Քաղաքական

11.10.2021 20:19


«Մեր զինվորը կարկատած վրանի մեջ է քնում, բայց Կառավարությունը 35 միլիոն հատկացրեց «Վարչապետի գավաթ» կրոսավազքի համար»․ Սոթքի բնակիչ

«Մեր զինվորը կարկատած վրանի մեջ է քնում, բայց Կառավարությունը 35 միլիոն հատկացրեց «Վարչապետի գավաթ» կրոսավազքի համար»․ Սոթքի բնակիչ

Արդեն 5 ամիս է, ինչ թշնամին առաջացել և տեղակայվել է Գեղարքունիքի մարզի՝ Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի սարերում։ Այս ընթացքում բազմաթիվ միջադեպեր են գրանցվել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, ինչի հետևանքով ունեցել ենք զոհեր, վիրավորներ։ Ադրբեջանցի զինվորականները թիրախավորել են նաև խաղաղ բնակչությանը, կրակ են բացել գյուղի տների վրա, գողացել անասուններին, այրել գյուղացիների խոտհարքները։

Գյուղացիները 168.am-ի հետ զրույցներում ասում էին, որ թշնամին մայիսի 12-ից ինժեներական ակտիվ աշխատանքներ է իրականացնում, ավելի ամրանում, այսօր էլ ձմռանն է պատրաստվում։ Սոթքի բնակիչ Սևակ Խաչատրյանը, որը նաև կամավորագրվել և մայիս-հունիս ամիսներին բարձրանում էր հայրենի գյուղի դիրքերը պաշտպանելու, ցավով էր նշում, որ ի տարբերություն թշնամու, հայկական կողմը պատշաճ կերպով չի իրականացնում դիրքերի կահավորումը, զինծառայողների համար անգամ տարրական պայմաններ ստեղծված չեն․

«Որ նայում եմ մեր դիրքերին, ինձ մոտ հարց է առաջանում, թե մենք ինչի՞ն ենք պատրաստվում։ Դիմացը ձմեռ է, մենք այս սարերի վրա ինչո՞ւ ճիշտ ձևով չենք պատրաստվում, որ զինվորը ձմեռը կարողանա հանգիստ, տաք պայմաններում մեր սահմանը պահի։ Մեր կողմում էլ կան վագոն-տնակներ, այնպես չէ, որ չկան, բայց համեմատած թշնամու, մենք վատ ենք պատրաստվում։ Իրենք մայիսի 12-ից՝ ինչ եկել են, ինժեներական աշխատանքներ են անում, իրենց պայմանները շատ լավ է։ Իրենք տաքացնելու խնդիր էլ չունեն, որովհետև հետևում Քարվաճառն է՝ իր անտառներով, փայտի խնդիր չունեն, խնդիրը միայն մեր կողմում է։ Մենք ճիշտ աշխատանքը ժամանակին չենք անում, պետք է արդեն ամեն ինչ պատրաստած լինեինք, որովհետև սարի վրա -3, -4 աստիճան ցուրտ է, տեղեր կան, որ ձյունն արդեն նստել է, այսինքն՝ մենք արդեն պետք է լիարժեք ձմեռվան պատրաստ լինեինք, բայց դեռ պատրաստ չենք, բավականին ուշացել ենք, ոնց որ միշտ․․․

Կառավարության նիստերից մեկի ժամանակ 35 միլիոն հատկացրեցին «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարի համար, դա մոտավորապես 60 հատ վագոն-տնակ է անում, բայց մենք այսօր ունենք վագոն-տնակի խնդիր, զինվորը քնում է կարկատած վրանի մեջ, ու մենք նման ճոխություն ենք մեզ թույլ տալիս, չի կարող պետական պաշտոնյան դրա մասին չիմանա։ Մինչև ե՞րբ պետք է զինվորը դրա մեջ քնի․․․»։

Սոթքի բնակիչը դժգոհեց իշխանությունների աշխատանքից, ասաց՝ Սոթքում բնակչության մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին չի ընտրել, քանի որ տեսել են, որ նա ի զորու չէ անվտանգային խնդիրներ լուծել, իսկ սահմանին՝ անմիջապես թշնամու կրակոցի տակ ապրող մարդկանց համար առաջնայինը հենց անվտանգ ապրելն է, հետո նոր մնացած հարցերը։

«Այսօր էլ ենք տեսնում, որ Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ նման հարցեր կարգավորելու․․․ Ես միշտ արտագաղթող մարդկանց մեղադրում էի, բայց այսօր չեմ մեղադրում, որ երեխուն վերցնում, գնում են երկրից, որովհետև ասում են՝ ինչ-որ մի բանի վրա ռեսուրս դնեմ, մեկ էլ վաղը գան-ասեն՝ գիտե՞ս ինչ կա, սա քո տունը չի, պետք է գնաս, կամ քո հողը չէ, չպետք է մշակես։ Մարդն ուզում է աշխատի, որ իր ապագան ավելի լավ լինի, բայց պետական պաշտոնյան չի եկել ասել, որ մենք այս բաներն ենք անում, որ դուք անվտանգ ապրեք, դրա համար էլ մարդիկ դժգոհ են, չեն հասկանում՝ մյուս տարվա համար ցանքս անե՞ն, թե՞ չէ․․․ Մեր պատկերացրած ապագան և Նիկոլ Փաշինյանի խոստացած ապագան իրար հետ ընդհանրապես կապ չունեն, անորոշությունը շատ մեծ է․․․»,-ասաց Սևակ Խաչատրյանը։

Այս խորագրի վերջին նյութերը