Լրահոս

08.10.2021 12:59


Կրակոցներ՝ Հրազդանում. մարզպետարանի հարևանությամբ գտնվող վարսավիրանոցում տեղի է ունեցել փոխհրաձգություն․ կան վիրավորներ

Կրակոցներ՝ Հրազդանում. մարզպետարանի հարևանությամբ գտնվող վարսավիրանոցում տեղի է ունեցել փոխհրաձգություն․ կան վիրավորներ

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Հրազդան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Մորիս Ս-ն է։

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվում, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Սևանի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք են Ծաղկաձոր քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Աշոտ Կ-ն և Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Սամվել Ա-։ Սամվել Ա-ն այնուհետև «Սևան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ նշված անձինք հրազենային վնասվածքներ են ստացել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի օգոստոսի 23 փողոցում գտնվող վարսավիրանոցներից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նշված անձինք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին նրանց կյանքի համար, ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ նույն օրը, ժամը 11։50-ի սահմաններում նշված վարսավիրանոցում Աշոտ Կ-ի, Սամվել Ա-ի և Մորիս Ս-ի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Աշոտ Կ-ն իր մոտ եղած «Մակարով» տիպի ատրճանակով կրակոց է արձակել Մորիս Ս-ի ուղղությամբ, ով ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել։ Իսկ Մորիս Ս-ի եղբայրը՝ Հրազդան քաղաքի բնակիչ, 32-ամյա Ավիս Ս-ն, դեռևս անհայտ տեսակի ատրճանակից կրակոց է արձակել Աշոտ Կ-ի և Սամվել Ա-ի ուղղությամբ, ովքեր նույնպես ոտքերի հատվածում ստացել են հրազենային վնասվածքներ։

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի կրակված պարկուճներ, արնանման հետքեր, ինչպես նաև պատուհանի վնասված ապակի։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, Ավիս Ս-ին և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը