Քաղաքական

30.10.2021 12:19


Իրավական նիհիլիզմ

Իրավական նիհիլիզմ

Ուղիղ մեկ ամիս է անցել, սակայն պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակի մասին եզրակացություն չկա. դատարանի կողմից փորձաքննություն նշանակելուց հետո լռություն է տիրում: Խոսում, բողոքում են միայն փաստաբանները, որոնք պարբերաբար բարձրաձայնում են, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը կալանքի հետ անհամատեղելի է, բայց խափանման միջոցը փոխելու համար առողջապահական հանձնաժողովի եզրակացությունն է պետք: Իսկ հանձնաժողով դեռ ստեղծված էլ չէ, թեեւ դատարանն էր որոշում կայացրել դրա անհրաժեշտության վերաբերյալ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մինչ օրս չի արձագանքել:

«Փաստացի մեկ ամիս իրավասու մարմինն անգործություն է ցուցաբերում, իսկ ՀՀ առողջապահության նախարարությունն էլ իր հերթին ոչ մի կերպ դրան չի արձագանքում: Ստեղծված իրավիճակը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի իշխանություններն ունեն նպատակ պրոֆեսորին ամեն գնով երկար պահել բանտում, ինչը պարզապես իրավական նիհիլիզմի տարր է պարունակում»,-հայտարարել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Նա հորդորում է Առողջապահության նախարարին` հրատապ պատասխանել դատարանի գրությանը եւ բժշկական հանձնաժողով ստեղծել:

«Հակառակ դեպքում պարոն Չարչյանի համար անդառնալի հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը Դուք եք կրելու, տիկի՛ն»,-նշել է փաստաբան Ալեքսանյանը:

Արմեն Չարչյանի գործով դատական նիստը հետաձգվել է մինչեւ նոյեմբերի 22-ը:

Աղբյուրը` «Ազգ» շաբաթաթերթ

Այս խորագրի վերջին նյութերը