Լրահոս

16.10.2021 16:16


ՀՀ առողջապահության նախարարը չի բացառում թեստավորման պահանջը շաբաթը մեկ դարձնելը

ՀՀ առողջապահության նախարարը չի բացառում թեստավորման պահանջը շաբաթը մեկ դարձնելը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը արդյունավետ է համարում նախարարության՝ 14 օրը մեկ մարդկանց պարտադիր թեստավորվելու պահանջը: Նախարարությունն այժմ ուսումնասիրում է այլ երկրներում թեստավորումների պարբերականությունը և չի բացառում, որ առաջիկայում Հայաստանում պահանջեն թեստավորվել շաբաթը մեկ անգամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նախարարն ասաց հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը:

Նրա խոսքով՝ նման պահանջ սահմանելու իմաստն այն է, որ թեստավորվելուց հետո դրական պատասխան ստանալու պարագայում մարդիկ ինքնամեկուսանան, չգնան աշխատանքի, չվարակեն իրենց գործընկերներին, ընկերներին, անձանց, որոնց հետ հաղորդակցվում են:

Անդրադառնալով պատվաստումներին՝ նա տեղեկացրեց, որ հոկտեմբերի 15-ին իրականացվել է մոտ 17 հազար պատվաստում: «Սա կրկնվող ցուցանիշ է: Վերջին շաբաթվա ընթացքում նման բարձր ցուցանիշը պահպանվում է, և մենք ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթ պատվաստվողների թիվն ավելի կմեծանա»,-ասաց նա ու հավելեց, որ պատվաստումների աճին զուգահեռ մեծանում է նաև կորոնավիրուսով վարակվածների թիվը:

Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ առողջապահական համակարգը գերլարված է: «Աշնանն առհասարակ հիվանդացության աճ է գրանցվում: Արդեն 1800-ից 1900 նոր մահճակալ է տրամադրվում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, բայց մեր ռեսուրսներն անվերջ չեն. դա միայն մահճակալներին չի վերաբերում, առաջին հերթին՝ բուժաշխատողներին: Մենք պետք է ամեն ինչ անենք հնարավորինս զսպելու առաջիկա երկու կամ երեք շաբաթների ընթացքում հիվանդության տարածումը»,-ընդգծեց նախարարն ու քաղաքացիներին հորդորեց դիմակ կրել փակ տարածքներում, քանի որ դա կարող է կյանքեր փրկել:

2021-ի հոկտեմբերի 1-ից ուժի է մեջ է մտել ՀՀ առողջապահության նախարարի հրամանը՝ ըստ որի բոլոր տնտեսավարողների աշխատակիցները 14 օրը մեկ պարտադիր ՊՇՌ թեստ պետք է հանձնեն կամ պատվաստվեն։

Այս խորագրի վերջին նյութերը