Լրահոս

04.11.2021 16:22


Փողոցից եկած իշխանությանը պետք է հեռացնես փողոցով․ Բենիամին Մաթևոսյան

Փողոցից եկած իշխանությանը պետք է հեռացնես փողոցով․ Բենիամին Մաթևոսյան

Փողոցից եկած իշխանությանը պետք է հեռացնես փողոցով՝ 2018 թ-ին տեսանք իրողություններ, երբ մուտքը իշխանություն ապահովվեց դրսից, այսինքն, փողոցից մարդը եկավ, իշխանությունը գրավեց՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ խոսելով նոյեմբերի 8-ին Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հայտարարած հանրահավաքի մասին։

Հանրահավաքի նպատակը ազգային դիմադրություն ձևավորելն ու իշխանափոխության հասնելն է, որը մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու, արժանապատիվ խաղաղություն ապահովելու, սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, մեր երկրի անվտանգությունն ապահովելու նախապայմանն է։

«Քանի որ Հայաստանը գտնվում է ոչ ստանդարտ իրավիճակում, խնդիրներ ունենք մեր երկրի արտաքին ու ներքին անվտանգության հետ կապված, տրամաբանական է, որ այս ամենի շրջանակում քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցները պետք է իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնեն երկրում առկա իրավիճակի փոփոխության հետ կապված խնդիրները կարգավորելու համար։ Քանի որ իշխանությունը մեզանում այնպիսին է, որը բերել և հանգեցրել է այս իրավիճակին, տրամաբանական է, որ ընդդիմության առջև էլ ավելի մեծ պատասխանատվություն կա»,-ասաց քաղաքագետը։

Նրա համոզմամաբ, բնական է, որ ընդդիմությունը պետք է մաքսիմում ակտիվ լինի, հնարավորինս օրակարգը թեժ պահի, որպեսզի մեր հասարակությունը չկորցնի իր զգոնությունը և անհրաժեշտ պահի համապատասխան փոփոխություններ իրականացնի երկրում։

Հանրահավաքը նոյեմբերի 8-ին, ոչ թե 9-ին անցկացնելը, քաղաքագետի խոսքով, տեխնիկական խնդիր է․ «Հայաստան» դաշինքը մտադիր էր հանրահավաքն իրականացնել նոյեմբերի 9-ին՝ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման օրը, սակայն քանի որ, ըստ իշխանությունների տեղեկությունների, հրապարակը մի քանի րոպեի տարբերությամբ՝ շատ հետաքրքիր զուգադիպությամբ, ամրագրվել էր «Սասնա ծռերի» կողմից, այդ պատճառով «Հայաստան» դաշինքը հանրահավաքը նոյեմբերի 8-ին հայտարարեց։

Ազգային ժողովում ներկայություն և իշխանությունների դեմ անմիջական պայքարի հնարավորություն ունեցող ընդդիմությունը ինչո՞ւ պետք է փողոցը ևս կիրառի պայքարի համար՝ հարցի պատասխանը Բենիամին Մաթևոսյանի համար հստակ է․ դու պետք է կարողանաս ԱԺ-ում եղած քո բոլոր լծակները մաքսիմալ էֆեկտիվ օգտագործել՝ սկսած հարցապնդումներից, հանրային փակ քննարկումներից, կառավարության հետ հարցուպատասխանը պետք է վերածվի խաչաձև հարցաքննության, որ կարողանաս հնարավորինս լայն հասարակության ներկայացնել թե՛ պատերազմական իրողությունը, թե՛ հետպատերազմյան իրականությունը և, դրա հետ մեկտեղ, ուժ ցույց տաս, քանի որ այս իշխանությունը ուժից է վախենում։

«17 ուժերի շարժման ժամանակ ո՞նց եղավ․ հենց որ փողոցային պայքարն ակտիվանում էր, իշխանությունը գնում էր որոշակի զիջումների։ Մի պահ սկսեցին խոսել, որ գնում ենք ընտրությունների, հենց այդ փողոցային պայքարը մարեց, իշխանություններն ասացին՝ ընտրությունների կարիք չկա, երբ փողոցային պայքարն ակտիվացավ, իշխանությունները գնացին զիջման և ընտրությունների։ Այսինքն, տրամաբանական է, որ պետք է օգտագործել զինանոցում եղած բոլոր գործիքները, որպեսզի հնարավոր լինի կանխել իշխանությունների այս գործողությունները»,-ասաց քաղաքագետը։

Նրա համոզմամբ՝ պատերազմից հետո մենք, իսկապես, ոչ ստանդարտ իրավիճակում ենք՝ այն առումով, որ թե՛ արտաքին ու ներքին վտանգներ ունենք և թե՛ քաղաքական համակարգի դասավորվածությունը բավականին հետաքրիր է։ Եվ տրամաբանական է, որ այս շրջանակներում պետք է փորձ կատարվի հեռացնել իշխանությանը թե՛ դրսից, թե՛ ներսից։

Առաջիկա նոյեմբերի 9-ին նախատեսված հակահայկական փաստաթղթերի հնարավոր ստորագրումը, Բենիամին Մաթևոսյանի համոզմամբ, հնարավոր է կանխել։

«Ընդհանրապես, իրավիճակը փոխելու հնարավորություններ միշտ էլ կան, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի, առհասարական ամեն ինչի հնարավորություն էլ կա։ Մենք պետք է հասկանանք՝ սա էլ իշխանության հանդեպ անվստահության դրսևորում է, երբ հասարակությունը չի վստահում իշխանություններին, մարդկանց մոտ շատ օբյեկտիվ մտահոգություններ են առաջանում, թե ի՞նչ փաստաթուղթ են նրանք ստորագրելու և այդ փաստաթղթերում առկա իրողությունները Հայաստանի համար ի՞նչ գին են արժենալու»,-ասաց քաղաքագետը։

Օրինակ, հիմա նրանք ասում են՝ փաստաթղթերի ստորագրումից հետո կլինի դեմարկացիա, դելիմիտացիա, կբացվեն կոմունիկացիաները, բայց Բենիամին Մաթևոսյանի մոտ հարց է առաջանում՝ այդ դեմարկացիան և դելիմիտացիան Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ հարց սահմանելո՞ւ է, թե՞ ոչ։

Այսինքն, նրա խոսքով, քանի որ կա իշխանության հանդեպ օբյեկտիվ դժգոհություն, իշխանություններին չեն վստահում, օբյեկտիվորեն հարցեր են առաջանում։ Քանի որ իշխանությունը մարդկանց իրականությունը չի ներկայացնում, տրամաբանական է, որ լինելու են և՛ փողոցային ակցիաներ, և՛ հանրահավաքներ, և՛ ԱԺ-ում է թեժ լինելու ոչ միայն հարցուպատասխանի ժամանակ, այլ նաև ձեռնամարտի կարող են բռնվել կողմերը․ քաղաքագետն ընդգծեց, որ մենք ոչ ստանդարտ իրավիճակում ենք և այս ոչ ստանդարտ իրավիճակից ելքերը բոլոր հարցերի առնչությամբ կարող են տրամագծորեն տարբեր լինել թե՛ փաստաթղթերի ստարգրման կամ չստորագրման առումով, թե՛ քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանության շրջանակներում։

Այս խորագրի վերջին նյութերը