Աշխարհ

05.10.2021 09:52


Facebook-ը հայտնել է խափանման պատճառը

Facebook-ը հայտնել է խափանման պատճառը

Facebook-ի աշխատանքի խափանումը տեղի է ունեցել գլխավոր երթուղիչների փոխդասավորվածության փոփոխությունների պատճառով, հայտնել է ընկերության ինժեներների թիմը:

«Մեր ինժեներական թիմերը պարզել են, որ գլխավոր երթուղիչների փոխդասավորվածության փոփոխությունները, որոնք պատասխանատու են մեր տվյալների մշակման կենտրոնների միջև ցանցային տրաֆիկի համակարգման համար, խնդիրների են հանգեցրել, որոնք ընդհատել են հաղորդակցությունը: Ցանցային տրաֆիկի այս խափանումը կասկադային ազդեցություն ունեցավ մեր տվյալների մշակման կենտրոնների կապի եղանակի վրա, ինչն էլ պատճառ դարձավ, որ մեր ծառայությունները դադարեցին աշխատել»,-ասված է Facebook-ի ինժեներների կայքում արված հայտարարության մեջ:

Facebook-ը նաև հայտարարել է, որ խափանումն օգտատերերի տվյալների բացահայտման չի հանգեցրել:

Ավելի վաղ Privacy Affairs ինտերնետ պարբերականը սոցցանցերում խափանումների մասին հաղորդագրությունների ֆոնին հայտնել էր, որ Facebook-ի 1.5 միլիարդ օգտատերերի տվյալները վաճառքի են հանվել սև շուկայում: Ըստ չհաստատված տեղեկությունների՝ խոսքը սոցցանցի օգտատերերի անունների, ֆիզիկական և էլ. հասցեների և հեռախոսահամարների մասին է:

«Մենք չունենք որևէ ապացույց, որ օգտատերերի տվյալները վտանգվել են խափանումների արդյունքում»,-ասվում է Facebook-ի կայքում տարածված հաղորդագրության մեջ:

Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը և ընկերությանը պատկանող մի շարք այլ հավելվածներ երկուշաբթի գրեթե յոթ ժամ անհասանելի էին օգտատերերի համար:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը