Տնտեսական

15.10.2021 09:54


Կարտոֆիլի գինը հավասարվում է դոլարի փոխարժեքին․ «Ժողովուրդ»

Կարտոֆիլի գինը հավասարվում է դոլարի փոխարժեքին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեր հանրապետությունում կարտոֆիլի գինը կամաց-կամաց հավասարվում է դոլարի փոխարժեքին։ Այն, նախորդ տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատ, ավելի բարձր գնով է վաճառվում։

«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հարցման արդյունքում պարզեց, որ այսօր երևանյան սուպերմարկետներում կարտոֆիլի մեկ կիլոգրամի գինը 330-550 դրամի է հասնում։ Որոշ բանջարեղենային խանութներում այն տատանվում է 280-300 դրամի սահմաններում։ Նախորդ տարվա այս ամիսներին կարտոֆիլի մեկ կիլոգրամի արժեքը տատանվում էր մինչև 150 դրամի սահմաններում։ Ըստ գյուղատնտեսների՝ ձմռան ամիսներին կարտոֆիլի գինն է՛լ ավելի է բարձրանալու, նախորդ տարվա համեմատ՝ ավելի թանկ է լինելու։

Նրանց խոսքերով՝ պատճառը ոռոգման ջրի պակասն է, որի մասին գյուղացիները բարձրաձայնում էին դեռ տարեսկզբին։ Բավարար քանակությամբ ջուր չունենալու պատճառով կարտոֆիլի բերք այս տարի սպասվածից քիչ է հավաքվել, ինչի արդյունքում կարտոֆիլի գինը բարձրացել է։

Բարձր գնի պատճառով շատ գյուղացիներ կարտոֆիլի բերքահավաքը ժամանակից շուտ էին սկսել, և հենց դաշտից նրանք թանկ գնով վաճառել են։ Սակայն նկատենք, որ այս ամենից ավելի շատ օգտվում են վերավաճառողները, որոնք գյուղացիներից ցածր գնով ձեռք են բերում կարտոֆիլ ու այն ավելի թանկ վաճառում են։ Ոչ մի աշխատանք չանելով՝ նրանք ավելի շատ են եկամուտ ստանում, քան գյուղացին, որն օր ու գիշեր շոգին և ցրտին տանջվում, հող է մշակում և վերջում կոպեկներով իրացնում բերքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը