Քաղաքական

04.11.2021 12:19


Փոխնախարարը վաղ է համարում հայտնելու ՀՀ-ի դիրքորոշումը «3+3» ձևաչափի մասին

Փոխնախարարը վաղ է համարում հայտնելու ՀՀ-ի դիրքորոշումը «3+3» ձևաչափի  մասին

Արտաքին գործերին նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի կարծիքով` Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ամենակարևոր ընդհանրական մոտեցումն այն է, որ բոլոր տարածաշրջանային կազմակերպությունները չպետք է կրկնօրինակեն արդեն իսկ գործող մարմինները և ձևաչափերը:

«Մեզ համար առաջնային է, որ որևիցե կրկնօրինակում չլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ: Այս բոլոր առաջարկները դիտարկվում են, և այժմ դեռևս որևիցե առաջընթացի կամ որևիցե որոշման մասին դեռ վաղ է խոսել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց Գևորգյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանը «3+3» ձևաչափի վերաբերյալ:

Ըստ փոխնախարարի` վերջին ժամանակներում միջազգային քաղաքականության մեջ ընթանում է «տարածաշրջանացման» գործընթացներ, և գլոբալ խաղացողների հետ զուգահեռ ի հայտ են գալիս տարածաշրջանային ուժեղ խաղացողներ:

«Եթե պատկերավոր ներկայացնենք, որոշակի եռաստիճան ձևաչափեր են ստեղծվում` գլոբալ խաղացողների, տարածաշրջանային խաղացողների մասնակցությամբ: Այս տեսակետից կան մի քանի տարածաշրջանային համագործակցության առաջարկներ և «3+3»-ը դրանցից մեկն է: Մեզ անհրաժեշտ է միասնական դիրքորոշում որդեգրել բոլորի հանդեպ` առանց կանխակալ վատ կամ լավ վերաբերմունք ունենալով որևէ առաջարկի նկատմամբ: Այս տեսակետից մեզ համար առաջնայինը Հայաստանի ազգային շահերի պաշտպանությունն է և վտանգների ու ռիսկերի հաշվարկումը»,-եզրափակեց Գևորգյանը:

Այս խորագրի վերջին նյութերը