Քաղաքական

22.10.2021 19:12


«Եթե իշխանություններն այդ տարածքը հայկական չեն համարում, եթե մենք գտնվել ենք Ադրբեջանի տարածքում, ի՞նչ իրավական նորմերով է ՔԿ–ն քննում այս գործը»․ Մենուա Հովսեփյան

«Եթե իշխանություններն այդ տարածքը հայկական չեն համարում, եթե մենք գտնվել ենք Ադրբեջանի տարածքում, ի՞նչ իրավական նորմերով է ՔԿ–ն քննում այս գործը»․ Մենուա Հովսեփյան

Հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզի մի քանի համայնքներում, այդ թվում՝ Գորիս խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում հաղթեց գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի գլխավորած «Առուշ Առուշանյան դաշինքը»։

Նշենք, որ թեկնածուները 3-ն էին՝ «Առուշ Առուշանյան դաշինքով» հանդես եկող Առուշ Առուշանյանը, ով գտնվում է կալանքի տակ, ՀԱԿ թեկնածու, «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Լազարյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, ՊԵԿ նախկին աշխատակից Վլադիմիր Աբունցը։

168.am-ի հետ զրույցում Գորիսի համայնքապետի նախկին տեղակալ Մենուա Հովսեփյանն անդրադարձավ Գորիսում տիրող ընդհանուր իրավիճակին՝ ասելով․

«Թշնամին շարունակում է մնալ ՀՀ սուվերեն տարածքում, որևէ փոփոխություն այդ առումով տեղի չի ունեցել։ Դրա վերաբերյալ մեր տեսակետը նույնն է՝ մայրուղին ու առհասարակ բոլոր այն տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին, պետք է արագորեն ազատվեն, և թշնամին պետք է հետ շպրտվի այդ տարածքներից։ Առաջնային ենք համարում Սյունիքի անվտանգության հարցը, բնակիչների, քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը և առհասարակ իր սեփական հողում բնակչի ազատ ապրելու իրավունքը»։

Իսկ ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններից հետո եղած իրավիճակին, ապա Մենուա Հովսեփյանն ասաց, որ Գորիս համայնքի բարոյահոգեբանական մթնոլորտը, որը մեկ տարուց ավելի փորձում էին ճնշել և խաթարել, վերականգնված է։ «Հիմա ամեն բան նորմալ է, միայն քաղաքացու ու մեր բոլորիս համար ամեն ինչ լիարժեք չէ, քանի որ համայնքի ղեկավարը գտնվում է անազատության մեջ, սակայն հույս ունենք, որ նոյեմբերի 5-ին Առուշ Առուշանյանն ազատ կարձակվի և կվերադառնա իր աշխատանքին»,- ասաց նա։

Նա տեղեկացրեց, որ Առուշ Առուշանյանի կալանավորման սկզբում համայնքապետի պարտականությունները կատարում էր ինքը, սակայն, երբ իրեն էլ կալանավորեցին, Առուշանյանի հրամանով պարտականությունների կատարման լիազորությունը տրվեց համայնքապետի մյուս տեղակալ Կարեն Քոչարյանին։

«Այժմ համայնքապետի պարտականությունները կատարում է Կարեն Քոչարյանը, դեռ վերջնական չենք որոշել՝ համայնքի ղեկավար կընտրենք նոր ընթացակարգո՞վ, թե՞ նա կշարունակի պաշտոնավարել նախկին ընթացակարգով, քանի որ նա դեռ ունի պաշտոնավարման մեկ տարի ժամանակ։ Եթե մինչ այդ Առուշ Առուշանյանը վերադառնա, նա կշարունակի ղեկավարել համայնքը, եթե ոչ, գուցե ինձ վրա դրվեն համայնքապետի պարտականությունները։ Եկող շաբաթվա մեջ ամեն ինչ պարզ կլինի»,-հավելեց Մենուա Հովսեփյանը։

Անդրադառնալով խոսակցություններին, թե՝ Գորիսի ՏԻՄ ընտրություններով գորիսեցիները մերժեցին ներկայիս իշխանություններին, ինչը հույսեր է արթնացնում, որ իշխանափոխությունը հենց Գորիսից՝ Սյունիքից է սկսվելու, Մենուա Հովսեփյանը նկատեց՝ գորիսեցին ոչ թե իշխանափոխություն կատարեց Գորիսում, այլ հակառակը՝ պահպանեց իր նախկին իշխանությունը։

«Պահպանեց այն իշխանությունը, որն ընտրել էր 2017 թվականին՝ բացարձակ մեծամասնությամբ։ Գորիսեցին ընտրեց Առուշ Առուշանյանին, ով 2017 թվականից մինչ օրս Գորիսում կատարել է բազմաթիվ փոփոխություններ, զարգացրել է մեր համայնքը և մինչ օրս շարունակում է զարգացնել։ Բոլոր ծրագրերն ուղղված են համայնքի զարգացմանը և վաղվա օրվա տեսանելի լինելուն։ Գորիսեցին ընտրություն կատարեց վաղվա օրվա համար և իր վաղվա օրը տեսավ Առուշ Առուշանյանի հետ»,-շեշտեց նա։

Մենուա Հովսեփյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե թշնամին, որը ոստիկանական անցակետ է դրել Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում, չի գտնվում ՀՀ տարածքում։

Հակադարձելով այդ հայտարարություններին, Մենուա Հովսեփյանը կրկնեց՝ թշնամին ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, և դա փաստ է, որն արձանագրվել է բազմիցս։

«Ինչ վերաբերում է Որոտանի այդ հատվածն ադրբեջանական համարելու՝ իշխանությունների պնդումներին, և եթե այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին, ապա այն քրեական գործը, որը հարուցվել է իմ նկատմամբ, թե իբրև խուլիգանություն եմ գործել ու կազմակերպել ու հրահրել եմ, որպեսզի ձվերով հարվածեն Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանը և դրանով իսկ վնաս եմ պատճառել նրա մեքենային, որը կազմել է շուրջ 24 մլն դրամ, հիմա հակադարձում եմ․ Եթե այդպես է, ուրեմն ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել Ադրբեջանի տարածքում և չի եղել ՀՀ տարածքում, հետևաբար՝ ի՞նչ իրավական նորմերով է Քննչական կոմիտեն և առհասարակ իրավապահ մարմինները քննում այս գործը, եթե մենք գտնվել ենք Ադրբեջանի տարածքում։ Նախ, նրանց այդ հայտարարությունը չեմ կիսում, նորից ու նորից ասում եմ՝ դա ՀՀ սուվերեն տարածքն է, բայց եթե իրենք չեն համարում հայկական, ես էլ ասում եմ՝ բարի եղեք, այդ գործը կարճեք, հակառակ դեպքում, եթե ցանկություն ունեն՝ թող տեղափոխեն Ադրբեջանի դատախազություն, տուժող կողմն էլ գնա այնտեղ իրավական քննություն անցնի, տեսնեն՝ ով է մեղավոր»,-ընդգծեց Մենուա Հովսեփյանը։

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ հատկապես Առուշ Առուշանյանի վերընտրվելուց հետո իշխանությունը շարունակելու է իրենց դեմ քրեական հետապնդումները, Մենուա Հովսեփյանը պատասխանեց, որ այդ ամենը չի կարող մտավախություն համարել, քանի որ իրենց համար արդեն առօրյա է դարձել իշխանությունների ոչ նորմալ պահվածքը՝ սկսած ոստիկանական ճնշումներից, վերջացրած իրավապահ մարմինների ու ուժային կառույցների կողմից իրականացրած ռեպրեսիվ գործողությունները։

«Այս ամենը մտավախություն չի առաջացնում, ուղղակի առօրյա պայքարելու ձև է դարձել։ Ես միայն կարող եմ ասել, որ միանշանակ մեր տեսակետներում ոչինչ չի փոխվել և չի փոխվելու։ Մենք ընդամենն ասում ենք՝ եկեք ճիշտ խոսենք բնակիչների հետ՝ չստենք։ Երբ, օրինակ, թշնամին ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, առաջին հերթին արձագանքում է Գորիս համայնքը, իսկ իշխանությունն ուղիղ մեկ ամիս ասում է, թե նման բան չկա, մեկ ամիս հետո ասում են՝ այո, Սև լճի տարածքում, օրինակ, 6 կմ կամ 8 կմ թշնամին առաջ է եկել։ Ինչո՞ւ հենց սկզբից չեն արձանագրում փաստը և չեն ասում, որ թշնամին մեր նկատմամբ ոտնձգություններ է իրականացնում։ Ինչ վերաբերում է հարցերը լուծելուն, ապա այն օրվանից, երբ մենք սկսենք ճիշտ խոսել, հնարավոր կլինի հարցերի լուծումը»,-նշեց նա։

Նա խոսեց նաև իր ձերբակալության օրը ոստիկանության իրականացրած «շոուի» մասին, երբ իրեն ձեռնաշղթաներով ու գետնին գցելով էին տարել բաժին։

«Այն ձևով, ինչպես մեզ էին ձերբակալում, չեն համարձակվի նույնիսկ այդ ձևով թշնամուն վերաբերվել․ մեկ է՝ իրավապահներն այդ ամենի պատասխանը մի օր տալու են։ Եթե իրավապահները ներխուժում են մի տարածք՝ մարդուն ձերբակալելու, այդ մարդն ասում է՝ ես պատրաստ եմ ձեզ հետ գալու, ես ո՛չ պատուհանից ներքև եմ նետվել, ո՛չ էլ ինչ-որ բառ եմ ասել, հանգիստ կանգնել եմ։ Վեր եմ կացել, ասել եմ՝ ես ձեզ հետ կգամ այնտեղ, որտեղ ինձ պետք է տանեք։ Ինչ վերաբերում է ձեռնաշղթաներ կիրառելուն և նման ձևով տանելուն՝ դրան հումորով եմ վերաբերվում, քանի որ այդ ամենը լուրջ չէ։ Ահաբեկիչներ չէինք նստած և ինչ-որ ահաբեկչական փորձ չէինք նախապատրաստում, մենք պարզապես մարդիկ ենք, որոնք սիրում են իրենց երկիրը և ենթարկվում են Սահմանադրության բոլոր կետերին։ Նման ձևով վարվելն արվել է միայն նրա համար, որ համայնքի բնակիչներին փորձեն ինչ-որ բան ապացուցել, թե մենք հանցագործներ ենք, և այլն։ Փառք Աստծո, ես շնորհակալ եմ մեր համայնքի բնակիչներին, այդ ամբողջ գործընթացների գնահատականը տրվեց, և մենք տեսանք»,-եզրափակեց Մենուա Հովսեփյանը։

Այս խորագրի վերջին նյութերը