Լրահոս

08.10.2021 16:50


Կորոնավիրուսի բուժումը 150.000 դրամից չի կարող գերազանցել, 700.000 դրամն աբսուրդ է. Լամարա Մանուկյան

Կորոնավիրուսի բուժումը 150.000 դրամից չի կարող գերազանցել, 700.000 դրամն աբսուրդ է. Լամարա Մանուկյան

Բժիշկ-թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լամարա Մանուկյանի խոսքով՝ չպատվաստվելու համար կառավարությունը, պատկան մարմինները պետք է ոչ թե մարդկանց ահաբեկեն, այլ պատվաստվելու վերաբերյալ թափանցիկ տեղեկատվություն տրամադրեն։

«Պատվաստվելուց զատ, մարդու օրգանիզմի համար ավելի բարձր իմունիտետ ապահովում է բնական իմունիտետը։ Այդ տվյալները չեն հրապարակում, որովհետև մարդիկ կարող են ընտրել վարակվելը, քան պատվաստվելը։ Եթե մենք ասենք, որ բնական իմունիտետն ավելի լուրջ է պաշտպանում կրկնավարակից, շատերը կընտրեն վարակվելը, քան թե պատվաստվելը։ Կարծում եմ՝ երկու դեպքում էլ դա մարդու ընտրությունն է, վերջապես, բացի հանրային առողջությունից, մարդ ունի սեփական առողջության հանդեպ որոշում կայացնելու իրավունք։ Ինչպե՞ս է ստացվում, որ տարբեր աղանդների ներկայացուցիչներ արյուն չեն տալիս հարազատին, ու մենք չենք կարող նրանց ստիպել, թեև սա չեմ ընդունում, բայց մենք չենք պարտադրում, չէ՞, նրանց։ Բնականաբար, պատվաստումներն ընդհանրապես համարվում են միակ պաշտպանիչ միջոցը բոլոր համավարակների դեմ, սակայն կորոնավիրուսի դեպքում պատկերն այլ է, քանի որ պատվաստանյութերը թերի հետազոտված են, չունենք լիարժեք պատկերացում պատվաստվելու արդյունավետության վերաբերյալ, այսինքն՝ թե այն ինչպես է աշխատում։ Սկզբում ասացին, որ այն կանխարգելելու է վարակելիությունը, հետո ասացին, որ չի կանխարգելելու, որովհետև մինչ հակամարմիններն արտադրվում են, մարդը կարող է վարակվել»,-168.amի հետ զրույցում ասաց Լամարա Մանուկյանը։

Նրա խոսքով, լինում են դեպքեր, երբ մարդը պատվաստվում է և հաջորդ օրը հայտնաբերում է, որ վարակվել է կորոնավիրուսով, ինչը նշանակում է, որ տվյալ մարդը պատվաստվելուց առաջ արդեն վարակված է եղել։ Նման իրավիճակներից խուսափելու համար, պատվաստվելուց առաջ նախ պետք է թեստավորվեն։

Լ․ Մանուկյանի կարծիքով՝ փողոցում դրված պատվաստման կետերում բոլորին հաստատ չեն հարցնում, թե այլ պատվաստումից ունեցե՞լ են 40 աստիճան ջերմություն, քանի որ պատվաստումների հակացուցումներում նշված է, որ սուր և քրոնիկ հիվանդությունների դեպքում հակացուցված է պատվաստումը, ինչպես նաև, եթե մարդու մոտ պատվաստումից հետո մինչև 40 աստիճան տենդ է սկսվում։ Մինչդեռ պատվաստումներից առաջ չափում են միայն մարդու ջերմությունը և ճնշումը։

«Նույն կորոնավիրուսը համարվում է սուր վարակ, այսինքն՝ մարդը, չիմանալով, որ երկու օր առաջ վարակվել է կորոնավիրուսով, պատվաստվում է, ու դրանից հետո այն ավելի սուր է արտահայտվում, քանի որ արդեն ներխուժել են իմուն համակարգ։ Հետևաբար՝ այս դեպքում վարակվելու ընթացքն ավելի ծանր են տանում, քան, եթե չպատվաստվեին։ Եթե այս տեղեկատվությունը տրամադրվի մարդկանց, այն մարդիկ, որոնք պատվաստվելուց հետո վարակվել են, իրենց հարևաններին ու բարեկամներին չէին հորդորի, որպեսզի չպատվաստվեն։ Նաև ասում ենք, որ պատվաստվելը չի կանխարգելում վարակելիությունը, այլ կանխարգելում է ծանր ընթացքն ու մահերը, այսինքն՝ 40 օր մինչև արտադրվեն հակամարմիններ, այդ մարդը կարող է վարակվել, նա 40 օր չունի պաշտպանություն։ Ես կհորդորեի, որ պատվաստվածների հանդեպ հատուկ խստացվեր հակահամաճարակային պայմանները, որպեսզի նվազեցնեին հնարավոր վարակելիությունը։ Այսինքն՝ մարդը, որը պատվաստվել է, պետք է ավելի խիստ հետևի այդ կանոններին, մինչև օրգանիզմում արտադրվեն հակամարմիններ»,-հավելեց նա։

Լամարա Մանուկյանն անդրադարձավ նաև այն հրապարակումներին, որ եթե պատվաստվելուց հրաժարված մարդիկ վարակվեն կորոնավիրուսով, ապա նրանց բուժումը պետպատվերի շրջանակներում չի լինելու և արժենալու է 700.000 դրամ և գուցե՝ ավելի։

«Ինքս 5000-ից ավելի հիվանդ եմ բուժել, այդ հիվանդներն ինձ ուղղակի դիմել են ամբուլատոր և իրենց հաշվին բուժվել են, նրանց բուժումը կազմել է մաքսիմումը 100.000 դրամ։ Խոսքը միջին ծանրության հիվանդների բուժման մասին է, այլ ոչ թե հոսպիտալիզացվածների։ Խոսքն այն հիվանդների մասին է, որոնք կարող էին լինել հիվանդանոցում, բայց ոչ վերակենդանացման բաժանմունքում, այսինքն՝ թթվածնակախյալներն էլ են մտնում իմ ասածի մեջ։ Հաշվարկը շատ պարզ է, ԿՏ-ն՝ 25.000 դրամ է, 25-30.000 դրամի անալիզներն են, թող 50.000 դրամ էլ դեղերը լինեն, թող մի 50.000 դրամ էլ ստացիոնարում գնա․ գումարը 150.000 դրամը չի կարող գերազանցել։ 700.000 դրամն աբսուրդ է։ Ավելի լավ է մարդկանց ճիշտ բացատրեն, ոչ թե ասեն՝ կփռենք ասֆալտին, այդ բառերը ճիշտ չեն, չեն աշխատելու, դրանք ըմբոստության մեծ ալիք են առաջացնելու»,-եզրափակեց Լամարա Մանուկյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատվաստումների վերաբերյալ խնդիր է դրել, պետք է կատարեն։

«Եվ հերիք է նստենք-բողոքենք. ամբողջ աշխարհում էլ այդ նույն բանը կա, ամեն տեղ մի քանի հոգի հավաքվում են՝ հակապատվաստումային շարժում են անում,-ասաց Փաշինյանը՝ օրինակ բերելով իր ընտանիքի անդամներին, որոնք՝ բացառությամբ մանկահասակ երեխաները, բոլորը պատվաստված են՝ տարբեր պատվաստանյութերով: Գնացե՛ք և ձեր դրած խնդիրները լուծե՛ք. Արդարադատության նախարարություն, Ոստիկանություն, աշխատակազմ: Երեկ թիվ եք տվել, որ 6000 մարդ է պատվաստվել: Երկրորդը՝ ԱԱԾ-ին և ոստիկանությանը՝ կեղծ պատվաստումների մասին ես էլ ահազանգ չլսեմ. ձերբակալեք, կալանավորեք: Էդ բժիշկների հանդեպ, ովքեր օգտվում են առիթից՝ չպատվաստելու մարդկանց և պատվաստանյութը փչացնելու համար, շատ խիստ միջոցներ է պետք ձեռնարկել: Ես Գլխավոր դատախազին եմ դիմում, նաև մեր քննչական մարմիններին: Կառավարությունը չի կարող գա-նստի, ասի՝ վայ, խանգարում են մեզ. ո՞վ է խանգարում, չլսե՛մ մյուս անգամ այս դահլիճում, կզեկուցեք միայն, որ խնդիրները լուծված են»,-ասել էր Ն. Փաշինյանը։

Այս խորագրի վերջին նյութերը