Լրահոս

21.10.2021 17:38


Սևանա լճի մակարդակը նվազել է 10 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը նվազել է 10 սանտիմետրով

2021 թվականի հոկտեմբերի 20-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 10 սանտիմետրով պակաս է մնում 2020 թվականի նույն օրը գրանցված նիշից։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2021 թվականի հոկտեմբերի 20-ին Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 62 սանտիմետր նիշի դիմաց։ Նույն աղբյուրի համաձայն՝ ոռոգման նպատակներով այս տարի Սևանա լճից բաց է թողնվել 227 միլիոն 651 հազար խորանարդ մետր ջուր, իսկ Արփա-Սևան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սևանա լիճ է հոսել 145 միլիոն 667 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լճից ոռոգման նպատակներով ջրբացթողումները դադարեցվել են հոկտեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում

Փաստորեն, Սևանա լճից ոռոգման նպատակներով լրացուցիչ ջրառ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված 75 միլիոն խորանարդ մետր ծավալի դիմաց ջրառ կատարվել է 57 միլիոն 651 հազար խորանարդ մետրի չափով։

Համաձայն ՀՀ «Սևանա լճի մասին» օրենքի, Սևանա լճից ոռոգման նպատակներով ջրառ իրականացնելու ծավալը չպետք է գերազանցի 170 միլիոն խորանարդ մետրը։

Այս տարի լրացուցիչ ջրառ իրականացվեց՝ ելնելով երաշտի պայմաններում ոռոգման հետ կապված դժվարությունները հաղթահարելու անհրաժեշտությունից։

Այս խորագրի վերջին նյութերը