Լրահոս

20.04.2009 14:05


Վազգեն Մանուկյան. «Այս խմորը դեռ բավականին ջուր կվերցնի»

Վազգեն Մանուկյան. «Այս խմորը դեռ բավականին ջուր կվերցնի»

ՀՀ նախագահի հրամանագրով սահմանված ժամկետում Հանրային խորհրդի բոլոր 12 հանձնաժողովները ձևավորված են։ Նախնական տվյալներով՝ ՀԽ-ի հանձնաժողովներում առաջադրվել է ավելի քան 1550 մարդ, որոնցից 494-ը կանայք են, իսկ ավելի քան 340-ը ներկայացնում են հանրապետության մարզերը։ Հանձնաժողովներում ընդրգված են 93 ակադեմիկոսներ և գիտության դոկտորներ, ավելի քան 200 գիտության թեկնածուներ, ինչպես նաև մշակույթի մի շարք հայտնի գործիչներ։ Հանձնաժողովների կազմավորմանն իրենց առաջադրումներով մասնակցել են նաև ավելի քան 650 հասարակական կազմակերպություններ և շուրջ 70 գիտակրթական և այլ կառույցներ։

ՀԽ-ի համակարգող Վազգեն Մանուկյանը խոստովանել է, որ հանրության նման ակտիվությունն իրեն զարմացրել է։

-Ես զարմանքով ականատես եղա, թե ինչպես բազմաթիվ  մարդիկ և կազմակերպություններ արձագանքեցին և սկսեցին դիմումներ  ներկայացնել այս հանձնաժողովներում աշխատելու համար։ Տպավորությունն այն էր, որ իսկապե՛ս մարդիկ հավատում են, որ մեր երկրում հասարակական ուժերի միջոցով կարելի է բազմաթիվ հարցեր լուծել,- ասել է Վ. Մանուկյանը։

Հետագա օրերին կսկսվի 12 հանձնաժողովների նախագահների ընտրության գործընթացը, պետք է լուծվեն մի շարք ընթացակարգային հարցեր։ Վ. Մանուկյանի խոսքերով՝ այս խմորը դեռ բավականին ջուր կվերցնի և Հանրային խորհուրդը թերևս վերջնականապես կձևավորվի մայիս ամսվա վերջին։

Այս խորագրի վերջին նյութերը