Քաղաքական

19.10.2021 09:43


Իշխանությունը հայ ժողովրդի համար ավելի ու ավելի լուրջ սպառնալիքներ է ստեղծում․ «Փաստ»

Իշխանությունը հայ ժողովրդի համար ավելի ու ավելի լուրջ սպառնալիքներ է ստեղծում․ «Փաստ»

«Պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց այն իրողությունը, որ Հայաստանն առանց Արցախի թույլ է և խոցելի։ Եթե նախկինում շատ բնակավայրերի համար սահմանը թվում էր հեռու, ապա ներկայիս պայմաններում ադրբեջանցի զինվորականները հայտնվել են նրանց անմիջական հարևանությամբ։

Ըստ էության, ադրբեջանական բանակը մի շարք ուղղություններով ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Եվ մինչ մեր իշխանությունները խոստանում են մինչև այս տարվա վերջ այլընտրանքային ճանապարհի կառուցումը հասցնել ավարտին, Հայաստանը Իրանին ու Իրանը Վրաստանին կապող հիմնական հաղորդակցությունը տևականորեն կախված է լինելու Բաքվի կամքից։ Միաժամանակ, ադրբեջանցի զինվորականները յուրաքանչյուր պահի կարող են քաղաքացիական բնակչության նկատմամբ սադրանքներ իրականացնել և հաղորդակցային խնդիրներ ստեղծել Սյունիքի մարզի բնակավայրերի համար։

Իսկ Բաքուն Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծված ու փակված է համարում, որի արդյունքում արդեն Հայաստանի հարցն է առաջ եկել։ Պատահական չէ, որ ադրբեջանական հանրային-քաղաքական տիրույթում տևական ժամանակ քննարկվում է Արցախում բնակվող հայ բնակչությանը իրենց հասարակության մեջ ինտեգրելու և ադրբեջանական անձնագրեր բաժանելու հարցը։ Իսկ ովքեր հրաժարվեն ադրբեջանական անձնագրերից, ստիպված են լինելու հեռանալ Արցախից։ Այսինքն, Ադրբեջանը նախատեսում է գնալ Արցախյան հիմնահարցը թաղելու ու աստիճանաբար իր վերջնական վերահսկողությունը այդ տարածքներում հաստատելու ճանապարհով։ Ալիևը նույնիսկ բացառել է Արցախին ինքնավարություն տրամադրելու տարբերակը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Արցախյան հիմնահարցը այլևս միջազգայնորեն չբարձրացվի ու դուրս գա բանակցային գործընթացից։

Թվում էր, թե այս պայմաններում Հայաստանի իշխանությունները պետք է առիթը բաց չթողնեին միջազգային ամենատարբեր հարթակներում Արցախի թեման բարձրացնելու և ցեղասպանության վտանգի տակ այնտեղ ապրող հայ բնակչության ինքնորոշման իրավունքի հարցը բարձրաձայնելու նպատակով։ Բայց Հայաստանի այսօրվա իշխող թիմը, կարծես, շարունակում է ձեռքերը վերջնականապես լվանալ Արցախից։ Այդ իսկ պատճառով է, որ երբ Ադրբեջանն անընդհատ սադրանքների է գնում, դրանք մեր իշխանությունների կողմից ոչ միայն անտեսվում են, այլև համապատասխան արձագանքի չեն արժանանում։ Դրա մասին է վկայում նաև այն, որ Արցախում հետպատերազմյան շրջանում ադրբեջանական սադրանքների հետևանքով տեղի ունեցած միջադեպերի մասով կարկառուն ՔՊ-ականներից մեկը հայտարարում է, թե ինչո՞ւ եք այդ հարցով ՀՀ իշխանություններին դիմում, գնացեք Ռուսաստանին դիմեք, որովհետև իրենք են Արցախի անվտանգության երաշխավորը։

Մեկ ուրիշ ՔՊ-ական պատգամավոր էլ հայտարարում է, թե «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի» թեզը շատ վտանգավոր է, իրենց գերնպատակը ՀՀ-ն է, ոչ թե Արցախը: Իհարկե, այսպիսի հայտարարությունները չեն կարող պատահական լինել և տեղավորվում են Արցախյան հիմնահարցից աստիճանաբար հրաժարվելու՝ իշխանական ծրագրերի շրջանակում։ Մինչդեռ նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո, երբ Արցախում սահմանի պաշտպանությունն անցավ ռուս խաղաղապահներին, Նիկոլ Փաշինյանը հանրությանը վստահեցնում էր, թե Արցախի անվտանգության երաշխավորը շարունակելու է Հայաստանը լինել։ Սակայն ներկա իրողությունների պայմաններում տպավորություն է ստեղծվում, թե ՀՀ իշխանությունները Արցախի անվտանգության պատասխանատվության հարցը իրենց վրայից վերջնականապես թոթափելու ու ռուսական կողմի ուղղությամբ գլորելու հարց են լուծում։

Ճիշտ է՝ Արցախում խաղաղապահ ծառայություն իրականացնող կողմը պատասխանատվություն կրում է հակառակորդի սադրանքներին գնահատական տալու հարցում, բայց սրա հետ մեկտեղ պարզ է, որ շատ անելիք ունի նաև Հայաստանի իշխանությունը: Իսկ թե ինչու են ՀՀ իշխանությունները հրաժարվում Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակից, արդեն հասկանալի է դառնում։ Նրանք դրանով ճանապարհ են բացում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, իսկ դա ենթադրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում։

Այնինչ, միամտություն է կարծել, թե դրանով հակամարտությունն ավարտվելու է և խաղաղության դարաշրջան է բացվելու։ Արցախի հարցը փակելուց հետո թուրք-ադրբեջանական տանդեմն այս անգամ էլ ցանկանալու է Հայաստանը կուլ տալ։ Այնպես որ, իրենց անողնաշար կեցվածքով իշխանությունները հայ ժողովրդի համար գնալով ավելի ու ավելի լուրջ սպառնալիքներ են ստեղծում»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը