Լրահոս

25.10.2021 16:16


«Նոր օրենքը սահմանափակում է խոսքի ազատությունը». լրագրողական միջազգային կազմակերպությունները միանում են Հայաստանի Ժուռնալիստների միության պահանջին

«Նոր օրենքը սահմանափակում է խոսքի ազատությունը». լրագրողական միջազգային կազմակերպությունները միանում են Հայաստանի Ժուռնալիստների միության պահանջին

2021 թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանում ուժի մեջ մտավ մի նոր օրենք՝ բարձրացնելով «վիրավորանքի» և «զրպարտության» համար նախատեսված տուգանքների առավելագույն շեմը նախկինից երեք անգամով: Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ) և Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) միացել են իրենց գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միությանը (UJA)՝ դատապարտելով այս օրենքը և դրա ազդեցությունը խոսքի ազատության իրավունքի վրա։

Զրպարտության մասին օրենքն ընդունվել է Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտին՝ այն բանից հետո, երբ Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերից մեկը վարչապետի նկարի ներքո մեկնաբանություն էր հրապարակել, որը դիտարկվել էր՝ որպես վիրավորական: Օրենքը ՀՀ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց այս ամիս: Այն սահմանում է, որ «վիրավորանքի» համար առավելագույն տուգանքը կկազմի 5400 եվրո, իսկ «զրպարտության» համար՝ գրեթե 11 հազար եվրո։

Սույն օրենքը ՍԴ էր ուղարկվել այն բանից հետո, երբ նախագահ Արմեն Սարգսյանը մերժել էր այն ստորագրել՝ օրենքի սահմանադրականության և մամուլի ազատության վրա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ մտահոգություններ հայտնելուց հետո։ «Այս օրենքն ակնհայտորեն սահմանափակում է խոսքի ազատության իրավունքը, որը ժողովրդավարության ամենակարևոր հիմնասյուներից է, դրա զարգացման և յուրաքանչյուր անձի ինքնադրսևորման հիմնական պայմաններից մեկը»,-հայտարարության մեջ նշել է Հայաստանի ժուռնալիստների միությունը:

Հայաստանի Ժուռնալիստների միությունը բազմիցս զգուշացրել է օրենքի հետևանքների մասին և իր մտահոգությունը հայտնել լրատվամիջոցների նկատմամբ դրա ազդեցության վերաբերյալ: ՀԺՄ-ն հավելել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախատեսում է նման տուգանքներ նշանակելիս երկրի և մեղադրյալների տնտեսական վիճակը հաշվի առնելու անհրաժեշտություն։

IFJ-ի գլխավոր քարտուղար Էնթոնի Բելանջերն ասել է.

«Մենք ՀԺՄ-ի կողքին ենք ընդդեմ մի օրենքի, որն ունի հստակ քաղաքական նպատակ և դրամատիկ հետևանքներ կունենա մամուլի և լրատվամիջոցների աշխատողների վրա»:

EFJ գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեզն իր հերթին նշել է.

«Այլ երկրների փորձառությունից մենք գիտենք, որ նման բարձր տուգանքները օգտագործվում են լրագրողներին վախեցնելու և լռեցնելու համար։ Մենք խստորեն կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերանայել օրինագիծը՝ մեր գործընկերների հետ երկխոսելով»:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը