Քաղաքական

29.10.2021 14:19


Դուշանբեում Ալիևը հասկացավ`ում հետ գործ ունի. պատերազմի որոշումը կայացրել են աստիճանաբար՝ հստակ տեսնելով, որ քանդվում է ՀՀ պաշտպանական համակարգը. Վրթանեսյան (տեսանյութ)

Դուշանբեում Ալիևը հասկացավ`ում հետ գործ ունի. պատերազմի որոշումը կայացրել են աստիճանաբար՝ հստակ տեսնելով, որ քանդվում է ՀՀ պաշտպանական համակարգը. Վրթանեսյան (տեսանյութ)

Իշխանական քարոզչությունը ու նաև իշխանության գրպանում ծվարած քաղաքական ու հասարակական խմբերը պնդում են, որ պատերազմը և պատերազմում պարտվելը անխուսափելի էր։ Այս մասին «Կորսվաժ հայրենիք, դավաճանությո՞ւն, թե անգրագիտություն» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

«Մարդկանց գիտակցության մեջ ստեղծվել է մի այսպիսի միֆ, որ 1991-1993թթ. մենք ունեինք հզորագույն, կազմավորված բանակ, պետություն, և 30 տարի այդ ամեն ինչը թալանել են։ Իրականում, այն մարդկանց, ում հիմա մեղադրում են թալանի մեջ, այդ մարդիկ են զրոյից հիմնադրել այդ բանակը»,-ասաց նա։

Անդրադառնալով հարցին` արդյոք պատերազմի սկիզբը կանխորոշվա՞ծ էր, Վրթանեսյան նշեց, որ վստահ է`2018թ. ապրիլ-մայիսին նման որոշում չի եղել:

«Ադրբեջանը միշտ պատրաստվել է պատերազմի, այլ հարց էր`կգնար այդ քայլին, թե ոչ, իսկ դա կախված էր մեզնից։ Եթե իմանային, որ այդ պատերազմը չեն մարսի, բնականաբար, չէին սկսի։ 2018թ.-ի ապրիլ-մայիսին անկայուն, քաոսային իրավիճակ էր ստեղծվել, բայց Ադրբեջանը բացի Նախիջևանում բարձունք գրավելուց, այլ լայնածավալ քայլերի չդիմեց։ Ակնհայտ էր, որ այդ ժամանակ լայնամասշտաբ պատերազմ սկսելու որոշում չունեին։ Ադրբեջանը, այսպես ասած, «թևեր առավ» Դուշանբեի հանդիպման ժամանակ։ Կարծում եմ՝ Ալիևը, մի քանի նախադասություն փոխանակելով, հասկացավ`ում հետ գործ ունի»,-նշեց Վրթանեսյանը։

Վրթանեսյանը ընդգծեց, որ այդ պայմաններում ադրբեջանցիները ակտիվ շինարարական աշխատանքներ էին իրականացնում սահմանին, որը նախկինում չէին կարող անել.

«2019թ.-ի փետրվարին այդ աշխատանքներն ավարտելուց հետո Հայաստանին սկսեցին մեղադրել սադրանքների համար։ Եղավ նաև մի շատ կարևոր իրադարձություն, որը այստեղ սկսեցին ներկայացնել որպես խաղաղության նախանշան։ Դա ՀՀ հյուսիս-արևելյան սահմանների մոտ Ադրբեջանի զինվորների փոխարինումն էր սահմանապահներով։ Հարց առաջացավ`ուր է գնալու այն զորքը, որն այդտեղ կանգնած էր։ Այդ զորքը Ադրբեջանի համար դարձավ ռեզերվ Արցախի ռազմաճակատում։ Հետագայում ՀԱՊԿ կողմից առաջարկված զորավարժության առաջարկի մեջ դա ներկայացվում էր որպես ռիսկ»։

Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ պատերազմի որոշումը Ադրբեջանում կայացվել է ոչ միանգամից, դրան եկել են աստիճանաբար`տեսնելով, թե Հայաստանում պետական կառավարման համակարգը ինչպես է արձագանքում ճգնաժամերին։

«Ադրբեջանը հստակ տեսնում էր, որ քանդվում է պաշտպանական համակարգը։ Ապա քովիդի ժամանակ ուղիղ եթերում կառավարության նիստի ժամանակ ՀՀ ղեկավարը սկսեց ռազմավարական պաշարների մասին գաղտնի տվյալներ հայտարարել։ Ադրբեջանը տեսնում էր`ինչ վիճակ է Հայաստանում, իսկ պատերազմը նախևառաջ ոչ թե բանակների, այլ պետական համակարգերի բախում է»,-ասաց նա:

Անդրադառնալով 2020թ.-ի հուլիսյան ռազմական գործողություններին, Վրթանեսյանը նշեց.

«Ադրբեջանը և Թուրքիան 2019թ.-ի կեսերից ունեին պատերազմի որոշում և հստակ պլան։ Հուլիսյան դեպքերը այդ պլանից դուրս էին, իրենք լիարժեք պատրաստ չէին, բայց նաև փորձեցին ստուգել` Հայաստանի նոր արտգործնախարարությունը ինչպես է կարողանում «խաղալ» դրսում ճգնաժամային պայմաններում։ Հուլիսյան դեպքերի ժամանակ ճակատում մենք հաջողեցինք, բայց միջազգային ասպարեզում շատ վատ աշխատեց Հայաստանի դիվանագիտությունը»։

Փորձագետի խոսքով`Ադրբեջանը չէր գնա պատերազմի ճանապարհով, եթե Հայաստանում պետական կառավարմանև պաշտպանական համակարգում, իր բնորոշմամբ՝ «ավիրված» վիճակ չլիներ։

Աղբյորը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը