կարծիքով՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Թուրքիան Ադրբեջանի ազդեցությամբ որոշել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կապել այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ: Բացի այդ, Երևանին «օգուտներ» են խոստանում, որոնք, սակայն, ներկա պահին այնքան էլ տեսանելի չեն: Այդ իսկ պատճառով ձգձգվում է փոխվարչապետերի մակարդակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը: Ի դեպ, 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրով «Զանգեզուրի միջանցքի» մասին հիշատակում չի եղել:

Քաղաքագետը հիշեցնում է, որ փաստաթղթի 9-րդ կետում մատնանշվել է, որ տարածաշրջանում վերականգնվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը: Ի դեպ, ըստ փորձագետի, այդ հարցում զգուշավոր վերաբերմունք է դրսևորում նաև հարևան Իրանը:

«Ադրբեջանի հետ անմիջական ցամաքային հաղորդակցությունը թույլ կտա թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իրականացնել ոչ միայն իր նեոօսմանյան ծրագիրը, այլև Թուրքիան մոտեցնել Չինաստանի ցամաքային հաղորդակցություններին, ինչն ինքնին զգալի առավելություն կտա: Եթե Թուրքիան կարողանա իրագործել այդ բոլոր ծրագրերը, ապա նրա վարքն, անկասկած, կարող է դառնալ ոչ այնքան կանխատեսելի: Անկարայի և Բաքվի դիվանագետները, միավորելով իրենց ջանքերն այս ուղղությամբ, կամ լուրջ սխալ են թույլ տալիս, կամ չափազանց ինքնավստահ են գործում՝ ելնելով ինչ-ինչ սեփական նկատառումներից: Միևնույն ժամանակ նրանք Հայաստանի հանդեպ օգտագործում են ուժի գործոնը, ինչը մեր կարծիքով՝ չափազանց անարդյունավետ է: Այդ պատճառով՝ եթե նույնիսկ դիվանագիտական աշխատանք սկսվի «Զանգեզուրի միջանցքի» հարցով, այն բարդ և երկարատև կլինի»,-նշում է մասնագետը:

Նա նաև մեկ այլ խնդիր է առաջ քաշում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման գործընթացը թույլ կտա համալիր լուծումներ գտնել առկա խնդիրներին»: Նրա խոսքով՝ աշխատանքներ են շարունակվում բոլոր ուղղություններով:

Տարասովը հիշեցնում է, որ ավելի վաղ հաղորդում էր տարածվել, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Զինված ուժերի երկայացուցիչները սահմանագծման աշխատանքներ են սկսել՝ GPS համակարգի կիրառմամբ՝ կապված Սոթքի հանքավայրի հետ, որի մի մասն, ըստ ադրբեջանական կողմի պնդումների, գտնվում է Բաքվի վերահսկողության տակ: Սակայն հնարավոր է արդյո՞ք սահմանազատման հարցը կարգավորել՝ հիմք ընդունելով միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը:

Փորձագետը նկատում է, որ միջազգային փորձը վկայում է, որ տարածքային սահմանազատումը, սովորաբար, դիտարկվում է հենց խաղաղության պայմանագրի կնքմամբ, որն առաջին հերթին, խոսում է հակամարտող կողմերի՝ բոլոր խնդիրները խաղաղ լուծելու պատրաստակամության մասին: Երկրորդ, խաղաղության պայմանագիրը բովանդակությամբ ավելի ընդարձակ է, քան խաղաղության համաձայնագիրը: «Սակայն այս դեպքում նման բան չկա: Սայլը կապում են ձիու առաջից»,- նկատում է Տարասովը:

«Ինչ վերաբերում է Բաքվին, այստեղ ամեն ինչ պարզ է: Բաքուն կարծում է, որ Լեռնային Ղարաբաղն իր տարածքն է: Հայաստանը, որպեսզի հասնի սամանագծման գործընթացի, պետք է կողմնորոշվի հենց այս հարցում: Եթե Հայաստանում հաղթի տեսակետը, որի համաձայն՝ Ադրբեջանից դուրս Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցը հնարավոր չի լինի լուծել, մի հարց է: Իսկ եթե այնուամենայնիվ, ուժի մեջ մնան Մադրիդյան սկզբունքները, որոնցով ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակ է շնորհվել՝ հետագա հանրաքվեի հեռանկարով, դա այլ հարց է: Բացի այդ, կա նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել: Ստացվում է, որ սահմանագծման շուրջ բանակցություններն ուղեկցվում են ոչ փոքրաթիվ խնդիրներով»,-եզրակացնում է Տարասովը:

«Այլ բան է, որ եթե Թուրքիան և Ադրբեջանը սկսեն Հայաստանի նկատմամբ այլ, ոչ ստանդարտ քայլեր ձեռնարկել՝ քաղաքական վստահության վերականգնման համար: Չէ՞ որ Անդրկովկասում, որտեղ հատվում են շատ ներքին և արտաքին խաղացողների շահեր, պարզ լուծումներ չեն լինում, իսկ պահպանել դիրքերը, թեկուզ և ուժով գրաված, միշտ չէ, որ ստացվում է: Դա, հավանաբար, հասկանում են և՛ Բաքվում, և՛ Անկարայում, և իրենց հույսերով չեն խաբում, թե կհաջողվի «պատին սեղմել» թուլացած Հայաստանին: Դա, ինչպես վկայում է արևելյան ասացվածքը, «նույնն է, թե ձեռքով ամպերից բռնել»»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը