Քաղաքական

02.11.2021 15:28


Դատախազներն ավելի կարևոր են, քան բժիշկները

Դատախազներն ավելի կարևոր են, քան բժիշկները

Հայաստանը վաղուց դարձել է զուգահեռ իրականությունների երկիր: Մի կողմից հայրենազրկված քաղաքացու բողոքի ձայնն է, մյուս կողմից ժամացույցի և օծանելիքի կորստից բողոքող իշխանությունը, մի կողմում տնից զրկված, տեղահանված քաղաքացին, մյուս կողմից պահանջարկի հաշվին բնակարանի վարձն ավելացնող տանտերը, ի վերջո մի կողմում Արցախի 75 տոկոսի կորուստն է, մյուս իրականությունում այդ կորուստի մեղավոր իշխանությունը, որը հպարտանում է, որ աննախադեպ հատկացում է արել պատերազմից հետո Արցախին:

Եվ ահա, այս պայմաններում օրը սկսում ենք երկու լուրով: Արդարադատության նախարարությունն առաջարկում է աշխատավարձերի մոտ 100 տոկոսի չափով հավելում վճարել գլխավոր դատախազին և նրա տեղակալներին:

Մյուս լուրով կարդում ենք, որ Շտապ օգնության ծառայության մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում, պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձը:

Նշենք, որ գլխավոր դատախազի աշխատավարձը կազմում է 992 հազար դրամ, իսկ տեղակալների աշխատավարձը կազմում է 727 հազար դրամ, ի դեպ, տեղակալները հինգն են: Այսինքն, այս որոշումի ընդունումից հետո գլխավոր դատախազը կստանա մոտ 2 միլիոն դրամ, իսկ տեղակալները՝ 1.5 միլիոն դրամ:

Դրամական միջոցների մասին: Արթուր Դավթյանի դրամական միջոցները 2020 թվականին ներկայացված հայտարարագրով կազմում են 7 մլրդ 6 մլն դրամ, նա ունի երեք հողամաս Շիրակի մարզում, երկու տուն՝ մեկը Երևանում, մյուսը՝ Շիրակի մազրում: Ի դեպ Արթուր Դավթյանի Աջափնյակում գտնվող «դղյակը» ըստ մամուլի հրապարակումների արժե ավելի քան 250 մլն, որը նա թղթով կառուցել է 43 մլն դրամով:

Հետաքրքիր է նաև ներկայացրած նախագծի հավելվածը, որի համաձայն՝ գլխավոր դատախազի, նրա տեղակալների պաշտոնները սահմանվել են որպես առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոններ։

Հիմա անդրադառնանք շտապ օգնության աշխատակիցներին: Բժիշկները՝ մեկ 24-ժամյա հերթապահության համար վճարվում են մոտավորապես 17 հազար դրամ, բուժքույրերը՝ 11 հազար, վարորդները՝ 10 հազար դրամ։ Ամսական կարող են հերթապահել ամենաշատը 7 օր ու գիշեր: Բողոքի ակցիայի ժամանակ վարորդները նշում էին, որ 24 ժամ աշխատելուց հետո ստիպված այլ աշխատանք էլ են փնտրում, որ կարողանան ընտանիք պահել:

Առողջության առաջնային օղակի ծանրաբեռնվածությունը մշտապես ծանր է եղել, իսկ կորոնավիրուսային վարակից հետո ոչ միայն կրկնապատկվել է, այլև առավել ռիսկային է դարձել: Շտապօգնության աշխատակիցները ռիսկի գոտում են, վարակման դեպքերն էլ՝ հաճախակի: Ի դեպ, ամիսներ առաջ էլ բժիշկներն էին բողոքի ակցիա անում, որովհետև աշխատավարձն ուշացրել էին մեկ ամսով:

Իսկ թե ինչպես է որոշվել, որ դատախազների գործն առանձնակի ռիսկային է դարձել վերջին շրջանում, անհասկանալի է: Բայց գործունեության արդյունքն ակնհայտ է բոլորին: Թերևս դրանցից մեկը նշենք՝ այս կառույցը շուրջ երեք տարի ջանասիրաբար պաշտպանում էր մի հոդված, որը ճանաչվեց հակասահմանադրական: Ի դեպ, այդ ընթացքում էլ այդ գործի շրջանակներում պաշտոնի բարձրացումներ եղան, հարց է առաջանում՝ այս դեպքում ինչո՞ւ է կառավարությունը քաջալերում դատախազությանը:

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը