Քաղաքական

03.11.2021 11:29


«Քաղաքացու օրը» նշելու համար հատկացվելու է 40 միլիոն դրամ. անիմաստ ծախսերից բյուջեն չի՞ ուզում ազատվել. Աղվան Վարդանյան

«Քաղաքացու օրը» նշելու համար հատկացվելու է 40 միլիոն դրամ. անիմաստ ծախսերից բյուջեն չի՞ ուզում ազատվել. Աղվան Վարդանյան

ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել է բյուջետային քննարկումները:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ միայն արտասահմանյան գործուղումների համար նախատեսված է 425 միլիոն դրամ:

«Նկատի ունենալով նախագահի սահմանափակ լիազորությունները՝ այս գումարները մի քիչ շատ-շատ չե՞ն»,-Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց Վարդանյանը:

Պատգամավորն ասաց, թե և Ազգային ժողովում պարգևատրումների, դրամական խրախուսումների ու, ընդհանրապես, քաղաքացիական, դատական, պետական այլ ծառայողների գումարները կազմում են ընդհանուր աշխատավարձի գումարների մոտ 20-22 տոկոսը:

«Մենք շարունակելո՞ւ ենք այս նույն գործելաոճը պարգևատրումները, խրախուսումները՝ հակասության մեջ մտնելով օրենսդրության հետ»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Նրա խոսքով՝ Ազգային ժողովի ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված է 235 հազար դրամ, իսկ արտասահմանյան գործուղումների համար՝ 648 միլիոն դրամ:

«ԱԺ հիմնական գործը, փաստորեն, ոչ թե Հայաստանում է, այլ՝ դրսում»,-ընդգծեց Վարդանյանը:

Նա նշեց նաև, թե «Քաղաքացու օրը» նշելու համար հատկացվելու է 40 միլիոն դրամ:

«Անիմաստ ծախսերից բյուջեն չի՞ ուզում ազատվել»,-հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավորը:

Տիգրան Խաչատրյանն էլ ասաց, թե այն հարցերը, որոնք վերաբերում են ծրագրերին ու միջոցառումներին, դրանց պարզաբանումները կթողնի պատասխանատուների մեկնաբանությանը:

«Թե որքանով են այդ միջոցառումներն անհրաժեշտ ու արդյունավետ, դրանք համապատասխան ոլորտում լիազորված անձանց պատասխանատվության ու մեկնաբանությունների առարկան են»,-ասաց նախարարը:

Նա վստահեցրեց, թե բոլոր հավելումները, պարգևավճարները հաշվարկված են օրենսդրությամբ սահմանված կարգով:

«Ֆինանսների նախարարության կողմից պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն ամփոփելու ժամանակահատվածում բոլոր դեպքերում, երբ եղել են որևէ ծախսային հաշվարկներ, որոնք շեղվում են նորմատիվային կարգավորումներից, դրանք տեղ չեն գտել բյուջեի մասին օրենքի նախագծում»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ ասաց, թե պարգևատրման ֆոնդը վերաբերում է Ազգային ժողովի բոլոր աշխատողներին՝ բացի պատգամավորներից:

«Պատգամավորները չեն ստանալու պարգևատորում: Այն մարդիկ, ովքեր այս ջեռուցումն են ապահովել ու մենք այս տաք սենյակում նստած ենք, նրանք կստանան 30 տոկոս պարգևատրում, այն մարդիկ, որոնք ապահովել են այստեղի տեխնիկական սպասարկումը, մաքրում են ամեն առավոտ մեր և ձեր սենյակները, այդ մարդիկ ստանալու են 30 տոկոս պարգևատրում»,-ասաց պատգամավորը:

Այս խորագրի վերջին նյութերը