Քաղաքական

01.11.2021 07:34


Կառավարության շենքում նստող պաշտոնյայի ընկերությունը Թուրքիայի և Ադրբեջանի սահմանին փռվող ասֆալտի որակն է ստուգելու

Կառավարության շենքում նստող պաշտոնյայի ընկերությունը Թուրքիայի և Ադրբեջանի սահմանին փռվող ասֆալտի որակն է ստուգելու

168.am-ը մեկ անգամ չէ, որ գրել է Կառավարության շենքում աշխատող պաշտոնյա Բագրատ Բադալյանին պատկանող «Ճաննախագիծ» ՍՊԸ-ի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև պարբերաբար կնքվող մեկ անձից գնման պայմանագրերի մասին։

Տեղեկացնենք, որ «Ճաննախագիծ» ՍՊԸ-ն մատուցում է ճանապարհների շինաշխատանքների հեղինակային հսկողության ծառայություններ։

Ավելի վաղ իրազեկել էինք, թե ինչպես է Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունը 15 միլիոն դոլարի գնում կատարել այն ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանին առնչվող ընկերությունից։

Մեկ այլ դեպքում էլ ներկայացրել էինք նույն գերատեսչության և նույն պաշտոնյային պատկանող ընկերության միջև կատարված 36 միլիոն դրամի գնման մասին։

Հիշեցնենք, որ 2021 թ. արտահերթ ընտրություններից հետո փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանը նշանակվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի տեղակալ, իսկ նրա ղեկավարած ընկերությունից գնումներ անող նախարարության ղեկավար Սուրեն Պապիկյանն էլ դարձավ փոխվարչապետ։

Բոլորովին վերջերս, իսկ ավելի ստույգ՝ հոկտեմբերի 20-ին, Բագրատ Բադալյանին պատկանող «Ճաննախագիծ» ՍՊԸ-ից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մեկ անձից հերթական գնումն է կատարել, այս անգամ՝ 28 միլիոն 800 հարյուր դրամի չափով։

Այս գումարով այս ընկերությունը Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման, Թուրքիա-Մարգարա-Վանաձոր-Տաշիր, Գյումրի-Վարդաքար ճանապարհների վերանորոգման աշխատանքների հսկողությունն է իրականացնելու, ասել է թե՝ ստուգելու է փռված ասֆալտի որակը։

Այս խորագրի վերջին նյութերը