Տնտեսական

31.10.2021 08:48


«Տպավորիչ աճը» գրվեց սառույցին

«Տպավորիչ աճը» գրվեց սառույցին

Էկոնոմիկայի նախարարի կանխատեսումները ոչ մի կերպ չեն արդարանում։ Մինչ նա երկնիշ տնտեսական աճ էր խոստանում այս տարվա համար, տարեվերջին ընդառաջ՝ տնտեսությունը հետ է գնում։ Երկու ամիս անընդմեջ տնտեսական ակտիվությունը նահանջում է. 8 ամսվա արդյունքներով այն կազմեց 4,9 տոկոս, իսկ արդեն հունվար-սեպտեմբերին իջավ 4,4 տոկոսի։

Հիշեցնենք, որ տարեսկզբի 7 ամիսներին տնտեսական ակտիվությունը 5,2 տոկոս էր։ Երկու ամսում այն նվազեց 0,8 տոկոսային կետով։

Էկոնոմիկայի նախարարը շատ ավելի զավեշտալի վիճակում է հայտնվել գյուղատնտեսության վերաբերյալ նախկինում արված կանխատեսումների առումով։

«Այս տարի այդ ոլորտում տպավորիչ աճ ենք ակնկալում, քանի որ 2019թ. մեկնարկած ծրագրերն արդեն «պտուղներ» են տալիս»,-անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի զարգացումներին՝ տարվա կեսերին հայտարարում էր Վահան Քերոբյանը՝ արդարացնելով գյուղատնտեսության նախարարության փակումը։

Թե ինչքանով են նախարարի ասած ծրագրերը «պտուղներ» տալիս և «տպավորիչ աճեր» գրանցում, տեսնում ենք պաշտոնական վիճակագրության հրապարակած ցուցանիշներում։

«Տպավորիչ աճերի» փոխարեն՝ գյուղատնտեսության ոլորտում անկում է արձանագրվել։

Ինն ամսվա տվյալներով՝ արտադրության ծավալները նվազել են 1,5 տոկոսով։

Սա է կառավարության իրականացրած ծրագրերի տված «տպավորիչ աճը»։

Պետական բյուջեից հսկայական գումարներ են հատկացրել ոլորտի սուբսիդավորման համար, ինչ-որ ծրագրեր են իրականացրել՝ կրկին բյուջեի սուբսիդավորմամբ, և ահա արդյունքը։ Գյուղատնտեսությունը շարունակում է անկումային լինել, ու դա նշանակում է, որ այդ գումարները չեն ծառայում իրենց նպատակին։ Միջոցները գնում-կորում են, իսկ արդյունք չկա։

Այնպես չէ, որ անցած տարի գյուղատնտեսությունը լավ վիճակում էր։ Անցած տարի էլ ոլորտն անկումային էր։

Սա դարձել է անընդհատ պրոցես տնտեսության այս հատվածի համար։ Արդեն տևական ժամանակ է, ինչ չի հաջողվում գյուղատնտեսությունը դուրս բերել անկումային իրավիճակից։

Էկոնոմիկայի նախարարի հույսերը՝ այս տարի սպասվող «տպավորիչ աճերի» վերաբերյալ, կրկին գրվում են սառույցին։ Ինչքան տնտեսությունն է երկնիշ աճում, այնքան էլ գյուղատնտեսությունն է «տպավորիչ աճ» գրանցում։

Առաջ գնալու փոխարեն՝ մեր տնտեսության ակտիվությունը կրկին սկսել է հետ գնալ։ Զարմանալի է, որ այդ պայմաններում կառավարությունը բարձրացրել է այս տարվա տնտեսական աճի իր կանխատեսումը՝ հաջորդ տարվա պետական բյուջեով ամրագրելով 6,5 տոկոս։

Թե ինչի՞ վրա է կառավարության հույսը, դժվար է ասել։ Բայց այն փոփոխությունները, որ վերջին ամիսներին տեսնում ենք մեր տնտեսական ցուցանիշներում, լավատեսության հիմքեր բոլորովին չեն տալիս։

Առավել ևս, որ առաջիկայում դեռ կարող ենք բախվել նոր խնդիրների՝ կապված Քովիդի հետ։ Որոշ երկրներ կրկին լոքդաունի տարրեր են սկսել կիրառել։ Չի բացառվում, որ առաջիկայում դրանք ավելի ընդլայնվեն։

Այդ երկրներից է նաև մեր առևտրային հիմնական գործընկերներից մեկը՝ ի դեմս Ռուսաստանի։ ՌԴ-ի հետ հարաբերությունները միշտ էլ էական ազդեցություն են թողել Հայաստանի տնտեսության վրա։ Եթե համավարակի հետ կապված զարգացումները գնան հոռետեսական սցենարով, ապա այս անգամ ևս հազիվ թե հաջողվի խուսափել տնտեսական հետևանքներից։

Թեև Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հակված չէ Հայաստանի տնտեսությունը ևս մեկ անգամ դնել լոքդաունի հարվածի տակ, այնուհանդերձ որոշ սահմանափակումներ արդեն կիրառվում են, ու դրանք ևս տնտեսության օգտին չեն։ Առանց այդ էլ տնտեսական իրավիճակը գնում է ոչ ցանկալի սցենարով։

Անցած տարվա 9 ամիսներին արձանագրված 6,6 տոկոս տնտեսական ակտիվության անկումից հետո, այս տարվա նույն ժամանակահատվածում պաշտոնական վիճակագրությունն ամրագրել է տնտեսական ակտիվության ընդամենը 4,4 տոկոս աճ։ Ավելի քիչ, քան անցած տարվա անկումը։

Ինն ամսվա տվյալներով՝ անկում է գրանցվել գյուղատնտեսության և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում։

Փոքր աճ դեռևս պահպանվում է արդյունաբերության մեջ, բայց վերջին ամիսներին աճի տեմպը տնտեսության այս առանցքային ոլորտում գնալով կրճատվում է։

Եթե 7 ամսում այն կազմել էր 2,1, 8 ամսում՝ 1 տոկոս, ապա 9 ամսվա արդյունքներով իջել է 0,7 տոկոսի։

Սեպտեմբերին նախորդ սեպտեմբերի համեմատ արդյունաբերությունը կրկին անկումային է եղել։

Թեև այնպես չէ, որ տնտեսության մյուս ոլորտներում անցած տարվա ճգնաժամային իրավիճակից հետո գործերը լավ են։

Ընդամենը 2,4 տոկոս ակտիվության աճ է գրանցվել ամբողջ տնտեսության մեջ՝ անցած տարվա սեպտեմբերի 7,5 տոկոս նվազման ֆոնին։

Շինարարությունը ևս մտահոգիչ վիճակում է։ Աճի տեմպը գնալով կրճատվում է։ Ինն ամսվա տվյալներով՝ այն կազմել է 6,4 տոկոս՝ նախորդ տարվա գրեթե 16 տոկոս նվազումից հետո։

Շինարարության աճն առաջին կիսամյակում հասնում էր գրեթե 11 տոկոսի, իսկ հունվար-ապրիլին նույնիսկ մոտ էր 20 տոկոսին։ Աճի տեմպը վերջին 5 ամիսներին ընկել է ավելի քան 3 անգամ։

Ի դեպ, այստեղ էլ էկոնոմիկայի նախարարի կանխատեսումները մնացին որպես բարի ցանկություններ։ Տարվա սկզբին նա հայտարարում էր, թե Հայաստանը վերածվել է մեծ շինհրապարակի։

Սեպտեմբերը բարեհաջող չի եղել նաև արտահանման համար։ Արտահանումը նվազել է՝ ինչպես նախորդ ամսվա, այնպես էլ՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Մի դեպքում անկումը կազմել է՝ 16, մյուս դեպքում՝ 11,5 տոկոս։ Դրա հետևանքով 9 ամսվա արտահանման ցուցանիշը ևս վատացել է։

Ահա այսպիսի տեմպերով է վերականգնվում մեր տնտեսությունը։ Վերականգնման տեմպն անհամեմատ ավելի ցածր է, քան անցած տարվա անկումը։

Ավելին, պաշտոնական վիճակագրության վերջին ամիսների ցուցանիշները վկայում են, որ մեր տնտեսության վերականգնման դինամիկան արագանալու փոխարեն՝ գնալով դանդաղում է։ Չենք կարողանում բարձր աճ ապահովել՝ անգամ նախորդ տարվա խորը անկման նկատմամբ։

Իշխանություններն ավելի շատ խոսում են, քան գործ անում։ Արդյունքը ահա սա է։ Զարմանալի չէ, որ մեր տնտեսության վերականգնման ընթացքը անհամեմատ դանդաղ է նաև հարևանների նկատմամբ։ Օրինակ՝ Վրաստանում տնտեսական աճի տեմպը գրեթե 3 անգամ ավելի բարձր է, քան մերը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը