Քաղաքական

07.10.2021 08:34


Ռուսաստանը, ինչպես միշտ, փորձում է տարածաշրջանային մեծ պատերազմը կանխել. Սատանովսկի

Ռուսաստանը, ինչպես միշտ, փորձում է տարածաշրջանային մեծ պատերազմը կանխել. Սատանովսկի

Ռուսաստանը, ինչպես միշտ, փորձում է տարածաշրջանային մեծ պատերազմը կանխելը: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանում գործող Մերձավոր Արեւելքի ինստիտուտի ղեկավար, արեւելագետ Եվգենի Սատանովսկին՝ անդրադառնալով Իրանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այն հայտարարությանը, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային «3+3» ձեւաչափի ստեղծումը, որին ենթադրվում է Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի եւ հարավկովկասյան երեք պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի մասնակցությունը:

Ռուս արեւելագետի դիտարկմամբ՝ խոսքն այն փոքր պատերազմների մասին է, որոնք կարող են տեղի ունենալ տարածաշրջանում Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո:

«Որքանով կհաջողվի այդ փորձը, չեմ կարող ասել, բայց ձեւաչափը լավն է: Կհամաձայնեն այս տարբերակին Հայաստանն ու Վրաստանը, թե ոչ, կախված է այդ երկրների իշխանություններից. Թբիլիսիին եւ Երեւանին ոչ ոք ոչինչ պարտադրել այս հարցում չի կարող: Ներկա պահին ընթանում է այսպես կոչված «մեծ խաղի» երկրորդ ռաունդը՝ միայն ոչ թե Ռուսական եւ Բրիտանական կայսրությունների, այլ մի շարք տարածաշրջանային խաղացողների միջեւ. Իրանը կրկին միացել է այդ խաղին, Թուրքիան է միացել, ներկա է նաեւ Ռուսաստանը, ինչպես նաեւ՝ «խաղատախտակին» եղած հին դերակատարների մեծ մասը՝ ներառյալ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը:

Երբ վերջինները ժամանակին առանձին վերցրած խանություններ էին Ռուսական կայսրության կազմում, ամեն ինչ ավելի պարզ էր՝ զորք էր մտցվում, ոչ մեկին ոչինչ չէին հարցնում, եւ կարգ ու կանոն էր հաստատվում. եթե այն որեւէ մեկը խախտում էր, ապա նրան շատ ուժեղ նեղացնում էին, այդ պատճառով էլ բոլորը փորձում էին չխախտել այդ կարգ ու կանոնը, բայց իրավիճակն այլեւս այդպիսին չէ: Եթե այդ առաջարկն ընդունվի, բացառված չէ, որ այն նման լինի Աստանայի ձեւաչափին, որն այժմ գործում է Սիրիայի հարցում եւ կանխում է Մոսկվայի, Թեհրանի, Անկարայի եւ Դամասկոսի շահերի միջեւ լուրջ բախումը. ի վերջո, Աստանայի ձեւաչափը գործո՞ւմ է՝ գործում է: Եթե Լավրովի առաջարկը չանցնի, հավանական է, որ շատ հետաքրքիր զարգացումների ականատես լինենք՝ այդ թվում ռազմական գործողությունների, եւ բացառված չէ, որ դրանք մասշտաբային կարող են լինել»,-նկատեց Սատանովսկին:

Այդ դեպքում ի՞նչ կարգավիճակ ու առաջնահերթություն կարող է ունենալ ձեւաչափը ստեղծվելու դեպքում, եթե գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մասնակցությամբ, որը վերջին շրջանում կրկին ակտիվություն է դրսեւորում արցախյան հակամարտության բանակցային գործընթացը վերսկսելու, հակամարտող կողմերին բանակցությունների սեղան վերադարձնելու ուղղությամբ: Սատանովսկին նկատեց՝ Լավրովը խոսում է առկա իրականության եւ այն խաղացողների մասին, որոնց հետ առկա հարցերը պետք է քննարկել:

«Մինսկի խումը, որքան ես եմ հիշում, 1990-ականներին է ստեղծվել, ինչ օգուտ է այն տվել նախորդ երկուսուկես տասնամյակում՝ ոչ մի, ընդ որում՝ ոչ մեկին: Ես հասկանում եմ, որ ամերիկացիներն ու ֆրանսիացիներն ուզում են ներկա լինել տարածաշրջանում, բայց ի՞նչ օգուտ է դա տվել, օրինակ, Հայաստանին 2020 թ-ին. օգնե՞լ են արդյոք Հայաստանին՝ ես անձամբ նման բան չեմ նկատել, նրանք մեզ էին հարցնում, թե ինչ գործ ունեն թուրքերը Ադրբեջանում: Ես տեսական ձեւաչափերին մեծ թերահավատությամբ եմ վերաբերվում, նրանք վաղ թե ուշ սպառում են իրենց եւ վերանում: Իմ կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որպես ձեւաչափ, վաղուց է «մահացել», բայց դեռ փորձում է տպավորություն թողնել, թե ինչ-որ մեկին ինչ-որ բանով պետք կարող է գալ: Լավրովը խոսում է իրականության մասին՝ կան իրական խաղացողներ, որոնց հետ էլ պետք է խոսել»,-նկատեց Սատանովսկին:

Այս խորագրի վերջին նյութերը