Քաղաքական

19.10.2021 14:13


«Թշնամին երեկ ամբողջ օրը կրակել է․ ժամը 2-3-ից հետո կրակոցներն ավելի ուժեղացան»․ Երասխի բնակիչ

«Թշնամին երեկ ամբողջ օրը կրակել է․ ժամը 2-3-ից հետո կրակոցներն ավելի ուժեղացան»․ Երասխի բնակիչ

Հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցները վերջին շրջանում կրկին ակտիվացրել է հակառակորդը։ Բացի դիրքերից, թշնամին գնդակոծում է նաև Երասխ գյուղը, ինչի հետևանքով հոկտեմբերի 9-ին պայմանագրային զինծառայող էր վիրավորվել հրազենային կրակոցներից, դրանից մի քանի օր անց թշնամու կրակոցներից այրվել էր գյուղացիներին պատկանող մի քանի հազար հակ խոտ։

Երասխ գյուղի բնակիչներից մի տղամարդ այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց, որ թշնամին երեկ կեսօրից հետո կրկին գյուղի ուղղությամբ սադրիչ գործողություններ է կատարել․

«Երեկ ամբողջ օրը կրակել են, ցերեկը ժամը 2-3-ից հետո կրակոցներն ավելի ուժեղացան, մինչև մութն ընկնելը կրակեցին։ Մեկ էլ գիշերվա 12-ի, 1-ի կողմերը մի պահ սկսեցին կրակել․ այս պահին դեռ կրակոցներ չկան»։

Մի քանի օր առաջ արձակված կրակոցների հետևանքով այրվել էին գյուղացիների խոտի հակերը: Մեր զրուցակիցն ասաց, որ այս անգամ նման դեպք չի գրանցվել․

«Համենայն դեպս, որ նման բան ա լինում, գյուղում ակտիվ տարածվում է, իմանում ենք։ Այս վերջում թշնամու կրակոցներից 2 հոգու պատկանող խոտի տուկերը վառվեց, իրենք եղբայրներ են՝ եզդի համայնքի ներկայացուցիչներ, մեր գյուղից են: Առաջին անգամ մի ախպոր խոտն էին վառել, երկրորդ անգամ՝ մյուսինը»։

Մեր զրուցակցին հարցրեցինք նաև, թե ի՞նչ տրամադրություն է մարդկանց մոտ, արդյոք իշխանության ներկայացուցիչները գնո՞ւմ են գյուղ՝ հանդիպելու գյուղացիների հետ, մանրամասներ ճշտում կատարվածի մասին․

«Ես նման բան ոչ տեսել եմ, ոչ լսել․․․ Եթե իշխանությունից մարդ եկած լիներ գյուղ, կիմանայինք․․․ Իսկ ինչ վերաբերում է ժողովրդին, ժողովուրդն ի՞նչ անի, կրակոցների վախտ ամենքս մտնում ենք մեր տները, երբ դադարում են կրակել, ամեն մեկը դուրս է գալիս իր գործին։ Ինչքան էլ որ չենք վախենում, գիտենք՝ սա մեր հողն է, ամեն դեպքում հոգեբանական առումով, հատկապես երեխաների վրա շատ է ազդում․․․»։

168.am-ը դիմեց նաև Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանին, հարցրեցինք, թե այս պահին ի՞նչ իրավիճակ է գյուղում, սակայն համայնքի ղեկավարը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։

Այս խորագրի վերջին նյութերը