Քաղաքական

21.10.2021 09:19


Իշխանության ծրագիրը Գորիսում տապալվել է. «Փաստ»

Իշխանության ծրագիրը Գորիսում տապալվել է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Գորիսի ավագանու ընտրություններում «Առուշ Առուշանյան» դաշինքի՝ առավել քան համոզիչ հաղթանակից հետո իշխանությունները զբաղված են «մանդրաժից» դուրս գալու ելքեր որոնելով: Բացի իրենց պարտությունը «պատվով» գնահատելուց, անցած երկու օրերին իշխանությունները այլ մեթոդներ էլ փորձեցին կիրառել: Դրանցից մեկն այն էր, որ փորձեցին տեղեկատվական հարթակներով տարածել, թե իբր իրենք էլ շատ ուրախ են, որ Առուշ Առուշանյանը հաղթել է, թե իբր իրենք այդպես էլ ցանկանում էին: Նպատակը պարզ է՝ ցույց տալ, թե նման արդյունք չէր լինի, եթե իրենք այդպես չցանկանային: Նույն այդ տրամաբանությամբ էլ դաշտ է նետվում թեզը, թե Փաշինյանն անձամբ չի խառնվել Գորիսի ընտրություններին:

Իրականում այս ամենը խայտառակ պարտությունը «նրբացնելու» մեթոդ է, իսկ իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայել Գորիսում հաղթելու համար: Տևական ժամանակ Առուշ Առուշանյանին անազատության մեջ պահելը հենց Փաշինյանի ցանկությամբ ու հրահանգով է: Դրանից բացի, ընտրությունների օրը հենց նրա հրահանգով են Գորիս տարվել իրավապահ մեծաքանակ ուժեր և որոշ «գրպանային իրավապաշտպաններ»:

«Փաստի» ունեցած տեղեկություններով, ծրագիրն այսպիսին է եղել. ՔՊ-ի օգտին վարչական ողջ ռեսուրսի կիրառմանը զուգահեռ՝ նաև նշյալ «իրավապաշտպանների» «ահազանգերի» արդյունքում իրականացնել Առուշանյանի մեծաթիվ կողմնակիցների ձերբակալություններ, որպեսզի մյուսները վախենան ու ակտիվություն չցուցաբերեն, չգնան ընտրությունների:

Սակայն մի շարք պատճառներով, այդ թվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԶԼՄ-ների ուշադրությունը Գորիսի ընտրությունների նկատմամբ մեծ էր, և այստեղ բավականաչափ լրագրողներ էին աշխատում, ծրագրվածի մեծ մասը չաշխատեց: Ի դեպ, Գորիսում կարծիք կա, որ եթե այդչափ վարչական ռեսուրս չկիրառվեր, Առուշանյանի քվեներն ավելի շատ կլինեին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը