Մեկնաբանություն

16.10.2021 13:15


Ալիևը թքում է, Նիկոլն ասում է՝ անձրև է գալիս (տեսանյութ)

Ալիևը թքում է, Նիկոլն ասում է՝ անձրև է գալիս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին։ Ավելի լավ է չունենար։

Ասել, որ Նիկոլի ելույթը խայտառակություն էր, նշանակում է ոչինչ չասել։ Դա չմարդու ինքնանվաստացման ու ողորմելիության դրսևորում էր։ Դա Ալիևի առաջ ձեռքերը հերթական անգամ վեր բարձրացնելու ակցիա էր։

Ցավն այն է, որ Նիկոլը ներկայացնում է ՀՀ–ն ու իր օրին գցում մի ամբողջ երկիր։

«Արա՛, էս ի՞նչ ա ասում»

Ալիևը ԱՊՀ երկրների ղեկավարների ներկայությամբ թքում էր Նիկոլի ու մեր երկրի վրա, իսկ Նիկոլն ի պատասխան, թե բա անձրև է գալիս։ Ֆրունզիկի ասած՝ արա՛, էս ինչ ա ասում։

Ալիևը մեզ ու Իրանին մեղադրեց տարիներ շարունակ կազմակերպվող նարկոթրաֆիկի համար։ Ալիևն այս առումով անուղղակիորեն հղում էր անում Նիկոլին, ով 2018–ին Սյունիքի մարզպետ նշանակելիս հայտարարում էր, որ այդ նշանակումն Իրանից եկող նարկոթրաֆիկի դեմն առնելու և նարկոբարոնների ողնաշարը ջարդելու համար է։ Ալիևն ահա օգտվում էր Նիկոլի պասից ու Հայաստանին և Իրանին մեղադրանք ներկայացնում։ Նիկոլի ծպտունը գրեթե չլսվեց։

Ալիևը ներկայացավ ոչ թե որպես ագրեսոր ու ռազմական հանցագործ, այլ սոլիդ դիրքերից։ Նիկոլն ի պատասխան խաղաղություն էր մուրում և խոստանում Հայաստանի տարածքը տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապվելու համար։

Ալիևը մեր գերիներին անվանում էր հանցագործ դիվերսանտներ ու չէր խոստանում նրանց վերադարձ։ Նիկոլն ի պատասխան խաղաղություն էր մուրում ու հույս հայտնում, որ ականապատված տարածքների քարտեզները հանձնելուց հետո Ալիևը բարի կգտնվի ու կհանձնի գերիներին։

Ալիևն ասում էր, որ խաղաղության պայմանագիր կկնքի, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը և գնա դելիմիտացիայի։ Նիկոլն ի պատասխան խաղաղություն էր մուրում և ինքնանվաստացման ակցիա բեմադրում իր՝ Ռուսաստանում ասֆալտ փռող խոպանչու ռուսերենով և գեղցու առոգանությամբ։

Ալիևը հաթաթա էր տալիս ու խոսում ուժի դիրքերից։ Նիկոլն ի պատասխան խաղաղություն էր մուրում և խոսում «խաղաղության դարաշրջանի» մասին։

Վտանգավորն այս պատմության մեջ այն է, որ Նիկոլի այս «խաղաղասիրական» քաղաքականությունն է՛լ ավելի ագրեսիվ է դարձնում Ալիևին, բացում թուրքերի ախորժակն ու ծանրացնում առանց այն էլ ծանր Հայաստանի ու Արցախի վիճակը։

Նիկոլն իր այս կզած կեցվածքը ներկայացնում է, թե բա մեզ ամուր նյարդեր են պետք, որպեսզի առաջ տանենք «խաղաղության դարաշրջանի» գաղափարը։ Եվ դա այն դեպքում, երբ մյուս կողմը խոսում է նախապայմաններով ու է՛լ ավելի հաբռգում, երբ տեսնում է, թե ինչպես է Հայաստանը վերարտադրել կապիտուլյացիայի խորհրդանիշին, որն էլ իր հերթին չորեքթաթ վիճակում խաղաղություն է մուրում։

Նիկոլի այս կեցվածքը սպառնալիք է մեր երկրի անվտանգությանը։ Նրան հեռացնելը ազգային անվտանգության ապահովման թիվ մեկ նախապայմանն է։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը