Լրահոս

09.10.2021 15:07


Երկու դպրոց կանցնի հեռավար կրթության. «Ժողովուրդ»

Երկու դպրոց կանցնի հեռավար կրթության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ավագ դպրոցը և Սյունիքի մարզի Շամբիի դպրոցը պետք է անցնեն հեռավար կրթության: Պատճառը կորոնավիրուսն է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը. «Սպասում ենք, որ մեզ գրություն ուղարկեն. Շամբիի դպրոցում մեկ դասարան պետք է անցնի հեռավար կրթության, իսկ Մարտունու ավագ դպրոցը՝ ամբողջապես, բայց դեռ պաշտոնական գրություն չենք ստացել»:

Բանն այն է, որ կարգավորում կա, համաձայն որի՝ եթե դպրոցում ընդհանուր վարակվածությունը 10 տոկոսը գերազանցում է, ապա դպրոցն անցնում է հեռավար կրթության: Մյուս կողմից՝ հաշվի առնելով կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային թվերը՝ աշակերտների ծնողները հետաքրքրված են՝ հնարավոր է արդյոք առաջիկայում հանրապետության բոլոր դպրոցներն անցնեն հեռավար կրթության: Այս հարցին ի պատասխան՝ նախարարության Հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց. «Ճիշտն ասած, նման հարցի շուրջ քննարկում չի եղել: Մենք սովորում ենք արդեն Covid-19-ի հետ ապրել։ Հատկապես այն պայմաններում, որ ոչ մի տեղ սահմանափակումներ չեն կիրառվում, նպատակահարմար չէ, որ դպրոցն անցնի հեռավար կրթության: Դա արդյունավետ չէ, քանի որ դպրոցից հետո աշակերտը, ուսուցիչը այլ տեղերում առանց սահմանափակումների են շփվում»:

Մասնագետը մեզ հետ զրույցում փոխանցեց նաև, որ թվով 8 դպրոցից 2-ն ամբողջապես անցել են հեռավար կրթության, իսկ մնացածում առանձին դասարաններ են: Օրինակ՝ Շիրակի մարզի Արևիկի միջնակարգ դպրոցում երկու դասարան անցել է հեռավար կրթության, Սյունիքի Կապանի թիվ 1 դպրոցում մեկ դասարան է անցել հեռավարի: Երևանի 170 ավագ դպրոցն անցել էր հեռավարի 2 շաբաթով, բայց հիմա արդեն կանոնավոր առկա դասապրոցես է ընթանում:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը