Քաղաքական

08.10.2021 15:58


Ինձ ավելի շատ հետաքրքրում է Փաշինյանի սադրած զանգվածային խուլիգանությունը. ՀՔԾ-ն Գեղամ Մանուկյանի մասով գործը կարճել է

Ինձ ավելի շատ հետաքրքրում է Փաշինյանի սադրած զանգվածային խուլիգանությունը. ՀՔԾ-ն Գեղամ Մանուկյանի մասով գործը կարճել է

Ազգային ժողովում օգոստոսի 25-ին տեղի ունեցած ծեծկռտուքի հետ կապված ՀՔԾ-ն կարճել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի մասով հարուցված քրեական գործը:

Գեղամ Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ երեկ են ՀՔԾ-ից իրեն հայտնել, որ գործը կարճվել է. «Չգիտեմ անգամ, թե ինչ հիմնավորմամբ են կարճել, որովհետև ինձ չէր հետաքրքրում այդ քրեական գործը: Ինձ հետաքրքրում էր մեկ բան, որ ՀՔԾ-ն երեք տարի շարունակ ծառայելով միայն Նիկոլ Փաշինյանին, հերթական անգամ խախտել էր օրենքը, և օգոստոսի 25-ին Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպած և սադրած զանգվածային խուլիգանության փաստով քրեական գործ չէր հարուցել և այդ դեպքով իրավական գնահատական չէր տվել:

Ես մեղադրել էի Նիկոլ Փաշինյանին, որ նա սադրել է ԱԺ-ում զանգվածային խուլիգանություն և դրդել քաղաքական մեծամասնությանը մասնակցել այդ խուլիգանությանը»,-ասաց նա:

Մանուկյանը նկատեց, որ տեղի է ունեցել զանգվածային խուլիգանություն և ՀՔԾ-ն, հանուն Նիկոլ Փաշինյանի, որպեսզի հետագա իրավական գործընթացներ տեղի չունենան, քրեական գործ չի հարուցել:

ՀՔԾ-ից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ գործը կարճվել հանցակազմի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին՝ Կառավարության ծրագրի քննարկուման ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ պատգամավորների միջև։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ընթացքում իշխող պատգամավորները տեղից արձագանքեցին, որից հետո հրմշտոց սկսվեց պատգամավորների միջև։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տեղից իջավ և ոտքով հարվածեց Հակոբյանին, ապա ՔՊ–ից նրան հարվածեցին նաև Հայկ Սարգսյանն ու Վահե Ղալումյանը։ Ընդ որում՝ կադրերից երևում է, թե ինչպես է Վահե Ղալումյանը հետևից հարվածում Հակոբյանին։ Ծեծկռտուքի ընթացքում վնասվածքներ են ստացել նաև ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել միայն պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծելու դրվագով։

Այս խորագրի վերջին նյութերը