Քաղաքական

23.10.2021 20:55


«Լարվածությունն օր օրի ավելի է շատանում, մեզ ավելի վատ օրեր են սպասվում». Բարձրավանի գյուղապետ

«Լարվածությունն օր օրի ավելի է շատանում, մեզ ավելի վատ օրեր են սպասվում». Բարձրավանի գյուղապետ

Գրեթե երկու ամիս է՝ թշնամին ոստիկանական անցակետ է տեղադրել Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում։ Բացի այն, որ այդ հատվածում նրանք կանգնեցնում են իրանցի վարորդներին և գումար գանձում, հայերին ևս թույլատրում են որոշակի ժամանակահատվածում անցնել ճանապարհը։ Այժմ հայերը մեկ ժամ պետք է սպասեն այդ հատվածում, այնուհետև ռուս սահմանապահների ուղեկցությամբ անցնեն՝ հնարավոր վտանգներից խուսափելու համար։

168.am-ի հետ զրույցում Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանն անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ոստիկանական անցակետի և առհասարակ ՀՀ սուվերեն տարածքում թշնամու ներկայությամբ պայմանավորված իրավիճակին, տեղեկացրեց, որ Սյունիքում լարվածությունը գնալով մեծանում է և անվտանգությունն ավելի փխրուն է դառնում։

«Մենք շարունակում ենք օգտվել Որոտանի այդ ճանապարհից, լարվածությունը օր օրի ավելի է շատանում, մեզ ավելի վատ օրեր են սպասվում։ Այդ ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցնում են հայերին ու տուգանքներ գրում, ճիշտ է՝ բարձրավանցիների շրջանում դեռ այդպիսի դեպք չի եղել, բայց ոչինչ չի բացառվում։ Այժմ ընթանում է այլընտրանքային ճանապարհի շինարարությունը, սակայն այդ այլընտրանքային ճանապարհները երկարացնում են մեր ճանապարհը, ինչպես արդեն ասել եմ նախկինում՝ 30 կիլոմետրը դառնում է 70 կիլոմետր։

Հնարավոր կորուստներից խուսափելու համար ես իմ ամբողջ ազգին առաջարկում եմ միախմբվել և միասին պայքարել թշնամու ոտնձգության դեմ։ Այդ ժամանակ մենք շատ մեծ հաջողությունների կհասնենք, մեզ այս պահին միավորում է պետք, պետք է միավորվել մեկ գաղափարի՝ մեր պետության ու հայրենիքի շուրջ։ Պետք է պայքարել, որ մեր կորցրած հողերը հետ բերենք, դրանք անխուսափելիորեն պետք է հետ բերենք»։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։

***

Հոկտեմբերի 22-ին Ալիք Մեդիան, հղում անելով իր «դիվանագիտական վստահելի աղբյուրներին», հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու։

«Երկու փաստաթղթերը, որոնք գրեթե ավարտական տեսք են ստացել, կստորագրեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ, եթե վերջին պահին չլինեն ֆորս-մաժորային իրավիճակներ: Առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները: Այդ քարտեզների մասին այսօր, ոչ պատահական կերպով, հիշեցրել է Վլադիմիր Պուտինը:

Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ ևս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետների մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման մանրամասներին»,-նշել էր կայքը։

Հրապարակման վերաբերյալ հայտարարություններ էր տարածել ՀՀ արտգործնախարարության խոսնակը, նշելով.

«Ուզում եմ նաև ընդգծել, որ այս թեմայի շուրջ որոշ շրջանակների տարածած լուրերը ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում: Իրավիճակի մեջ ճիշտ կողմնորոշվելու համար խորհուրդ կտայի ուսումնասիրել 2021 թվականի հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպմանը նախորդած լուրերը, պնդումները, «բացահայտումները», ծանոթանալ հանդիպման արդյունքներին ու բովանդակությանը և հետահայաց վերլուծել, թե որքանո՞վ էին համապատասխանում հանդիպումից առաջ տարածվող լուրերը իրականությանը»։

168.amի հետ զրույցում Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի ղեկավար Օնիկ Ավագյանն ասաց, որ սահմանների վերաբերյալ տարբեր քարտեզներ կան, ու իր համար անհասկանալի է, թե ինչու են շրջանառության մեջ դնում հենց 1920-ականների քարտեզները։

«Սահմանազատման այդ քարտեզներից մեզ հաստատ լավ բան չի սպասվում, ինչ արվելու է՝ արվելու է հօգուտ ադրբեջանական կողմի։ Մենք սահմանազատման ավելի հին ու բարենպաստ քարտեզներ ունենք, ինչո՞ւ հենց այդ քարտեզներն օրակարգ բերեցին, սա ո՞ւմ է ձեռնտու, ինչո՞ւ պետք է հենց այդ քարտեզներով տեղի ունենա սահմանազատում»,-նշեց Օնիկ Ավագյանը։

Ըստ նրա, պետք է համապատասխան կառույցներն ասեն, թե ինչո՞ւ են այդ քարտեզներին տուրք տալիս։

«Ովքե՞ր են համաձայնել, որ այդ քարտեզներով լինի սահմանազատումը, իրենք էլ թող պատասխանեն բոլոր հարցերին, ի՞նչն են հաշվի առել, որ սեղանին այդ քարտեզներն են դրել։ Ամեն դեպքում մեզ համար ընդունելի չեն այդ քարտեզները, որպես սյունեցի՝ ինձ համար բոլորովին ձեռնտու չեն դրանք»,-հավելեց նա։

Այս խորագրի վերջին նյութերը