Տնտեսական

10.10.2021 08:15


Մեկ տարում շաքարավազը թանկացել է 36,2%-ով, տեղական արտադրությունը կտրուկ նվազել է

Մեկ տարում շաքարավազը թանկացել է 36,2%-ով, տեղական արտադրությունը կտրուկ նվազել է

2020-2021 թվականներին շաքարավազի տեղական արտադրությունը կտրուկ նվազել է, ներկրումն՝ ավելի քան 36 տոկոսով աճել, մեկ տարում՝ գրեթե նույնքան թանկացել։

Հայաստանում սպառվող շաքարավազը կամ ներկրվում է, կամ արտադրվում ներկրվող հումքով։ Ինչպես ներկրումը, այնպես էլ արտադրությունը վերահսկում է նույն ընկերությունը։

2020 թվականին ՀՀ ներմուծվել է 27,6 մլն ԱՄՆ դոլարի կամ 73.9 հազ. տոննա շաքարավազ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 36.6%-ով (2019թ.՝ 20,2 մլն դոլար կամ 55.8 հազ. տոննա)։ Նախորդ տարի շաքարավազի 97.4%-ը ներկրվել է Ռուսաստանից, 2.1%-ը՝ Ուկրաինայից, ինչպես նաև աննշան քանակությամբ՝ Բելառուսից և Իտալիայից:

2020 թվականի ընթացքում շաքարավազի հումք Հայաստան ներկրվել է 11.1 մլն դոլարի կամ 30.5 հազ. տոննա ծավալով, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 9.0%-ով (2019թ.՝ 12.2 մլն դոլար կամ 35.1 հազ. տոննա)։ Շաքարավազի հումքը հիմնականում ներկրվում է Բրազիլիայից, ինչպես նաև աննշան քանակությամբ Ռուսաստանից։

Հայաստան շաքարավազ ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից, որի հետ գործում է մեկ միասնական մաքսային տարածք, և Ուկրաինայից, որի հետ Հայաստանն ունի ազատ առևտրի համաձայնագիր։ Արդյունքում՝ նշված երկրներից շաքարավազի ներկրումն ազատվում է մաքսատուրքի վճարումից։

Եթե 2019 թվականին Հայաստան շաքարավազ ներկրել է 73 ընկերություն, ապա 2020-ին շաքարավազ ներկրող ընկերությունների թիվը հասել է 83–ի, սակայն վերջինների գերակշիռ մասը կամ շուկա չեն կարողացել մտնել, կամ էլ շուկայական մասնաբաժինն այնքան փոքր է եղել, որ դրանց կարելի է չդիտարկել որպես շուկայի խաղացողներ։ Արդյունքում՝ շաքարավազի շուկան ունի կենտրոնացվածության բարձր աստիճան, քանի որ միայն 3 կազմակերպությունների բաժին է ընկնում շաքարավազի ներկրման ծավալի 80%-ից ավելին։ Թեև շաքարավազի շուկայում գործում են մեծ քանակությամբ տնտեսվարող սուբյեկտներ, այնուամենայնիվ նրանցից միայն մեկն ունի շուկայական իշխանություն, որը պատկանում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին և նրա ընտանիքի անդամներին։ Նրա իրացրած շաքարավազի մոտ 50%-ն սպառողին է հասցնում սեփական մանրածախ ցանցը, որտեղ շաքարավազը վաճառվում է ավելի էժան, իսկ մյուս ցանցերին և խանութներին մատակարարվում է ավելի բարձր գնով՝ ստեղծելով անհավասար մրցակցային պայմաններ։

Ուշագրավ է, որ 2020 թվականին Հայաստանում արտադրվել է 39.2 մլն դրամ արժողությամբ շաքարավազ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 99.7%-ով (2019թ.՝ 13.2 մլրդ դրամ)։ Արդեն 2021 թվականի հունվար – հունիս ամիսներին արտադրվել է 13.9 մլն դրամի շաքարավազ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 49.4%-ով։ Այսինքն՝ 2020-2021 թվականների ընթացքում շաքարավազի տեղական արտադրության ծավալները կրտուկ նվազել են։

2021 թվականի հուլիս և սեպտեմբեր ամսիներին շուկայում նկատվել է շաքարավազի պակասուրդ և գների բարձրացում, երբ քաղաքացիներին հրաժարվում էին վաճառել 5 կգ–ից ավելի շաքարավազ, իսկ ապրանքի գինը հատեց 400 դրամի սահմանը։

Արդյունքում 2021 թվականի օգոստոսին նախորդ տարվա համեմատ շաքարավազի շուկայում գրանցվեց 36,2% գնաճ։ Այնուամենայնիվ շուկայում ստեղծված իրավիճակից կարելի է եզրահանգել, որ հիմնական պատճառը տնային պայմաններում և գործարաններում մրգային պահածոների արտադրության սեզոնով պայմանավորված շաքարավազի նկատմամբ պահանջարկի կտրուկ աճն է, որի պարագայում ներկրող խոշոր կազմակերպությունները ստեղծել են արհեստական դեֆիցիտ։ Միաժամանակ պետք է նշել, որ խոշոր հանրախանութները կանխամտածված չփաթեթավորված «էժան» շաքարավազ չէին վաճառահանում, ինչի պատճառով մարդիկ ստիպված էին գնել փաթեթավորված թանկ շաքարավազը։

Այսպիսով՝ շաքարավազի շուկան վերահսկում է մենաշնորհ ընկերությունը, որը տիրապետելով շաքարավազի ներկրման, արտադրության և մեծածախ-մանրածախ վաճառքը, կամայական գնային քաղաքականություն է վարում՝ մեծ վնաս պատճառելով փոքր բիզնեսին և սպառողներին։

Արամ Աճեմյան

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը