Մեկնաբանություն

22.10.2021 10:36


Պատից կախված Նիկոլը

Պատից կախված Նիկոլը

Հեղափոխություն կոչվածի արդյունքում տարբեր պաշտոններ ստացած ու հիմա ՊԵԿ–ը ղեկավարող Ռուստամ Բադասյանն ասել է, որ կառավարությունում որոշել են Նիկոլ Փաշինյանի նկարը փակցել բոլոր պաշտոնյաների կաբինետներում։ Փաստորեն, կառավարությունում որոշել են պատից կախել Նիկոլին։

Դե կառավարություն որ ասում են, Նիկոլին նկատի ունեն։ Այսինքն՝ Նիկոլը որոշել է, որ իր նկարը պետք է լինի պաշտոնյաների կաբինետներում։ Եվ սա այն հեղափոխության այն առաջնորդն է, որն իշխանության էր գալիս իր նախորդի պատից կախված նկարները մերժելով, դրանք պատերից պոկելով ու Սերժ Սարգսյանի նկարը պատից պոկելը որպես թունդ հեղափոխական քայլ համարելով։

Արդարադատության նախարարն ասում է, որ պատից կախված Նիկոլին նայելիս զգաստանում է և հիշում, որ պետք է լինել ազնիվ ու անաչառ։ Նախարարն, ըստ այդմ, սպառնացել է չլինել ազնիվ ու անաչառ, քանզի Նիկոլ Փաշինյանն անազնվության, կողմնակալության, ստի, կեղծիքի մարմնավորումն է։ Նրա նկարը, հետևաբար, այլ բաների մասին պետք է հիշեցնի դրան նայողին և դրդի այլ քայլերի։

Նիկոլն ուզել է, որ իր նկարը կախվի պատից, քանզի կոմպլեքսավորված է։ Ինքն այդպիսով ինքնահաստատվում է, հաղթահարում կոմպլեքսները։

Նիկոլը ենթագիտակցորեն է ուզում կախվել պատից։ Նա մատնել է իր ենթագիտակցական վախը «Պատրաստ եմ կանգնել գնդակահարության պատի տակ» արտահայտությամբ։ Ինքն ուզում է պատի վրա լինել, այլ ոչ թե պատի տակ, որովհետև հասկանում է, որ այն, ինչ արել է մեր երկրի դեմ, ենթակա է «պատի տակ կանգնելուն»։

Նիկոլը պատից կախվել է նաև այլ պատճառով։ Ինքը շարժվում է հեղափոխության կանոններով։ Այն կանոններով, որոնք նկարագրված են Ջորջ Օրուելի «Անասնաֆերմայում»։ Այնտեղ էլ խոզերը իշխանափոխություն արեցին, պատից նետեցին ֆերմայի հարբեցող տիրոջ նկարը, սահմանեցին ֆերմայի արդարության սկզբունքները, բայց շատ չանցած իրենք դարձան ավելի հարբեցող ու ավելի վատ։ Սկզբունքներն էլ խմբագրվեցին։

Խոզերը եկան իշխանության ու պատից կախեցին գլխավոր խոզի նկարը։

Նիկոլը հիմա կախվում է պատից, քանզի անբովանդակ ու անգաղափար հեղափոխության ժանրի կանոններն են այդպիսին։ Նիկոլը մեկ միլիմետր չի շեղվում այդ կանոններից։ Այնպես որ եթե ուզում եք իմանալ, թե ինչ որոշումներ է կայացնելու կառավարությունն առաջիկայում, ապա կարդացեք «Անասնաֆերման»։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը