Կարծիք

06.07.2011 18:36


Նահանջ՝ բարձր նոտայով

Նահանջ՝ բարձր նոտայով

Նորանկախ Հայաստանում վերջին անգամ իշխանություն ու ավազակապետություն է կազմաքանդվել ոչ հեռավոր 1998 թվականին, որին նախորդել էին 1996 թվականի խայտառակ նախագահական ընտրությունները։ Սա փաստ է և անգամ Լևոն Տեր-Պետրոսյանն է խուսափում որևէ կերպ անդրադառնալ այդ օրերի իրադարձություններին։ 2007-ին, երբ նոր էր սկսել ակտիվանալ, մեկ-երկու անգամ ընդամենը փորձ արեց ներողություն խնդրել ժողովրդից` նրան պատճառած զրկանքների համար։ Տվեք ինձ ընդամենը երեք տարի, ինձ դարձրեք գործիք և ես կքավեմ մեղքերս։ Առաջին հանրահավաքներին գոնե այսպես էր հասկացվում նրա խոսքը։ 1998-ին նա ոչ լեգիտիմ նախագահ էր բոլոր առումներով։ Ձախողված էր նրա թե արտաքին և թե ներքին քաղաքականությունը, եթե իհարկե, այն օրերին կային այդպիսիք։

Դժվար է նույնիսկ պատկերացնելը, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, Լևոն Տեր-Պետրոսյանը կորդեգրեր մեկ այլ մարտավարություն, քան այն, ինչ իր դեմ կիրառվեց 1996-ի ընտրություններից հետո (տարբերություններ կան իհարկե, որովհետև առավել քան ցցուն էին խախտումները, բայց խորքում գործընթացներն ավելի շատ համընկնում են)։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանած թեկնածուից` Սերժ Սարգսյանից, հաղթանակը խլելու համար, Լևոն Տեր-Պետրոսյանը, բնական է, իր պայքարը պետք է ծրագրեր երկու փուլով` նախընտրական և հետընտրական։ Թե մեկ և թե մյուս փուլերում նրան օդի ու ջրի պես անհրաժեշտ էր հզոր քաղաքական ուժերի միասնություն իր ճամբարում, ինչպիսին հրապարակում կար 1996-ին։ Բայց նա այդ աջակցությունը չստացավ թե առաջին և թե երկրորդ փուլերում։ ՀԱԿ-ի ձախողումը պետք է պայմանավորել հենց սրանով։ Եթե ժողովրդի ֆակտորը դնենք մի կողմ (իսկ 1996-1998 թվականներին զգալիորեն ավելի շատ մարդ կար փողոցում), ապա կտեսնենք, որ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի ամենահզոր դաշնակիցները եղել են դրսի ուժերը։ Իսկ ներսում նա չկարողացավ իր համար ապահովել անգամ Ռոբերտ Քոչարյանի թեթև ձեռքով ընդդիմադիր դաշտում հայտնված ՕԵԿ-ի աջակցությունը։

Որքան էլ տպավորիչ է ՀԱԿ-ի տանիքի տակ հավաքված կուսակցությունների ու կազմակերպությունների թիվը (եթե չենք սխալվում` 18), միևնույն է, նրանց շարքերում չկա այն առաջնորդ կուսակցությունը, որը կկարողանար իր գաղափարական տանիքով ամպհովանի լինել շարժմանը։ Հանրահայտ ազատական լոզունգների ծածանումը հրապարակներում և իշխանությունների հասցեին կոշտ որակումներ տալը, կարող էր նրան հաջողություն բերել աֆրիկյան մի ճնշված երկրում, բայց ոչ երբեք Հայաստանում, որտեղ ժամկետը լրանալու հետ հեռանում էր մի նախագահ, ով ոչ միայն չէր վատնել իր նախորդի աննշան ձեռքբերումները, այլ մի բան էլ ավելացրել էր։ Հենց թեկուզ ազատական գաղափարների տեսանկյունից էր ավելացրել, եթե չասենք, որ գրեթե զրոյական մակարդակից վեր հանեց տնտեսությունը, որևէ անգամ զիջման չգնաց Արցախի հարցում, որևէ պահի չշեղվեց իր իսկ հավանությամբ ընդունված ազգային անվտանգության ուղեգծից։

Այսօր արդեն, նախագահական ընտրություններից երեք տարի անց, Լևոն Տեր-Պետրոսյանը կորցրել է նույնիսկ Սերժ Սարգսյանին ոչ լեգիտիմ նախագահ հռչակելու իր բոլոր ռեսուրսները։ Երեք տարի շարունակ, գոնե մեկ վայրկյան անգամ չմտածելով, որ ինքը պարտվել է ընտրություններում, նա ինքնաբերաբար (երբեմն ակամա, երբեմն մտածված) համագործակցել է Սերժ Սարգսյանի հետ` լեգիտիմացնելով ու գերլեգիտիմացնելով նրան նախագահական պաշտոնում։ Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանն ընդհանրապես բացահայտ է խոսում այդ մասին` հայտարարելով, որ միայն Սերժ Սարգսյանից է պահանջում երկխոսություն սկսել-չսկսելու հարցի պատասխանը։ Այս առումով հնչող մեկնաբանություններն, իհարկե, շատ են ու բազմատեսակ, բայց երբ մեկից մի բան ես սպասում, ուրեմն մտածում ես, կամ գիտես, որ այդ խնդիրը լուծել կարող է միայն այդ մեկը, որն այս դեպքում երկրի նախագահն է։

Կորցրե՞ց, թե՞ շահեց Լևոն Տեր-Պետրոսյանն անցած քաղաքական գարնան գործընթացների արդյունքում։ Անողոք գնահատականներն այստեղ տեղին չեն` դհոլացում, ԱԽՔ-ացում և այլն։ Սա այն դեպքը չէ։ Նույնիսկ այսպես մտածողներն են վստահ, որ եթե վաղը ընտրություններ լինեն, Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս կկարողանա զգալի թվով ձայներ հավաքել։ Հետևաբար ո՞րն էր բարձր նոտայով երկխոսության գնալու բուն պատճառը։ Չէ՞ որ Լևոն Տեր-Պետրոսյանը չէր կարող հաշվի չառնել, որ լինելու են նաև անողոք գնահատականներ։ Մեր կարծիքով նրան շունչ առնելու դադար է անհրաժեշտ։ Իսկ լավագույն դադարը, ինչպես պատերազմում, հակառակորդի հետ բանակցությունների շուրջ բանակցելն է, ինչն էլ այսօր անում է Տեր-Պետրոսյանը։ 2008 թ. մարտի 1-ի համեմատությամբ նա որոշ առաջխաղացում ապահովել է։ Այսօր նրա զինակիցներից ոչ ոք բանտում չէ։ Ուրիշ երբ, եթե ոչ հմա օգտագործել բանակցությունների գործիքները, մանավանդ որ օդը լիքն է դրական տրամադրություններով թե ՀԱԿ-ի և թե մարդասիրական քայլ արած իշխանության ճամբարներում։

Ի՞նչ շարունակություն կստանա Լևոն Տեր-Պետրոսյանի պայքարը։ Մեծ հաշվով պետք է որ դա պայմանավորված չլիներ այս երկխոսության արդյունքներով, եթե Տեր- Պետրոսյանն իր առջև մեկ նպատակ ունի` իշխանափոխություն։ Բայց նա ունի՞ քաղաքական դաշտի հզոր ուժերի աջակցությունը, որպեսզի նոր եռանդով նետվի պայքարի թատերաբեմ և իրականացնի այդ իշխանափոխությունը։ Չունի, իհարկե, դրա համար էլ մեծ նշանակություն է տալիս երկխոսությանն ու սպասում Սերժ Սարգսյանի պատասխանին։ Ցույց է տալիս, թե մի բան էլ ինքն է պայմաններ թելադրողը, բայց համբերատար սպասում է։

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը