Լրահոս

17.10.2021 22:02


ՏԻՄ ընտրություններին, նախնական տվյալներով, մասնակցել է ընտրողների 33.23 տոկոսը

ՏԻՄ ընտրություններին, նախնական տվյալներով, մասնակցել է ընտրողների 33.23 տոկոսը

Հայաստանի 9 համայնքներում հոկտեմբերի 17-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններին, նախնական, էլեկտրոնային տարբերակով ստացված տվյալներով, մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող 166 753 քաղաքացիներից 55 410-ը կամ 33.23 տոկոսը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում անցկացվում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ։

Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում միայն ավագանու անդամի ընտրություններ են։

Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում կընտրեն համայնքի ղեկավարի և ավագանու անդամի։

Շիրակի մարզի Գյումրի համայնքում համամասնական ընտրություններ են (առավելագույն ձայներ հավաքած քաղաքական ուժի ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուն կդառնա համայնքի ղեկավար), որտեղ պայքարի մեջ են «Հայրաքաղաք» կուսակցությունների դաշինքը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Գյումրին կռնա՜» կուսակցությունների դաշինքը, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Թասիբով» կուսակցությունների դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը։

Սյունիքի մարզի Գորիս համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցում են «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Հայ ազգային կոնգրես» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Նույն մարզի Մեղրի համայնքի համամասնական ընտրություններին իրենց թեկնածուներին են առաջադրել Ազատական կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Սյունիքի մեկ այլ՝ Տաթև համայնքում համամասնական ընտրությունը կկատարվի «Ապրելու երկիր» կուսակցության, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև։

Իսկ այդ մարզի Տեղ համայնքի համամասնական ընտրություններում պայքարի մեջ են «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Եվ, վերջապես, Տավուշի մարզի Դիլիջան համայնքում համամասնական ընտրություններին մասնակցության համար գրանցվել են «Ապրելու երկիր», «Հայրենիք», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագի» կուսակցությունները և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։

Այս խորագրի վերջին նյութերը