Լրահոս

20.10.2021 15:13


Համապետական ծառատունկ. Արմավիրի մարզում տնկիների 90%-ը չորացել է

Համապետական ծառատունկ. Արմավիրի մարզում տնկիների 90%-ը չորացել է

Hetq.am-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացման ելույթով ազդարարեց Կառավարության «շատ ամբիցիոզ մի ծրագրի» մասին, որը պիտի իր գագաթնակետին հասներ 2020թ. հոկտեմբերի 10-ին:

«Այդ օրը մենք պլանավորում ենք Հայաստանի Հանրապետությունում տնկել 10 մլն ծառ 10-րդ ամսի 10-րդ օրը, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում»,-հայտարարեց Փաշինյանը:

Կառավարության ամբիցիոզ ծրագիրը՝ «10 միլիոն ծառ» բնապահպանական նախաձեռնությունն այդպես էլ կյանքի չի կոչվում: Ուսումնասիրելով գարնանը Արմավիրի մարզում իրականացված համապետական ծառատունկի արդյունքները, պարզեցինք, որ ծառերի մի մասը տնկվել է չոռոգվող տարածքներում, մի մասն էլ հատկացվել է արդեն չորացած վիճակում, և այդ պատճառով ծառատունկ չի կազմակերպվել: Պատկան մարմինների վերաբերմունքը թույլ է տալիս ենթադրել, որ ծրագիրը ձևական բնույթ է կրում և ամենևին նպատակ չի հետապնդում ավելացնել երկրում կանաչ տարածքները:

Կորոնավիրուսի տարածման և երկրում արտակարգ դրություն հայտարարելու պայմաններում ծրագրի ժամկետները երկարացվեցին մինչև 2021թ. վերջ:

2020-2021թթ․ Հայաստանում նախատեսվում է տնկել 10 միլիոն ծառ։ Շրջակա միջավայրի նախարարության մոտեցումն այն է, որ այդ կերպ հնարավոր կլինի պայքարել կլիմայի փոփոխության, օդի աղտոտվածության և հողերի դեգրադացիայի դեմ, ինչպես նաև պահպանել Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունն ու վերականգնել էկոհամակարգերը։

Ծրագիրն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ էր լինելու 10 մլն տնկի, մինչև 3000 հա հողատարածք և շուրջ 300 հազար մասնակից:

2021թ. ապրիլի 25-ին երկրում հայտարարվել էր համապետական ծառատունկ: Շրջակա միջավայրի նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մարզպետարաններին և Երևան քաղաքին գարնանը տրամադրվել է 161 հազար 480 հատ տնկի: Իսկ անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տարածքներում, մասնավորապես՝ Լոռու, Տավուշի, Սյունիքի, Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, 2020թ. տնկվել է 339 հազար և 2021թ.-ին՝ 201 հազար 800 ծառ։

Փորձեցինք Արմավիրի մարզի օրինակով ցույց տալ, թե ինչ պատկեր ունի Կառավարության «շատ ամբիցիոզ ծրագիրը»:

Ապրիլի 25-ի համապետական ծառատունկի ընթացքում Արմավիրի մարզում տնկվել է 23 հազար 500 տնկի, որոնք անվճար ձեռք են բերվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղից։ Տնկիները եղել են հացենի, թխկի, ընկուզենի և ձիակասկ տեսակների:

Արմավիրի մարզպետարանի տեղեկացմամբ՝ տնկիների նշված խմբաքանակից 20 հազար 150 հատն անվճար հատկացվել է համայնքապետարաններին, իսկ մնացած 3 հազար 350 հատը՝ մարզի 94 հանրակրթական ուսումնական հաստատության և 3 բժշկական կենտրոնի:

Պարզվում է, որ ծառատունկից հետո մարզպետարանը որևէ ուսումնասիրություն չի կատարել՝ արդյոք տնկիներն աճել են, թե ոչ:

«Ինչ վերաբերում է ծառատունկից հետո մարզի համայնքներում տնկված ծառերի քանակական աճի և դրանց անկման վերաբերյալ տեղեկատվությանը, ապա այդ կապակցությամբ ուսումնասիրություններ չեն կատարվել»,-մեր գրավոր հարցին ի պատասխան նշել է Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանը:

Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մարզում տնկված ծառերի մինչև 90%-ը չի կանաչել: Մի տեղ ջուր չի եղել, մյուս համայնքում տնկիները համայնքապետերին արդեն հատկացրել են չորացած վիճակում, այլ համայնքներում էլ փաստում են, որ մինչև ծառատունկն ուսումնասիրություն չի կատարվել, թե արդյոք տնկիները հարմար են տեղի բնակլիմայական պայմաններին: Այսօր արդյունքն այն է, որ պաշտոնապես հայտարարվում է մարզում 23 հազարից ավելի ծառերի տնկման մասին, մինչդեռ իրականում դրանց 10%-ն է կանաչել: Սա էլ դեռ հարց է, արդյոք համայնքապետարանները կկարողանան նվազ տնկիները ծառ դարձնել:

Արմավիրի մարզում 20 հազար 150 ծառը բաշխվել է 82 համայնքի միջև

Համապետական ծառատունկի ընթացքում սահմանամերձ Երվանդաշատ համայնքին տրամադրվել է 200 տնկի: Համայնքում ծառատունկին մասնակցել է նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։ Հենց այդ ժամանակ արդեն տեսանելի էր, որ ոռոգման ցանց չունեցող, ճանապարհի քարքարոտ մայթերին տնկիներ աճեցնելն անհեռանկարային է և ռեսուրսի վատնում է ուղղակի: Մինչդեռ մարզային պաշտոնյաները տնկիները տնկել են, լուսանկարվել ու հեռացել՝ այդպես էլ չհետաքրքրվելով դրանց «ճակատագրի» մասին:

Զրույցի ընթացքում Երվանդաշատի համայնքապետ Հովնան Ավետիսյանը հավաստիացնում էր, թե տնկիների մեծ մասը կանաչել է: Նրա խոսքերով՝ թեև տարածքը ոռոգելու հնարավորություն չկա, սակայն տնկելուց հետո մի քանի անգամ դույլերով ջրել են, բայց մի մասն, այնուամենայնիվ, չորացել է։ Հ. Ավետիսյանին խնդրեցինք ցույց տալ կանաչած տնկիները: Բացատրեց, թե որ հատվածում է՝ խոստանալով քիչ անց գալ տարածք: Սակայն, երբ արդեն տարածքում էինք, համայնքապետն իր ավտոմեքենայով դուրս եկավ գյուղից՝ խուսափելով անձամբ ցույց տալ իր մատնանշած կանաչ, իրականում՝ չորացած տնկիները:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Երվանդաշատ համայնքում ծառատունկի մասնակցելիս։ Աղբյուրը՝ Արմավիրի մարզպետարան

Տեղում հաշվեցինք տնկված ծառերը, որոնք հողի մեջ խրված չոր ճյուղեր էին: Համայնք մտնող ճանապարհի երկու կողմում 150 տնկի կար, որոնցից և ոչ մեկը կանաչած չէր:

Տալվորիկ համայնքին տրամադրվել էր 200 տնկի, սակայն այստեղ էլ ոչ մի տնկի չի տնկվել՝ անորակ լինելու պատճառով: Տալվորիկի ղեկավար Կիրակոս Սաղաթելյանի խոսքով՝ ծառատունկը տեղի չի ունեցել, քանի որ նախքան տնկելը տնկիներն արդեն չորացած էին։

«Ոնց տվել են, բերել նույն ձև դրել եմ ջրի մեջ, հետո պիտի տեղափոխեինք հողի մեջ, բայց մարդ եկավ, ասեց իզուր էլ դնում ես, սրանք չոր ա արդեն»,-նշեց համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ տնկիներն իրենց փոխանցել են «Զիլ» ավտոմեքենայից՝ բաց արմատներով, որոնք արևից արդեն չորացել էին:

Համայնքապետը ցույց տվեց դպրոցի դիմացի հատվածը, որտեղ տնկիները տնկելու նպատակով փոսեր էին արվել, ռետինե խողովակներ անցկացվել, որպեսզի ոռոգումը կազմակերպեն: Սակայն, փոսերն այդպես էլ մնացել են դատարակ:

Չտնկված տնկիների չոր տրցակը համայնքապետ Սաղաթելյանի տան բակում էր՝ ցախերի վրա գցած:

«Լավ ա չէի գցել, եկաք, տեսաք»,-նշեց համայնքի ղեկավարը:

Արմավիրի որոշ համայնքներում կարծում են, որ տնկիները չորացել են նաև այս տարվա ջրի պակասի պատճառով, բայց դրանք չորացել են նաև այն համայնքներում, որտեղ ոռոգման ջրի պակաս չի եղել։

Միասնիկյանի համայնքապետարանին տրամադրվել էր 1000 տնկի: Համայնքապետարանից փոխանցեցին, որ տրամադրված տնկիների միայն 10%-ն է կանաչել։

«Եղել է, որ կանաչել է, ընթացքում է չորացել: Տնկման սեզոն գոյություն ունի, ինձ թվում է ուշ տրամադրվեց: Վեգետացիայի շրջան գոյություն ունի, երևի մինչև հասան մեզ, արդեն չորացել էին արմատները»,-նշեց համայնքապետի տեղակալ Գևորգ Գրիգորյանը։

Տնկիների մեծ մասը տնկվել էին համայնքի դպրոցի բակում: Տարածքը չուներ ոռոգման ցանց, և Գ. Գրիգորյանի փոխանցմամբ՝ ցիստեռններով ու դույլերով են ջրել՝ հույս ունենալով, որ դրանք կկանաչեն: Տեղում հաշվեցինք դպրոցի բակում ընդամենը 10 տնկի էր կանաչել: Մնացածի կամ հետքը չկար, կամ չոր ճյուղ էր միայն երևում:

Տնկիների մի մասը համայնքապետարանը փոխանցել է մանկապարտեզին, որպեսզի բակը կանաչապատեն: Մանկապարտեզի տնօրեն Անահիտ Հարությունյանն ասաց, որ տնկիները մեծ հոգատարությամբ ջրել ու խնամել են, սակայն դրանք ևս չեն կանաչել։ Նա փաստում էր, որ չկանաչելու պատճառն ամենևին ջրի պակասը չի եղել:

«Մեծ ոգևորությամբ, բոլորս դույլերով, ամեն ինչով մասնակցել ենք ծառատունկին։ Մանկապարտեզի բակում տնկվել է մոտ 50 ծառ, մշտական ջրվել է։ Կարող է այդ տնկիները մեր կլիմային չէին համապատասխանում, դա էլ կա»,-ասաց մանկապարտեզի տնօրենը:

Գևորգ Գրիգորյանը նշեց, որ տնկիների մի մասն էլ հատկացրել են համագյուղացիներին, որպեսզի ճանապարհների եզրերին՝ իրենց հողամասերի մոտակայքում տնկեն: Նույն պատկերը գրանցվել է նաև նրանց մոտ:

Ամենաշատ տնկիները՝ 1300 հատ հատկացվել է մարզի Երասխահուն համայնքին։ Համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանի հավաստմամբ՝ տնկիների 95%-ից ավելին չորացել է։ Նրա խոսքով՝ մինչև տնկելն արդեն զգացվել է, որ դրանք ծառ չեն դառնալու:

«Մինչև տնկելն արդեն երևում էր, որ արմատները չորացել են»,-հավելեց համայնքի ղեկավարը:

Այցելել ենք նաև այն համայնքեր, որոնց ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում մեզ հավաստիացնում էին, որ տնկիները 90 և ավել տոկոսով աճել են։

Ակնալիճ համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանը հեռախոսազրույցի ընթացքում ասել էր, որ համայնքապետարանին տրամադրված 100 տնկիից 90%-ն աճել է։ Սակայն այցելելով համայնք, տեղում պարզեցինք, որ համայնքապատկան տարածքում տնկված ծառերից ընդամենը 4-ն է կանաչել։

Արդեն տեղում համայնքի ղեկավարը նշեց, թե կոնկրետ թիվ չի հիշում, սակայն տնկիների մի մասը համագյուղացու հետ փոխանակել են դեկորատիվ ծառերի հետ, որոնք աճել են։ Այցելել ենք նաև այն տարածք, որտեղ տնկված են համայնքապետարանի փոխանակված ծառերը։ Ակնալիճ համայնքում մասնավոր տարածք է, որը պատկանում է գյուղացիներից մեկին։ Սեփականատերը ցույց տվեց մոտ 30 կանաչած տնկի՝ հավաստիացնելով, թե դրանք փոխանակված տնկիներն են։

Հայկավան համայնքին տրամադրվել է ամենաքիչ քանակով՝ 30 տնկի։ Համայնքապետ Ռուբեն Ղազարյանը մեզ վստահեցնում էր, որ տրամադրված բոլոր տնկիներն աճել են։ Պատկերն այլ էր, երբ այցելեցինք համայնք:

Գյուղ մտնող, ճանապարհի աջ հատվածում, մացառուտ հիշեցնող տարածքում, համայնքապետ Ղազարյանը փորձում էր տնկիներ գտնել:

«Ես այստեղ չեմ եղել, բայց դպրոցի էրեխեքը տնկել են ծառերը, հեսա կգտնենք»,-ասում էր համայնքապետը և ամեն պատահած վայրի աճած ծառ ցույց տալիս որպես նոր տնկված: Ի վերջո, մոտ 10 րոպե փնտրելուց հետո այդպես էլ ոչ մի տնկի չգտանք:

Լուկաշին համայնքին տրամադրվել էր 500 տնկի: Համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը մեզ հեռախոսով հավաստիացնում էր, թե բոլոր տնկիները կանաչել ու աճել են, և ինքներս կարող ենք գնալ ու անձամբ տեսնել: Հեռախոսազրույցից 3 օր անց, առանց զգուշացնելու, Լուկաշին համայնքում էինք: Համայնքապետը ցույց տվեց գյուղի հուշարձանների տարածքը, որտեղ, ըստ նրա տնկվել էր 500 տնկի, սակայն այս անգամ պնդում էր, որ դրանք ամբողջությամբ չորացել են և իրենք ստիպված տարածքը մաքրել են չորացած տնկիներից:

«Տնկել եմ, բայց չաճեց, չորացել ա: Երաշտ էր որովհետև, ես էլ հանել, թափել եմ, մի քանի օր առաջ որ գայիք, կար: Իմանայի գալու էիք, չէի հանի»,-նշեց Կարեն Մկրտչյանը։

Նույն պատկերն էր մարզի գրեթե բոլոր համայնքներում: Ամբողջովին չորացել են նաև Ամասիա, Արազափ, Մարգարա, Նալբանդյան, Նոր Արտագերս, Նորապատ, Նորավան, Ջրաշեն, Գրիբոյեդով, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Շահումյանի թռչնաֆաբրիկա, Ջրառատ համայնքներին հատկացված ընդհանուր 2690 տնկին:

Խանջյան համայնքում 40 տնկիից 4-ն էր կանաչել, Փշատավանում տնկել են հատկացված 200 տնկիից ընդամենը 50-ը և այլն:

«Հայանտառ»-ից խոստովանում են՝ տնկիները գուցե չեն համապատասխանել բնակլիմայական պայմաններին

«10 միլիոն ծառ» բնապահպանական նախաձեռնության շրջանակներում տնկումներ կատարելու համար պետական բյուջեից, որպես առանձին միջոցառում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ին գումար չի հատկացվել։ Այսպես են պնդում Շրջակա միջավայրի նախարարությունից:

Նախարարության մամուլի քարտուղար Անի Հակոբյանի փոխանցմամբ՝ նախաձեռնությունն իրականացվում է բացառապես դոնոր կազմակերպությունների կամ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական միջոցների, խնայողությունների, տնկարաններում առկա ծառերի կամ բնական վերաճի արդյունքում դուրս հանված շիվերի միջոցով։

Մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում Լիտվայի Հանրապետությունը շուրջ 10 հազար կեչի է նվիրաբերել Հայաստանին։ Լիտվական անտառը հիմնվել է Լոռու մազում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության տարածքում։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանից հետաքրքրվեցինք, թե ինչքանով է արդյունավետ եղել համապետական ծառատունկը: Պաշտոնյան ասաց, որ արդյունքները «հուսադրող են»:

Պավել Ցուգունյանն ասում է, որ իրենց հիմնական գործառույթն անտառապատ տարածքների ընդլայնումն է: Այս տարի առաջին անգամ է, որ համապետական ծառատունկի շրջանակներում համայնքներին, ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին, տնկիներ են հատկացրել:

«Համայնքներին ուշադրություն չենք դարձրել, դա համայնքապետարաններն են պարտավոր անել: Տնկիները տրամադրել ենք անհատույց, որպեսզի իրենք իրենց տարածքներում կանաչապատում իրականացնեն: Դա իրենց շահերից է բխում, որ կանաչ համայնք ունենան»,-ասաց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Այս խորագրի վերջին նյութերը