Քաղաքական

05.11.2021 10:26


Սյունիքը շարունակում է մերժել իշխանություններին․ «Հրապարակ»

Սյունիքը շարունակում է մերժել իշխանություններին․ «Հրապարակ»

«Հրապարակ թերթը գրում է. «Տաթևում «Քաղպայմանագրի» թեկնածուի պարտությունից հետո ակնհայտ է, որ Սյունիքում իշխող կուսակցությունը մերժվում է ամենուր՝ կրելով խայտառակ պարտություն: Թեև ՔՊ-ն գործադրել էր բոլոր ջանքերը, որպեսզի Տաթևում հաղթանակի դափնեկիր դառնա, սակայն սյունիքյան դժգոհությունների ալիքը, պարզվեց, ավելի լուրջ է, քան առաջին հայացքից էր թվում: Եթե նախկինում ասում էին, որ համայնքների ղեկավարներն են իշխանության դեմ հանում ժողովրդին, հիմա պարզ է դառնում, որ համայնքների ղեկավարներին մեկուսացնելուց հետո էլ ժողովուրդը չի անցնում իշխանությունների կողմը և իր քվեն չի տալիս իշխող ուժին:

Սյունեցին ցույց է տալիս, որ այլևս չի վստահում ապագայի մասին հեքիաթներ պատմող թափառախմբին, այլ օրեցօր սթափվում է: Նիկոլ Փաշինյանը զրկվում է մուրճը թափահարելու հնարավորությունից, ժողովուրդն այլևս պողպատե մանդատը փոխանցում է տեղական իշխանություններին, որպեսզի, ինչպես Նիկոլն էր սիրում ասել, մեխի գլուխներին մուրճով հատ-հատ խփեն և ամեն մեկին իր տեղը ցույց տան:

Հերթական ընտրությունը Կապանում է, ու թեև ոստիկանները տեռոր են սկսել նաև Կապանում, սակայն իրադարձությունները ցույց են տալիս, որ Կապանի քաղաքապետը ևս նահանջելու տրամադրվածություն չունի, և, ըստ էության, գործող իշխանություններին պարտության մի սցենար էլ Կապանում է սպասվում: Մինչ այս պահը, կայացած ընտրություններից միայն Տեղ համայնքում է ՔՊ-ին հաջողվել անվերապահ հաղթանակ տանել: Այստեղ էլ թեկնածուն գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ընտանիքի անդամն էր, և մարզպետն իր գյուղում ռեսուրս չի խնայել:

Բայց արձանագրենք, որ եթե նախկիններն իրենց շրջապատին էին պաշտոններ բաժանում, ապա քայլածներն իրենց ընտանիքի անդամներին են պաշտոնների նշանակում: Կապանում ևս ՔՊ թեկնածուն փոխմարզպետ Նարեկ Բաբայանի մորաքրոջ որդին է` Դավիթ Դանիելյանը: Ակնհայտ է, որ իշխանական թևում կադրային սովն այնքան լուրջ է, որ արյունակցական կապերով են առաջնորդվում՝ թափուր հաստիքները լրացնելու համար»։

Այս խորագրի վերջին նյութերը