Լրահոս

05.11.2021 15:01


«Տաշիր պիցցա»-ի այդ երկու կետերը ժամանակավոր փակվել են. սպասում ենք փորձաքննության արդյունքներին. ՍԱՏՄ ներկայացուցիչ

«Տաշիր պիցցա»-ի այդ երկու կետերը ժամանակավոր փակվել են. սպասում ենք փորձաքննության արդյունքներին. ՍԱՏՄ ներկայացուցիչ

Մենք առավոտյան ժամը 9-ից վերահսկողություն ենք իրականացնում կոնկրետ տվյալ հասցեում գործող հանրային սննդի կետում. ահազանգը ստացել ենք երեկ երեկոյան, և դրանից անմիջապես հետո սկսել ենք ձեռնարկել մեր միջոցառումները: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը՝ անդրադառնալով նրան, որ «Տաշիր պիցցա» հանրային սննդի ցանցի երկու կետերում սնված 15 քաղաքացիներ նոյեմբերի 4-ին աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ ընդունվել են Ինֆեկցիոն ազգային կենտրոն:

Նրա խոսքով, իրականացվել է թե պատրաստի արտադրանքի, թե կիսապատրաստվածների նմուշառումներ: «Լաբորատոր արձանագրությունների պատասխաններն ունենալուց հետո մենք կարող ենք որոշակի եզրահանգման գալ, թե ինչն է եղել թունավորման պատճառը: Մեզ հետ համատեղ աշխատել է նաև առողջապահության նախարարությունը:

Ներկայումս ուսումնասիրվում են բոլոր ապրանքների ուղեկցվող փաստաթղթերը, անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերը, կիսապատրաստվածների պատրաստման ու պահման պայմանները: Ահազանգը ստացել ենք Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից:

Երկու տարբեր հասցեներ են նշվել, մյուս հասցեում նույնպես (Խանջյանի մասնաճյուղ) աշխատանքներ են տարվում: Տարածքը փակ է, մեր տեսուչներն են աշխատում»,-ասաց նա:

Դանիելյանը տեղեկացրեց, որ փորձաքննությունները մի քանի օր տևելու են. «Ամեն դեպքում մենք 4 օրից շուտ, որովհետև անհրաժեշտություն կարող է առաջանալ լրացուցիչ փորձաքննությունների»:

Հարցին, թե եթե պարզվի, որ սնունդը փչացած է եղել կամ ժամկետանց, ինչ է դրան հետևելու, ՍԱՏՄ աշխատակիցը պատասխանեց. «Այս պահին մենք զեկուցագիր ենք ներկայացնելու տեսչական մարմնի ղեկավարի՝ գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու համար մինչև որ մեր աշխատանքները վերջացնենք և գանք այն եզրահանգման, որ տվյալ հանրային սննդի կառույցի գործունեությունը չի կարող մարդկանց վտանգ սպառնալ:

«Տաշիր պիցցա»-ի ցանցը այն եզակի կառույցներից է, որ իրենք ամեն տարի դիմում են վերահսկողություն իրականացնելու համար: Վերջին հերոհոսկողությունը եղել է այս տարի՝ տարբեր մասնաճյուղերում, իսկ ընդհանուր ցանցը ստուգվել է 2020 թվականին: Այս տարվա ստուգումներով արձանագրվել են որոշակի խախտումներ պահման պայմանների հետ կապված, մակնշումների հետ կապված: Մենք տվել ենք ցուցումներ այդ խախտումները վերացնելու համար: Նախկինում թունավորման այստեղ դեպք չի եղել»,-ասաց նա՝ հավելելով, որ կոնկրետ այս երկու կետերում ստուգումները նախատեսված էին այս տարվա 4-րդ եռամսյակում:

ՍԱՏՄ աշխատակիցը նաև նշեց, որ շեշտադրումը դրել են այն սննդի վրա, որը նշել են թունավորվածները՝ պիցցա, աղցաններ և բուրգեր:

Նոյեմբերի 4-ին Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ։ Քաղաքացիներից 2-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։

Բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիրի պիցա» հանրային սննդի կետում՝ 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվող:

Հիվանդների վիճակը միջին ծանրության է։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը