Քաղաքական

21.10.2021 10:57


Իշխանությունը ժողովրդին պատկանելու մասին պոպուլիստական լոզունգների ներքո լռեցնում են հանրության ձայնը. «Փաստ»

Իշխանությունը ժողովրդին պատկանելու մասին պոպուլիստական լոզունգների ներքո լռեցնում են հանրության ձայնը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ի, նոյեմբերի 14-ի և դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացը կհասնի իր տրամաբանական ավարտին։ Սակայն հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրությունը, այսինքն՝ ընտրական «ցիլկի» առաջին փուլը, արդեն իսկ որոշակի միտումներ ակնհայտ դարձրեց։ Նախ՝ այն հանգամանքը, որ երեք խոշոր քաղաքներում (Գյումրի, Գորիս, Մեղրի) իշխանական կուսակցությանը չի հաջողվել հաղթել, արդեն իսկ խոսուն է։ Եթե համեմատություն տանենք հունիսի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հետ, ապա առավել առարկայական կդառնա այն հանգամանքը, որ իշխող ՔՊ-ն՝ որպես քաղաքական ուժ, այդպես էլ չի կայացել։

Այլ կերպ ասած՝ ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ ՔՊ-ն գաղափարական հենք չունեցող ու ընդամենը մեկ անձի շուրջ ձևավորված քաղաքական միավոր է։ Փաստացի, եթե Փաշինյանը այդ կուսակցության ղեկին չլինի, ավելին՝ իշխանության չլինի, ապա այս կուսակցությունը մեկ ժամում քարուքանդ կլինի։ Երկրորդ՝ հասկանալի է, որ ՏԻՄ ընտրությունների միջոցով իշխանությունները փորձում են շոշափել հանրային տրամադրությունները, քանի որ հանրային կարծիքը կարող է յուրաքանչյուր պահի կտրուկ փոփոխության ենթարկվել։ Եվ ՏԻՄ ընտրությունների առաջին փուլից սկսած՝ իշխանությունները պետք է արձանագրեն մեկ իրողություն, որ հանրային կարծիքի փոփոխությունն իրենց օգտին չէ։

Ուստի, իրադարձություններից կախված, բացառված չէ, որ այս միտումն ավելի խորանա արդեն ընտրական գործընթացի հաջորդ փուլերում։ Կարծիք կա, որ այս հանգամանքը կարող է նույնիսկ իշխանափոխության մեկնարկի սկիզբ դառնալ, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ իշխանությունները իրենց խոստացած «խաղաղության դարաշրջանը» բացելու համար պատրաստ են Հայաստանի շահերին հակասող նոր փաստաթուղթ ստորագրել։

ՏԻՄ ընտրություններում իշխող ուժի պարտության պատճառներից մեկն էլ կարող է դառնալ համայնքների խոշորացման բուն նախաձեռնությունը, որի նպատակահարմարությունն ընդհանրապես հարցականի տակ է։ Խնդիրն այն է, որ իշխանությունների նախաձեռնած խոշորացման արդյունքում ինքնակառավարման մարմինների ողջ համակարգը կուսակցականացվում է։ Եթե նախկինում համամասնական ընտրակարգով միայն Երևանի, Վանաձորի ու Գյումրիի ընտրություններն էին նախատեսվում անցկացնել, ապա հիմա արդեն բոլոր համայնքները: Եվ եթե նախկինում համայնքների բնակիչները անմիջականորեն համայնքի ղեկավար էին ընտրում, որն էլ իր հերթին հաշվետու էր բնակիչների առաջ, ապա այս դեպքում ավագանիներն են ընտրում խոշորացված համայնքների ղեկավարին, որն էլ իր հերթին հաշվետու է լինում արդեն քաղաքական ուժերի առաջ։

Դրանով առաջնային է դառնում ոչ թե համայնքի ղեկավարի աշխատանքի արդյունավետության հարցը, այլ քաղաքական հաշվարկները, որի դեպքում աշխատող ղեկավարը կարող է փոխարինվել իշխանությունների քիմքին հաճելի ու անկարող մի անձնավորությունով։ Այսինքն, խոշորացման միջոցով իշխանությունները ՏԻՄ համակարգը «հպատակեցնելու» ու իրենց համար վերահսկելի դարձնելու խնդիր են լուծում։ Այս գործընթացը տեղավորվում է դեռևս հունիսին նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանի խոստացած քաղաքական վենդետայի շրջանակներում, երբ վերջինս սպառնում էր այն գյուղապետներին ու քաղաքապետներին, ովքեր քարոզարշավի ընթացքում իրենց օգտին չեն աշխատում։ Բացի այդ, իշխանությունների պատկերացրած տարբերակով խոշորացման գործընթացը չի բխում հանրային շահերից։

Նախ՝ դրանում հաշվի չի առնվել այդ համայնքների բնակիչների կարծիքը՝ արդյոք իրենք կողմ են այդպիսի կառավարման տարբերակի, թե ոչ։ Եվ ուշագրավ է, որ դեռևս այս տարվա մայիսին ՍԴ-ն սույն խնդրի վերաբերյալ իրավական դիրքորոշում էր հայտնել, թե համայնքի կարծիքը տեղական հանրաքվեի միջոցով արտահայտելու իրավունքի արդյունավետ իրականացման համար օրենսդրական անհրաժեշտ կառուցակարգեր և ընթացակարգեր պետք է նախատեսվեն։ Սակայն կառավարությունը ոչ միայն անտեսեց ՍԴ որոշումը և հանրաքվե չանցկացրեց, այլև համայնքների կարծիքը լսելի դարձնելու որևէ գործիքակազմ չկիրառեց: Սա հերթական դեպքն է, թե ինչպես են իշխող ուժի ներկայացուցիչները իշխանությունը ժողովրդին պատկանելու մասին պոպուլիստական լոզունգների ներքո լռեցնում հանրության ձայնը։ Դրա համար էլ շատ հավանական է, որ ներդրված համակարգի գործարկումից հետո խոշորացման հետ կապված դժգոհությունները համատարած բնույթ ստանան»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը